Էջ:Հաճի Մարկոս աղա 14.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրած մեկ նամակի մեջ փոքրիկ ակնարկություն մը կար, որ խորունկ մտահոգության պատճառ դարձավ Մեսրոպի համար։ Պոզիկը կը գրեր, որ մեկ քանի կարևոր բաներ կան, բայց սիրտդ չնեղացնելու համար չեմ ուզեր գրել։

Ի՞նչ բան կար, որ սիրտի նեղություն պիտի պատճառեր և չէր ուզեր գրել իր նամակին մեջ։

Այդ բանը ուրիշ բան չէր կրնար ըլլալ, եթե ոչ իր կնոջ և հոր հարաբերությունները, որ երթալով կրնային ավելի վատանալ,— կը մտածեր երբեմն ինքնիրենը,— բայց երբեմն ալ, շատ միամտորեն, կը կարծեր, որ իր գալեն հետո անպայման ավելի լավ հարաբերություններ ստեղծված կրնային ըլլալ։

Մեսրոպ արդեն խորհելու շատ ժամանակ չուներ։ Իրիկունները տուն գալուն պես ստիպված էր իր ընթրիքին հոգը տանիլ և ապա պառկիլ և պառկելուն պես ալ քնանալ, առանց շարժելու ամբողջ գիշերը, որովհետև չափազանց հոգնած կըլլար և առավոտ կանուխ, գործարանի փողին հետ, պիտի ցատկեր վեր և վազեր գործարան։


Զ

Իրիկունը Աղավնին սկսավ տաքություն ունենալ, գլուխը ահռելիորեն կը ցավեր, կարծես պիտի ճաթեր։

Կեսուրը չի համարձակեցավ երթալ հարսի ննջասենյակը և հոգատարության ընել, իսկ Հաջի Մարկոս աղան համարձակեցավ մեկ-երկու անգամ՝ մտնել Աղավնիի ննջասենյակը և անասունի նման պոռալ։

— Սուտ-մուտ բաներ չուզեր, վաղը կելլաս տանը գործերուն կը նայիս։

Բայց Աղավնին լսելու անգամ կարողություն չուներ, տաքության մեջ կը զառանցեր։ Կեսգիշերին սկսավ ճիչեր արձակել, փոքրիկ մանուկը սկսավ լալ և աղաղակել։ Արյունը սկսած էր քակվիլ և վիժած էր, բայց մեկը չիկար, որ երթար իրքով և մտածեր բժիշկ բերելու մասին։ Երբ գիշերվան կիսուն հարսի ճիչերը ավելի բարձրացան և փոքրիկի ձայնը բոլորովին քաշվեցավ պոռալեն՝ Հաճի Մարկոս աղան վեր բարձրացավ անկողինեն, շապիկով-վարտիքով, վարտիկին փաչաներուն թելերը կախված վիճակին մեջ գնաց Աղավնիին ննջասենյակը