Էջ:Կյուրեղ աղայի մահը 03.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մոռցեր էի, ամա հիմա գլխավոր չունիմ, կինե (դարձյալ) միտքս ընկավ։

Հազարխան խաթունը Կյուրեղ աղային պաղատելու մի փորձ արավ, բայց հանդիպեց նրա զազրելի, պղտոր, մթին աչքերին։

— Տեղդ ծանտր նստե, քեզ ըլ սոխախը (փողոց) կնետիմ,— սաստեց նա կնոջը։

— Պզտախպար, ոտքդ պագնիմ,— աղաչեց Հաջի Քորոն, որի քաղցածությունը իր ձայնի մեջ անգամ շեշտվում էր։

— Փարա-մարա չիկա, ես ըլ խեղճ իմ, էսօր վաղը իմ չոջուխներս ըլ որբանոց կերթան, ընծի վո՞վ տ՚իտա։

Խեղճացած, գլուխը կախ, ողորմելի զոհի նման արտասանեց Կյուրեղ աղան այս խոսքերը և սկսեց քայլել դեպի դուռը։

— Պզտախպա՛ր,— ձայնեց Հաջի Քորոն նրա ետևից պաղատագին և հուսակտուր,— քնծոր (իբր թե) պարտք չունիս, քորդ (քույր) իմ, խեղճ իմ, քանի մը ոսկի տուր ապրիմ, աստծու խոշին (դուր գալ, հաճո լինել) ըլ կուգա։

— Հա՛, ադ ուրիշ բան է, պարտք չունիմ, ամա քորս ես՝ կօգնիմ, ադ ընդունակս է, ամա ես ըլ խեղճ իմ, էսօր որ գլուխս դնիմ գետինը, օղլուշաղս վլացք տենե, որ ապրի, ունենայի՝ կուտայի, մեկի տեղը տասը կուտայի։

Կյուրեղ աղան է՛լ չսպասեց և քայլեց ներքև։

— Պզտախպա՛ր…

Ոչ մի պատասխան և ոչ մի շարժում։

— Պզտախպա՛ր, անոթի իմ, կը մեռնիմ, միածին աստծո խաթեր համար։

Լռություն։

— Պզտախպա՜ր… պզտախպա՜ր…

Կյուրեղ աղան վերջին սանդուխն էլ իջավ։

Հազարխան խաթունը բակում կտրեց ամուսնու առաջը, չոքեց և ասաց.

— Լսե՛, մեյ մը խոսքերը լսե՛…

Հազարխան խաթունը բակում, հատակի վրա, Կյուրեղ աղան ականջները տնկած սենյակի դռան, խոր լռության և սարսափի մեջ լսեցին հետևյալ խոսքերը.

«Մինչև իրիկուն զռաս, բառչես ու անանկ մեռնիս… ոսկիներդ ժամուն դուռը թափես ու աստված ձայնդ չի լսե…

— 123 —