Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 95.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդկանց ծանրորեն վնասում էր, խանութների առաջ վաճառքի հանված մրգերի դեզերն էր կործանում կամ ապակիներն էր ջարդում։

Այդ բոլորից հետո՝ նրա կատաղության հևքը սկսում էր մեղմանայ, բայց հանկարծ մի կլասիկ ցինիկ նորից էր «ֆըստ» ճչում, միևնույնը կրկնվում էր ավելի դաժան և անճոռնի պատկերներով։

Կար մի աղջիկ, այլանդակ գլխով, մազերը գզգզված և կեղտոտ, փեշերը վեր քաշած, անվարտի, ճաքճքած և սևացած սրունքներով։ Կանգ էր առնում յուրաքանչյուր անցորդի առաջ, անճոռնի և դիվային ծիծաղում և փեշերն ավելի վեր քաշելով՝ ցինիկորեն ցույց էր տալիս։

Հայրս երբ տուն գար և մերժեր ճաշել, մենք բոլորս էլ իմանում էինք, որ պատահել էր այդ աղջկան։

Կար մի ուրիշ խենթ, որ ամեն օր ընտրում էր մի փողոց և այդ փողոցի մի որոշ կետից մի ուրիշ կետ անընդհատ գնում էր ու գալիս, խոր մտածմունքների մեջ ընկղմված, ձեռքերը ետին կապած, բացարձակորեն հանգիստ, երբեք ուշադրություն չդարձնելով շրջապատի բղավոցներին, միայն երբեմն կանգ էր առնում, մի կնոջ նայում, շատ թեթև և հեգնական ժպտում և ապա նորից խորասուզվում մտքերի մեջ՝ շարունակելով երթևեկը գերագույն անդորրությամբ։ Այս խենթը բնիկ չէր, ոչ ոք չէր իմ անում, թե որտեղի՛ց էր եկել, կարճահասակ էր, գիրուկ, հաստ, կլոր, կարմիր թշերով և շեկ մազերով։

Եթե նրան հաց տվող լիներ, հանգիստ կերպով ընդունում էր և կանչում էր շներին՝ փրթում էր նրանց ամբողջ հացը։ Սպասում էր, որ ուտեն, պրծնեն, ապա հոնքերը կիտում էր, խորասուզվում և սկսում քայլեր։

Շատ և բազմատեսակ էին խենթերը ու գնալով բազմանում էին։ Ոչ ոք չէր նախաձեռնում, որ հավաքեն, խնամեն։ Չէին տեսել, չէին էլ զգում։

Լավ հիշում եմ, երբ Ամերիկայից մեկը եկավ և հայտնեց, որ այնտեղ հավաքում են խենթերին ու պալատների նման տներում խնամում, բոլորը զարմացան և ասացին․