Էջ:Կորսված արդարություն 4.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ե՛կ, Արդարություն,— կանչեց Բողոքը,— ես ծնվել եմ և իմ ձայնը թո՛ղ քեզ համար կշեռք ու սուր դառնա․ ե՛կ, Արդարություն․․․

Բայց Արդարությունն անշարժ ու տխուր նայեց նրան, նայեց թշվառին և ասաց․

— Դեռ ո՛չ․․․ դեռ դու փոքր ես․ գնա, քայլի՛ր, կուտակի՛ր արցունք, կուտակի՛ր վշտեր, մեծացիր, որպես օվկիան, կատաղի՛ր որպես հեղեղատ և այն ժամանա՛կ միայն ես կգամ իմ սրով և իմ կշիռով․․․

Ապա ամպը սահեց, և Արդարությունը նորից անհետացավ իր անմատչելի բարձրության մեջ․․․




Այդ օրվանից ահա՝ պատերազմիկ զորեղն արյունի մեջն է որոնում Արդարությունը, հարուստը՝ ոսկու, և թշվառը, նստած իր վշտերի մոտ, արցունքներով մեծացնում է Բողոքին, որ նա վերակոչե աշխարհում՝ կորսված Արդարությունը․․․