Էջ:Հաճի Մարկոս աղա 21.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատվիրած էր չգրել։ Պողիկն ալ չուզեց գրել, իր եղբայրը չվշտացնելու համար, բայց վերջին գրածին մեջ դարձյալ խորհրդավոր ակնարկություն մը կար տան վերաբերյալ։

— Պողիկը տանեն ելեր մորքրանց տունը կը կենա․․․ ավելի լավ կըլլա, որ հարսը օր առաջ քովդ տանիս, հորս երեսը չեմ ուզեր տեսնել…— կը կրկներ Մեսրոպ իր մտքին մեջ անդադար Պողիկի գրած նամակի ընթերցումեն հետո։

Վերջապես ամեն ինչ խորհրդավոր էր, քողարկված, ինչ որ խոշոր գաղտնիք մը կար իրմե ծածկված, որին չի թափանցելու աստիճան միամիտ է Մեսրոպը։

Դոլարները իրարու ետևե կուղարկեր։ Իր հլության, ճշտապահության և «պեկիրի» նման աշխատելուն իբրև վարձատրություն շաբաթականին վրա դարձյալ փոքրիկ հավելում մը ըրին։

Բախտը դարձյալ քթին ծիծաղեր էր։ Բայց այս շաբաթականներու հավելումին վրա երբեմն տան մասին մութ տեղեկությունները կուգային տենդահույզ վիճակ մը ստեղծել իր համար, այնպես որ՝ վերջերս իր բոսը կարճ, բայց շատ ազդու ակնարկություն մը ըրած էր իր մտքի ցրիվ վիճակի մասին, ըսելով.

— Գործիդ վնաս մը կրնաս հասցնել։

Այս ադարարությունը բավական էր, որ անոր հոգեկան կացությունը ավելի և ավելի շփոթության մատնվեր, փոխանակ դեպի ուշադրություն հրավիրելու։

Նոր եկած նամակները ավելի կը մթնեցնեին եղած կիսամութը։

Այս անգամ Մեսրոպ մտածեց բոլորովին ոչ-արյունակից մարդու մը, բայց միևնույն ատեն իր երկրի հավատարիմ ծանոթներեն մեկուն՝ նամակ մը գրել և տեղն ու տեղը հասկնալ անցած-դարձածը։

Ծանոթին գրած նամակի պատասխանին հետ միասին նաև հասավ նամակ մը իր հորմեն, որ բոլորովին հակոտնյա մտքեր կը պարունակեր իր մեջ, բաղդատությամբ մյուսին։