Էջ:Հաճի Մարկոս աղա 17.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանձնվիլ, և կամ, մի գուցե, Պողիկը իր արդեն ըրածեն չի բավականանալով՝ գար ներս և հարձակեր հոր վրա։

Հովհաննես այդ բոլոր կռվի ընթացքին ձայն չի հանեց, միայն ջանաց երկու կողմերը հանդարտեցնել, բայց երբ մայրը խնդրեց, որ հոր սենյակին մեջ գիշերե՝ անիկա հարեց․

— Այս մարդը հրեշ է, աստծո պատիժն է այս մարդը, մեծ աղբարս գնաց՝ ազատվեցավ, ես պիտի գրեմ, որ հարսն ալ տանե, մենք ալ օր մը կերթանք։

Այս խոսքին վրա մայրը սկսավ լալ և արցունքներու մեջին ըսել.

— Դուք բոլորդ ալ երթաք՝ ես ի՞նչ պիտի ընիմ այս գազանին ձեռքը։

— Մինչև մեր երթալը Պողիկը, անունը սիրեմ, անոր գազանությունը ոչխարության կը փոխե, ալ անգամ մը օր սկսավ՝ կերթա։

Հաճի Մարկոս աղա տանջալից քուն մը քնացավ, վեր-վեր ցատկեց, պոռաց, ձեռքերը զարկավ պատին, կարծես մեկը զինքը կը խեղդեր։

Մեկ քանի անգամ արթնցավ, սիգարեթ փաթաթեց և ծխեց և ինքնիրեն սկսավ խոսիլ.

— Զավակ ունեցիր, մեծցուր, խնամե, որ ելլա ու աշխատի քեզ խեղդել, օ՜ֆ, օ՜ֆ, օ՜ֆօֆիկ․․․

Հովհաննես լսեց մութին մեջ այդ խոսքերը և տեսավ սիգարեթը քաշած ատեն լուսավորված իր դեմքը, որ ճերմակ թաշկինակով կապված էր, և ուզեց խոսիլ, պատասխանել, բացատրել իր ընթացքը, բայց մեկ բանե մը շատ վախցավ. մի գուցե իրեն հետ ալ կռիվ ըներ, իր բարկությունն ալ ելլեր, այն ատեն ո՞վ պիտի գար և խաղաղություն ստեղծեր երկուքին միջև, երբ Պողիկն արդեն պատրաստ էր ամեն ինչ տակն ու վրա ընելու։

Այս վախեն Հովհաննես չի պատասխանեց։


Է

Հաճի Մարկոս աղայի գազանությունը պատճառ եղավ, որ աշխարհ չեկած արարածը վիժի, մայրը հիվանդանա տասն և հինգ օրվան չափ և չի կրնա խնամել մյուս զավակը, ղրկելով գերեզման։