Էջ:Կյուրեղ աղայի մահը 19.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



— Ես իմ ձեռքովը կուտամ, քսան ոսկու տեղ՝ քառսուն ոսկի կուտամ, առ ու գնա՛…

Ներկաներն ահաբեկվեցին։

Կյուրեղ աղան խոսում էր ինչ որ դեմը կեցած մի կենդանի մարդու հետ, որին, իհարկե, ո՛չ ոք չէր տեսնում։

— Ավետիս էֆենդի, քովս եկո՛,— խնդրեց Կյուրեղ աղան։

Ավետիս էֆենդին մոտեցավ և նստեց Կյուրեղ աղայի անկողնի պռնկին։

— Ավետիս էֆենդի,— սկսեց Կյուրեղ աղան,— աջալս մոտիկցեր է, տի սատկիմ, աս գիշեր չեմ հաներ, ինչ որ ըրեր իմ, ես պատմիմ, դուն լսե, բալքի ըսելով մեղքերս թեթևնան։

Կարճ լռություն։

— Եբոր պապս մեռավ,— վերսկսեց Կյուրեղ աղան,— միրասը (ունեցվածքը, ժառանգությունը) բաժնեցինք, Հաջի Քորոյին քառսուն երկու ոսկի ընկավ, էդ փարան, շիտակը՝ չտվի։ Ըսե ինչո՞ւ։

— Ինչո՞ւ, Կյուրեղ աղա։

— Էֆենդիմ, պապս Հաջի Քորոյիս մատնի էր տվեր, մահմուդի էր տվեր, ի՞նչ գիտեմ, շատ բաներ էր տվեր, ըսի քի՝ էդ առածներըդ բեր, միրասին մեջ խառնենք, էնպես բաժնենք, էս աղջիկը քի՝ չէ, չէ ու չէ, ես էլ ինադ ընկա, էդպես մնաց, նե ինքն ուզեց վերջը, նե ես ըլ տվի, հիմա եկեր է, քի՝ տո՛ւր, չտվի։ Անիծե՜ց… անիծե՜ց… ամա ինչպե՜ս անիծեց…

Կյուրեղ աղայի աչքերը նորից սարսափ զգեցան անեծքի հիշողությունից, նրա ականջին պարզ, որոշակի հնչեց պառավի ձայնը՝ «Ծակծկվիս ու անանկ տախտակին վրա ելլես»։

— Շիտակն ըսիմ, Կյուրեղ աղա,— համարձակվեց Ավետիս էֆենդին,—- ինչ որ պապդ իր ողջությանն աղջկան տվեր էր, միրասին մեջ չի մտնի։

— Շիտակն ես, ատոր համար է, որ հիմա կը վառիմ…

Ապա Կյուրեղ աղան շարունակեց պատմել իր արածները խորագույն անկեղծությամբ— կողոպտել էր ամեն տեսակի մարդկանց, անօգնական, կռնակ չունեցող մարդկանց, անխղճորեն, առանց մի վայրկյան իրեն հաշիվ տալու, պլոկել էր որբերի, այրիների, ծերունիների, չէր պատահել մի մշակ, որի հախը կերած չլիներ։