Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 97.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բառաչը, որովհետև փայտ էր, որ կոտրտվում էր դժբախտ մարդու ոսկորների վրա։

Միակ բժշկական մեթոդը, որ գոյություն ուներ այդ հի՜ն, հի՜ն երկրում։


ԺԳ

Մի ամառ, հանկարծ, մեր քաղաքում հայտնվեց մի մարդ մերկ սրունքներով, բոբիկ, գլխաբաց, աղվեսի մի մորթի հագին, որ մինչև ծնկները չէր հասնում, ձեռքին երկար, իր հասակից բարձր մի գավազան, երկաթե բարակ շղթայով թևից կախ արած մի քաշքուր, մորթը թուխ, ինչպես արաբ կամ հնդիկ, ցանցառ, բայց սիրուն, սրածայր միրուքով, ճակատին խալ, կարմիր և կրքոտ շրթունքներով։ Այս մարդը չէր խոսում, միայն ման էր գալիս և թող հավաքում իր քաշքուրով։ Շուտով լուր տարածվեց, որ աստծու հրամանով յոթ տարուց հետո այս մարդու լեզուն պիտի բացվի, և աստվածը վերջին պատգամը պիտի տա մարդկության՝ նրա բերանով։

Եթե չէր կարող խոսել, ո՞վ, որտեղի՞ց, ինչպե՞ս իմացվեց այս մարդու համրության միստերիան՝ ոչ ոք չհարցուփորձեց։

Եվ այս մարդը, որ կարծվում էր, թե եկած կլիներ հարավի երկրներից, դարձավ ընդհանուրի հարգանքի առարկա։ Նրա հարգանքն ավելի և ավելի մեծացավ, երբ տեսան, որ շահամոլ չէ, ինչ որ չէր տեղավորվում իր փոքրիկ քաշքուրի մեջ, չէր վերցնում, թեկուզ դա լիներ շատ թանկագին իր։ Այսպես, մարդիկ ստիպված էին միայն փող տալ՝ մինչև անգամ ոսկի փող։

Գիշերն երբ նա քնում էր թրքական գերեզմանոցում, մի փոքրիկ վրանի տակ, աղոտ մի լույս պլպլացնելով։ Ասում էին, որ գիշերներն աղոթում է և երբեք չի քնում։ Ցերեկը ման էր գալիս, գիշերը չէր քնում, իսկ ո՞վ էր հարց տալիս իրեն, թե ապա ինչպե՞ս է ապրում։

Յոթ տարի չպիտի խոսեր, յոթ տարի չպիտի քներ, յոթ տարի պիտի աղոթեր միայն — յոթ տարուց հետո մարդկությունը պիտի լսեր աստծո նոր խոսքը։

Ամեն օր նա բարձրանում էր քաղաքի մարմարյա մզկիթի մինարեն, ամբողջ մի ժամ աչքերը հառում էր երկնքին, ձեռքերը կրծքի վրա ծալած և գավազանը գրկած։ Ներքևում մեծ