Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պետականության սկզբունքով տոգորված այդ դեկլարացիան ինքնին արդեն վճռում է ազգի քաղաքական պատկերի պրոբլեմը և մենք կարող ենք ասել, որ այսուհետև հայ ժողովրդի մեջ այլևս գոյություն չեն ունենա այն կասկածն ու կամքի թուլությունը, որ նկատվում էին ավտոնոմիա պահանջելու հարցում:

Սակայն մենք միաժամանակ պետք է անպատճառ մատնանշենք այն ստրկական հոգեբանությունը, որ չեն կարողացել ազատվել նույնիսկ այն անձինք, որոնք հպարտությամբ խոստովանում են, թե հայերը մի հեղինակավոր պետական երևույթ են-ներկայացնում: Ն. Աղբալյանն էր հայերին պետական ազգ հայտարարելու հեղինակը, մի ճառախոս, որի յուրաքանչյուր խոսքը ոգևորություն էր պատճառում խորհրդաժողովի ահագին մեծամասնության: Այդ պարոնը հետևյալ ողորմելի կարծիքն է հայտնում. «Մեզ հարկավոր է այնպիսի մի տարը, որը հաշտեցնող դեր է կատարում տեղական ժողովուրդների համար: Այդպիսի չեզոք տարր կազմում են ռուսները Կովկասում»:

Չենք կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է, որ ազգային հողի վրա կանգնած և հեղինակավոր դրդապատճառներ հայտարարող մի հասարակական գործիչ անընդունակ է հանդիսանում վերջնականապես ոտքի վրա պինդ կանգնելու և ազգի ուժն ու բարօրությունը արտպքին «չեզոք» ուժերի մեջ է տեսնում: Ցավալի է, լսել այդպիսի մի կարծիք, քանի որ դրա նման դատողություն մենք չենք տեսել ոչ ուկրաինացիների, ոչ բելոռուսների, ոչ լիտվացիների, ոչ մահմեդականների համագումարներում և ոչ էլ ուրիշ որևէ տեղ: Այդօրինակ հայտարարությունն անարգական է հենց ազգի պատվի և իրավունքի համար, որովհետև յուրաքանչյուր ազգի համար քաղաքական ձևեր պետք է որոնել հենց իրա ազգի մեջ, իսկ որևէ տարրի չեզոքացումն ու մեկուսացումը պետք է կատարվի քաղաքական-ազգային հավասարության սկզբունքի և ոչ մի ուրիշ մոտիվի համեմատ, որովհետև ամեն մի ազգ հեղինակավոր կազմակերպություն է սեփական շահերով օժտված:

Մենք ցավալի երևույթ ենք միայն համարում այն հանգամանքը, որ Աղբալյանի տարօրինակ կարծիքները հափշտակող ոգևորություն էին պատճառում խորհրդաժողովին: Դա հետևանք է այն իդեոլոգիայի, որ Ալ. Ի. Խատիսյանն էր արծարծում Վրաստանում: Մենք այստեղ աչքի առաջ ունեինք քաղաքական սերվելիգմը (ստրկահոգությունը): Մյուս բոլոր հանգամանքները, որ մի կողմ թողնենք, հենց միմիայն հեղափոխական ժամանակամիջոցը բավական էր հասկանալու համար, որ ռուսները ոչ մի տեղ ոչ մի չեզոք ուժ չեն ներկայացնում և որ նրանք ազգային հարցերում Կովկասումն էլ նույն սառնասրտությունն ու հին քաղաքական խստությունն են պահպանում»:

«Հորիզոն», 12.17.1917:

N 66

«Մշակը» Ազգային համախորհրդակցության երեք

նիստերի արդյունքների մասին

14 հոկտեմբերի 1917

Այս երեք նիստերում ժողովն ամբողջովին զբաղվեց Թիֆլիսի «Ազգային» բյուրոյի քաղաքական գործունեության և նրա ռուսական հին րեժիմի կառավարության հետ ունեցած հարաբերությունների ու կամավորական շարժման խնդրով:

Խոսքը վերաբերում է հոկտեմբերի 11-ի և 12-ի 15, 16 ու 17-րդ նիստերին: