Էջ:Կյուրեղ աղայի մահը 26.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոգնած և ուժասպառ օրվա սարսափից, նստեց Կյուրեղ աղայի անկողնի ծայրին, գլուխը թեքեց վերմակի վրա մի քիչ հանգստանալու, քնել էր։

Գրեթե մի անգամ միայն աչքը բաց արավ գիշերը, այն էլ կես քուն կես արթուն, ոչ մի ձայն չկար։ Կյուրեղ աղան էլ խաղաղ և հանգստավետ քնում էր։

— Փա՜ռք քեզ, աստվա՛ծ,— շշնջաց Հազարխան խաթունը և էլի գլուխը կռացրեց և քնեց։

Արևածագի հետ միասին Հազարխան խաթունը աչքերը բաց արավ։ Ուսերը փայտացել էին, կարծես մի քիչ մրսել էր, ամբողջ գիշերը քնել էր առանց վրան ծածկելու, բայց չդժգոհեց. Կյուրեղ աղան հանգիստ և անխռով քնում էր։

— Չար սատանան էր, անցավ, Տե՜ր, ա՛լ չհիշես,— մրթմրթաց Հազարխան խաթունը և ոտների մատների վրա կոխելով դուրս եկավ, յազման քաշած գլխին, գնալու քրոջ մոտ և երեխաներին բերելու։

Քույրը ոչինչ չէր իմացել, միայն Սրբունն ասել էր՝ «Պապս հիվանդցավ, մըզի քու քովդ ղրկեց»։

Հազարխան խաթունը մանրամասն պատմեց, թե ինչ էր պատահել։

— Փա՜ռք աստուծո, հիմա հանգիստ կը քնանա,— վերջացրեց նա։

— Քա՜, ի՞նչ կըսես, հանգիստ կը քնանա, հըլե գնանք տեսնանք…— տարակուսանքով բացականչեց քույրը։

— Քա՜, սիրտս վախ մի ձգեր։

— Քա՜, գնա՛նք, մեյ մը տեսնամ փեսաս,— սրտնեղեց քույրը։

Երեխաների հետ միասին՝ երկու քույրերը վերադարձան տուն։ Քույրը մեկը երկու չարավ, մոտեցավ Կյուրեղ աղայի անկողնին և քաշեց վերմակը։

— Կը քնանա, հա՛, աղեկ կը քնանա, հուր հավիտյան կը քնանա,— ասաց քույրը։

— Քա՜, ի՞նչ կըսես, հըլե թո՛ղ։

Ինքը, Հազարխանը, մոտեցավ անկողնին և սկսեց կանչել.

— Կյուրեղ աղա՜, քա՜, Կյուրեղ աղա՜…

Ոչ մի ձայն։