Էջ:Կյուրեղ աղայի մահը 15.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



— Քա՜, տերտերի՞ն ըլ խաբեցիր։

— Ա՛լ մի հարցներ, ա՛լ մի հարցներ, մեղքերս շատ են, շա՜տ են, շա՜տ են…

Հազարխան խաթունը հարյուր ոսկի համրեց և լցրեց գոգնոցին գրպանը։

Սրբունը վերադարձավ։

— Տարի՞ր։

— Տարա։

— Ի՞նչ ըսավ։

— Ըսավ քի՝ սատկելը եկեր է, որ փարան ղրկեց,― ասաց Սրբունը։

— Վո՞վ ըսավ։

— Կնիկը։

— Վա՜յ, փաչավըռա (կեղտոտ ցնցոտի, ջնջոց), վա՜յ…

Հազարխան խաթունը մտածեց, որ այդ բոլորը դատարկ բաներ են, զուր տեղը բոլոր դրամները պիտի գնան, եթե Հաջի Քորոն գա, անեծքը ետ վերցնի, ամեն ինչ լավ կը լինի, ուստի առաջարկեց ամուսնուն․

— Սրբունը թող երթա, նորեն Հաջի Քորոն կանչե, աստված էնոր ձայնը կը լսե։

— Թո՛ղ երթա, թո՛ղ երթա, թող ըսե՝ ես քեզ մեղա՜…

Սրբունը թռա՜վ։

Մի պահ հանգստություն տիրեց. Հազարխան խաթունը վայրկենական աշխուժացավ, վազեց, փոքրիկ մանկան գրկեց և բերեց ամուսնու առաջը։

— Տե՛ս, Գ՛րիգորը, տե ս, հովացի՛ր։

— Հա՛, Գրիգոր, յավրում, գիտե՞ս, պապդ գող է։

— Էդպես բաներ մ՚ ըսեր չոջուխին։

— Թո՛ղ գիտենա։ Ազգի՛, ես պզտիկ գող չիմ, մենծ գող իմ, մեն՜ծ։

Հանկարծ Կյուրեղ աղան վեր թռավ։ Հազարխան խաթունը երեխային փախցրեց։ Կյուրեղ աղան ոչ մարդկային մի ձայն արձակեց և սկսեց բղավել.

— Տե՛ս, տե՛ս, տե՜ս…

— Վո՞վ է, վո՞վ է։

— Պապս է, մեռած օրվան պես, Հաջի Քորոն գրկած՝ ներս բերեց։