Էջ:Կյուրեղ աղայի մահը 09.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Հաճախորդը, արդեն միայն նրա դեմքը տեսնելով, սարսափեց և շարունակեց ճանապարհը դեպի կողքի խանութը։

Կյուրեղ աղան, դեպի իր սեղանը քայլելիս, անցավ մեծ հայելու առաջից և, ըստ սովորության, նայեց մեջը։ Նայելիս մի ուրիշ տեսակ սարսափ պատեց նրան։ Ընդոստ ետև դարձավ։ Ոչ ոք չկար ետևում։ Նա համոզված էր, որ խանութում մի անծանոթ մարդ կա, եթե ոչ՝ ո՛վ էր այն մարդը, որին նա տեսավ հայելու մեջ։

Նորից նայեց։ Էլի՛։

Արդյոք ի՞նքն էր։ Ո՛չ, բայց հագուստն իր հագուստն էր— ժամացույցի շղթան, մետաքսյա ծաղկավոր ժիլեն, գծավոր շապիկը, ձեռին փոշու ջնջոցը՝ բոլորն իրենն էին, բայց այդ ո՞ւմ դեմքն էր, ո՞ւմ գլուխը, որ եկել էր և խառնվելով իր հագուստներին, տնկվել էր ուսերի վրա։

Փորձեց ծիծաղել։ Այլանդակ մի դեմք։

Շտապով հասավ իր սեղանը, ջնջոցը նետեց, գլուխն առավ ձեռքերի մեջ, արմուկները հենեց սեղանին։

Ամբողջ մարմնով դողում էր։ Փակեց աչքերը և լսեց այս անգամ մի ուրիշ ձայն. «Կյուրե՛ղ, օղլո՛ւմ, Հաջի Քորոյիդ աղե՛կ նայիր, քո՛րդ է, յավրո՜ւմ․․․»։

Հորը ձայնն էր, այնքան մոտիկ, այնքան իրական և կենդանի…

Կյուրեղ աղան ոտի կանգնեց։ Հակառակ գարնանավերջի օրերին՝ մրսում էր, օձիքը դարձրեց և փակեց կուրծքը։

— Բարի լո՜ս, Կյուրեղ աղա,— ներս ընկնելով ասաց հարևան խանութպանը։

Կյուրեղ աղան չպատասխանեց։ Նա կծկվել էր ժակետի մեջ և դողում էր։

— Ի՞նչ կա, ի՞նչ չիկա,— շարունակեց հարևան խանութպանը։

Կյուրեղ աղան այս անգամ ուզեց խոսել, բայց երբ փորձեց բերանը բանալ, ատամները կափկափեցին։ Թողեց օձիքը և բռնեց ծնոտը։ Ատամները, կանոնավոր ռիթմով, խփվում էին իրար և չխկչխկում։

— Ամա՜ն, Կյուրեղ աղա, ի՞նչ կըլլիս։

— Դոողցուուուցիիի… — հազիվ կարողացավ արտասանել Կյուրեղ աղան։

— 129 —