Էջ:Հաճի Մարկոս աղա 03.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նայեցավ իմ զավակներուս երեսը, որ որբ չի մնան, եթե ոչ քաշվելիք բան չէ, համբերէ՛, համբերե՛։

— Համբերեմ, լավ, այա,[1] բայց մինչև ե՞րբ, օր մըն ալ համբերանքս կը հատնի և ալ այնտեղ Աստված գործ չունի։

Մեսրոպի համբերանքը չէր հատներ, սակայն, միայն իր մոր առջև տղամարդու հոխորտանքներ էր, որ ցույց կուտար։ Երբոր հորը առջև կը կենար, Մեսրոպ կը նմաներ ճիշտ բռնված մուկի մը, որ միայն կը մտածե ծակ մը մտնել և իր օձիքը ազատել, առանց կարենալ ազատության և անկախության ճիգ մը փորձելու։

Իսկ խեղճ հարսնուկը իր ամուսինին մուկութենեն ավելի հուսահատված՝ միշտ կճգներ ավելի ցածր քաշել և տեղի չտալ նոր և ավելի տգեղ բարդություններու։

Բայց երբեմն, և երբեմն միայն կը փորձեր իր ամուսինը հրավիրել քիչ մը անկախության։

— Ա՛յ մարդ, երբեք շնորհք չունիս, քիչ մը ձայնդ բարձրացուր։

Բայց Մեսրոպի մեջ մեռած էր ըմբոստության որևէ փոքրիկ կայծ։

Շատ անգամ հարսը կը դիմեր իր տագրերուն, որոնք շատ կը համակրեին անոր, բայց անոնց խոսք չէր իյնար։ Գավառի մեջ ամոթ էր, որ տագրը իր եղբոր կնոջ պաշտպանության համար մեջտեղ նետվեր։ Եթե երբեք ուզեին ալ նետվիլ՝ Մեսրոպը հանգիստ լեզվով մը կը հանգստացներ զիրենք։

Աղավնին կը մտածեր իր զավակին վրա միայն, անիկա պիտի մեծնար և զինքը սլաշտպաներ։

Օրորոցին քով նստած Աղավնին երգեր կը հյուսեր և արցունքներու մեջ օրորոցը կօրրեր և կերգեր.

Դուն ես իմ ճարը,
Դուն ես իմ յարը
Աշխարհքիս մեջ՝
Դուն ես իմ սարը։

Հաճի Մարկոս իր տան հարստությունը ամբողջովին կորսնցնելե ետք՝ երբեք չի մտածեր տան վերկազմության մասին։ Կամաց-կամաց ամենաետին կալվածներն ալ ծախեց

  1. Գավառի մեջ շատ մը տուներ իրենց մորը այա կը կոչեն։