Էջ:Հաճի Մարկոս աղա 02.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գաղափարը, մանավանդ որ հարսի և կեսրոջ հարաբերությունները լավ չէին։

Հաճի Մարկոս աղա կը ներկայացներ Խարբերդի հին դասը իր բոլոր ուժեղ ավանդույթներով, որուն համար կինը ուրիշ բան մը չէր, եթե ոչ պագնելու կոշիկ մը, կոշիկի մը հետ վարվելու մտահոգությամբ մը միայն երջանկացած։

Հարսը՝ Աղավնին, պետք էր արթննար առտվան արևածագին, խոշոր, խանի պես տունը պիտի մաքրեր, կովը կթեր, լվացքը ըներ, կերակուրը պատրաստեր, իրիկունը օղին և իր բոլոր շքեղությունները պատրաստեր, նույնիսկ մտահոգված պիտի ըլլար իր կեսրոջ՝ Աննա Խաթունին քթախոտի մասին մտածել։

Այս բոլորեն հետո տակավին ժամանակ պիտի գտներ իր զավկին հոգ տանելու, հյուրերուն հսկելու, անկողինները փռելու իրիկվան և ծալլելու և տեղը շարելու առավոտուն և տակավին ուրիշ ինչ անակնկալներ։

Ապա և հարսը իրավունք չուներ հիվանդանալու։ Եթե պատահեր, որ Աղավնին այսպիսի օրինազանցություն մը գործեր՝ Հաճի Մարկոս կսկսեր իր կոպտության կլասիկ խաղը խաղալ խեղճ հարսին վրա։

— Չամչնար, շնթռկեր պառկեր է, առանց մտածելու, որ տունը ոտքի ելեր և կերթա, անամ՛ոթ քեզի։

— Հարսը շիտակ հիվանդ է, պապա,— կը մլավեր Մեսրոպը, բայց Հաճի Մարկոս ավելի ձայնը կը բարձրացներ, որպեսզի հասկցներ նաև դրացիներուն, որ հարսը պառկեր է ծուլության համար։

Աղավնիի կեսուրը, սակայն, միամիտ և բարի կին մըն էր, կը մոտենար հարսնուկի սնարին, պետք եղած հոգը կը տաներ թե՛ իր զավկի սիրույն և թե՛ վերջապես «էլին աջխինը» պետք էր քիչ մը հոգատարություն գտներ իր մոտ։

Բայց այս բոլորը Հաճի Մարկոսեն գաղտնի, որպեսզի պատճառ չըլլար, որ այդ հրեշ-մարդուն դևերը շարժեին, երևան գային ավելի դժնդակ և այլանդակ ձևերով տանը մեջ։

Երբեմն տան մութ անկյուններուն մեջ մեծ տղան և մայրը իրարու դերդ կուլային և կը մխիթարվեին։

— Օղուլ, ես 35 տարի է կը քաշիմ, որ չի մեռա, Աստված