Էջ:Կորսված արդարություն 1.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի անգամ Արդարությունն անհետացավ հանկարծ։

Ասենք, նա հաճախ էր կորսվում։

Խուսափելով իրեն ծյուրող, պատնիպատ խփող, լլկող անձերից, հաճախ նա փախչում էր լեռները, պահվում աշխարհիս հեռավոր անկյուններում։ Բայց ամեն անգամ, այսպես կամ այնպես, հաջողվում էր նրան գտնել, բռնել, վանդակի կամ սնդուկի մեջ դնել, ուզածին պես գործածել․․․ չարչարել։

Այս անգամ սակայն, չգիտեմ ի՞նչ հնարքով, Արդարությանը հաջողվեց լավ անհետանալ․ այնպես լավ թաքնվեց, որ մարդիկ աղոթքով, եզվիտությամբ, ուժով կամ ոսկով իսկ անկարող եղան նրան գտնելու։

Սկսեց մեծ իրարանցում։ Առանց Արդարության դժվար էր ապրել, մանավանդ որ նրա անհետանալովը, բազմանում էին մարդկության «օգտակար» շա՛տ հաստատություններ և շատ աղտոտություններ, որպիսիք են՝ կեղծավորություն, անիրավություն, խաբեություն, արյունհեղություն և այդպիսի շատ այլ «թյուն»-ներ, որոնց այնքան լավ դիմակավորում էր Արդարությունը։

Եվ ահա Արդարությանը փնտրելու ելավ նախ մի պատերազմիկ-ազնվական։ Շատ զորք ժողովեց, վաշտ ու գունդ կազմեց և երդվեց, որ Արդարությունը ո՛ր ծակը մտած լիներ, պիտի հաներ, ձեռքն ու ոտը կապած՝ պիտի մեջտեղ բերեր։

Այդ պատճառով իսկ, ոտնակոխ տալով նա գյուղ ու քաղաք, արյուն սփռելով դաշտ ու ձոր, ջարդեց, սրամաշ արավ