Էջ:Հաճի Մարկոս աղա 16.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խեղճ Աննա խաթուն այնպիսի աղաղակ մը փրցուց, որ այս անգամ Հովհաննեսն ալ իր խոր քունեն արթնցավ և վազեց դուրս, բայց առաջին անգամ անկարող եղավ կացությունը ըմբռնել։ Հաճի աղա և Պողիկ իրար հրմշտելով եկան և զարնվեցան Աննա խաթունին և ձեռքին բռնած ճրագը կոտրելով ինքզինքնին գտան մթության մեջ։ Աննա խաթուն հազիվ կրցավ հասկցնել Հովհաննեսին եղելությունը, որ վազեց խոհանոցը և ուրիշ ճրագ մը բերավ ազատելու համար հայրը Պողիկի տակեն։ Պողիկ հաջողած էր իր հայրը տակը առնել և ահավոր բարկութենեն ինքզինքը կորսնցուցած՝ կը ջանար խեղդել հայրը։

Հովհաննես հաջողեցավ բաժանել հայր ու որդի, քաշել-բերել հայրը իր սենյակը, մինչ Պողիկ իր բարկութենեն ինքզինքը կուտեր։ Հովհաննես, հայրը ներս բերելեն ետքը, տեսավ, որ հորը ճակատը և բերանը արյուներ էին, սաստիկ կը հևար, գերագույն ջղայնության մեջ՝ անկարող էր խոսելու։

Աննա խաթուն հազիվ կրցավ իր հոգեկան ուժը պահել և լավ պատեհություն համարելով՝ մտավ հարսի սենյակը և ականատես եղավ սարսափելի իրականության մը։ Խեղճ, որբ աղջկան ամբողջ անկողինը արյունի մեջ թաթախված էր, երեխան մարեր ինկեր էր, իսկ Աղավնին տակավին անզգայության մեջ կը ճչար և կը զառանցեր։

Դուրսի եղելութևնեն երբեք լուր ունեցած չէր, չէր իմացեր, որ գտնված է մարդ մը, ջահիլ մարդ մը, որ իր պաշտպանության համար մղված է մինչև ոճրագործության։

Խեղճ հարսնուկը կարոտ էր մնացել այդ տան մեջ առնական կեցվածքի մը․ ո՛չ իր ամուսինը կրցավ օր մը բերան բանալ և ո՛չ ալ իր կեսուրը կրցավ իբրև կին՝ կին մը պաշտպանել։

Աննա խաթուն կարճ ժամանակի մը մեջ կրցավ պետք եդած փոքրիկ մանկաբարձական հմտությունը, իբրև հին կին, որ քիչ ու շատ այդպես բաներե կը հասկնա, կիրարկել և դուրս գալ սպասելու մինչև առավոտ։

Աննա խաթուն խնդրեց Հովհաննեսեն, որ այդ գիշեր իր հոր քով քնանա, որպեսզի նոր բան մը չի պատահեր․ ո՛վ գիտե Հաճի Մարկոս աղան կրնար գիշերը դարձյալ դևերուն