Էջ:Հաճի Մարկոս աղա 26.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ մի պոռար, բոլորը հեռացան, ես ալ կը հեռանամ, հետո երկու ծերերդ դռան ետև բոլորովին մինակ կը մնաք,— գոչեց Հովհաննես։

Հաճի Մարկոս քիչ մը մտածելե և իր սիգարեթր լիաթոք քաշելե հետո սկսավ հանկարծակի մանուկի մը պես արտասվել, բայց հոր արցունքները երբեք չազդեցին Հովհաննեսին վրա, որ ոտքի կանգնեցավ և ելավ սենյակեն դուրս։

Ներս մտավ Աննա խաթունը և երբ տեսավ, որ Հաճի Մարկոս աղա կուլա, քիչ մնաց, որ իր ակռաներն կղպվեին։ Աննա խաթուն տեսնելով իր ամուսնին լացը, խոստացավ մյուս օրը երթալ և Աղավնին բերել տուն։

― Իմ հարսնուկս իմ խոսքը կը լսե,— ըսավ մեղմիվ։

— Քու հարսնուկդ է իմ հարսնուկս չէ՞,— գոռաց Հաճի Մարկոս արցունքներու մեջ։

Շուկայի մեջ Հաճի Մարկոս միշտ կը ստեր, որ հարսը տունեն փախեր է, այլ բոլորին կը պատասխաներ․

— Մեսրոպս շատ խնդրեր է Ամերիկայեն, որ հարսը երթա և իր մերանցը տունը քիչ մը շատ կենա, ամուսնութենեն ասդին երբեք չէ գացեր,— կը պատասխաներ, բայց հազիվ թե անոնք հավատային, որովհետև շատերր տեսած էին Աղավնին մերանցը պատուհանին առջև նստած՝ լալու վիճակին մեջ։


ԺԱ

Աղավնին իր մորր տունը փախչելեն ետքը որոշեց ոչ ոք չի տեսնել և ապրիլ բոլորովին առանձին կյանք մը։ Թաղի կնիկներեն խումբ-խումբ կուգային իր մոտ տեղեկություններ ստանալու՝ իրենց օրվան բամբասանքներու պաշարը ավելի հարստացնելու համար, բայց Աղավնին մերժեց ոչ ոք տեսնել և բոլորն ալ հուսախաբ եղան և ետ դարձան։ Բայց առանց Աղավնին տեսնելու ետ դառնալը պատճառ եղավ, որ թաղեցի կնիկներ առասպելներ հյուսեն անոր մեկուսացումին շուրջը։

— Կըսեն քի բերանը ծռեր է,— կը հարեր մեկը։

— Կըսեն քի մազերը ամբողջ ճերմկեր է։

— Ես աչքովս չի տեսա, տեսնողը ըսավ իր երեսը արնտուք վերք է եղեր մտմտուքեն։