Էջ:Կյուրեղ աղայի մահը 17.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Կյուրեղ աղան սկսեց բառաչել։ Հարևանները սարսափեցին։

— Պարո՛ն Թորոս, փարայիդ կեսը Սարգիս աղային քովն է, բոլորը ես չի կերա, ես քեզ մեղա՜…

Պարոն Թորոսը մի քանի տարի առաջ թաղային վարժարանում ուսուցիչ էր եղել, չորս ամիս հիվանդ էր պառկել, դպոց չէր հաճախել, և Կյուրեղ աղան և Սարգիս աղան, իբրև թաղային վարժարանի հոգաբարձուներ, որոշել էին ամսականները չտալ և իրենց մեջ բաժանել։

— Տե՛ս, տե՛ս ի՞նչ կընե, բերանը կը ծռմռտե, պարո՛ն Թորոս, ոտքդ պագնիմ, փարադ տամ՝ գնա՛…— աղաչում էր Կյուրեղ աղան։

Բայց, ըստ երևույթին, պարոն Թորոսը չէր հեռանում, կանգնել էր Կյուրեղ աղայի դիմացը և, բերանը ծամածռելով, ծաղր էր գցում նրան։ Կյուրեղ աղայի երևակայությունը բոցավառվել էր, նրա հիշողության ամենամութ ծալքերի տակից բարձրանում էին դեմքեր, որոնց վաղուց մոռացել էր, բայց ահա բոլորն էլ կենդանի, այնպես, ինչպես իրականության մեջ, ներս էին մտնում, գալիս, համառորեն, անդրդվելի և սառած ցցվում էին նրա մտքի էկրանի առաջ։

Սրբունը նորից ետ եկավ, բայց այս անգամ չմոտեցավ հորը, կանգնեց պատի տակ և խուսափեց որևէ բան ասելուց։

Կյուրեղ աղան, սակայն, տեսավ նրան։

— Աղջի՛, Սրբո՛ւն, քովս եկո։

Սրբունը վախվխելով մոտեցավ։

— Գացի՞ր Հաջի Քորոյենց։

— Գացի։

— Ի՞նչ ըսավ։

— Ըսավ՝ չեմ գար։

— Չէ՛, սուտ կը խոսիս, շիտակն ըսե՛։

Սրբունը խրատվել էր և համառեց,

— Ըսավ՝ չեմ գար։

Կյուրեղ աղան այս անգամ այնպես բղավեց, որ բոլորն էլ ցնցվեցին։

— Շիտակն ըսե՛, շա՛ն աղջիկ։

Հազարխան խաթունը գրկեց Սրբունին, շոյեց և ասաց,

— Ըսե՛, ըսե՛, զարար (վնաս) չունի, ըսե՛։