Էջ:Կյուրեղ աղայի մահը 06.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ՝ փոքրիկ ժառանգություն թողնելով իր մեկ հատիկ որդուն և մեկ հատիկ աղջկան։ Կյուրեղ աղան մտաբերեց, ամենափոքրիկ մանրամասնություններով, թե ի՜նչ միջոցներով կարողացավ իր քրոջ՝ Հաջի Քորոյի բաժինքը չտալ։ Այն ժամանակ Հաջի Քորոն ականջ չկախեց, որովհետև նրա արհեստավոր ամուսինը տունը լավ էր պահում, կարոտ չէր, այն ժամանակ Հաջի Քորոն արդեն տասն և վեց տարեկան տղա ուներ, կը մեծանար, բաբաիգիթ (կտրիճ) կը դառնար, մտածում էր Հաջի Քորոն, կապրեցներ իրեն, եթե մինչև անգամ ամուսինն էլ չլիներ, բայց մեռավ ամուսինը, մեռավ և նրա որդին, այժմ պառաված, մենակ և աղքատացած, չունենալով ոչ մի հույս ապրելու, եկել էր իր ոտը։

Անցյալի այս մտաբերությունը, սակայն ոչնչով չփափկացրեց Կյուրեղ աղայի սիրտը և մտքում կրկնեց․

— Չպիտի տամ, զխքումս թո՛ղ առնե։

Կյուրեղ աղան դանդաղ քայլերով շարունակեց ճանապարհը դեպի խանութ։ Ճանապարհին որքան որ ջանաց մոռանալ կես ժամ առաջ տանը պատահած դեպքը, չկարողացավ։

Պարզ, ծանր և ուժգին բախումի նման՝ նրա հոգու դռանը զարնվում էին Հաջի Քորոյի խոսքերը՝ «Ծակծկիս ու անանկ տախտակին վրա ելլես»։

Հանդիպեց ծանոթների։

— Բարի լո՛ս։

— Բարի լո՛ս, Կյուրեղ աղա, ինտո՞ր ես։

— Շա՜տ աղեկ,— պատասխանեց Կյուրեղ աղան սովորականից ավելի բարձր և զվարթ տոնով, բայց ոչ միայն հետը խոսողին, այլև իրեն անգամ կեղծ թվաց այդ բարձր և զվարթ տոնը։

— Դատդ ի՞նչ եղավ,— հարցրեց Կյուրեղ աղան։

— Է՜հ, կերանք՝ գնաց,— պատասխանեց Սահակ աղան։

Կյուրեղ աղան գիտեր դատի էությունը։ Որքան որ դիմացինը հեշտությամբ, առանց խղճի ծանրության, թեթև սրտով ասաց թե՝ կերանք գնաց, Կյուրեղ աղան ինքը չկարողացավ հեշտությամբ և թեթևությամբ անդրադառնալ այդ հարցին, որովհետև այդ իսկ պահին նրա հոգու դռանն ավելի պարզ, ավելի ծանր և ուժգին զարնվեց Հաջի Քորոյի խոսքը՝ «Ծակծկիս ու անանկ տախտակին վրա ելլես…»։

— 126 —