— Ես աչքովս տեսա կեսարոջ խածած տեղը։
— Կըսեն քի մեկ կողմը ամբողջ քաշվեր է մարախեն (մտածմունքից)։
Եվ այս կարգի հազար առասպելներ հյուսեցին անոր շուրջը, որոնց բոլորին ալ տեղյակ էր Աղավնին։
Աղավնիի մայրը արցունքներու մեջ խեղդված կստիպեր Աղավնիին երթալ առնանցը տունը և համբերել մինչև փեսան կը տանե մոտը, բայց Աղավնին այլևս անտարբեր էր դարձել մոր ստիպումներուն։
Աղավնին, երբ կերևակայեր առնանցը տունը՝ կարծես դժոխքի սյուները կր խորտակվեին իր վրա և ավելի կը նախընտրեր դիմանալ դուրսի բամբասանքներուն, դուրսի առասպելներուն, որոնք թերևս քիչ ժամանակ մը հետո դառնային հասարակ և հեղինակներն ալ հոգնեին, քան երթալ և դիմանալ Հաճի Մարկոսի գազանություններուն։
Աղավնին, սակայն, երբեք չի մոռցավ պետք եղած մանրամասնությունները հաղորդել ոչ թե Մեսրոպին, այլ Պողիկին, որովհետև Պողիկն էր, որ պիտի կարենար ըմբռնել կացությունը լայն կերպով և ապա հասկնալի դարձնել իր ամուսնին։
Աղավնին իր գրած նամակին մեջ մանրամասնորեն բացատրել տվավ, թե ինչու անիկա չի կրցավ իր խոստումը կատարել։
«Քու ատենվանեդ հազար պատիկը ավելի գազան և շուն դարձավ, ալ կրնաս խելքիդ պառկեցնել տալ, թե ինչ վիճակ ունեի քու երթալեդ հետո»,— գրել տվավ Աղավնին իր նամակին մեջ։
Աղավնին իր մոր տանը մեջ կանցներ տխրության և հուսահատության օրեր։ Մոր նյութական թշվառությունը կուգար ավելի դժնդակ դարձնելու իր օրերը, որոնք հետզհետե ավելի և ավելի մութ, մռայլ ու լուրջ կը դառնային։
Իր խոստումին համաձայն՝ Աննա խաթուն շալը քաշեց գլխուն և դողդոջուն քայլերով ուղղվեցավ դեպի Աղավնիի հերանցը տունը խորագույն համոզումով, որ իր «հարսնուկը» պիտի լսեր իր խոսքը և պիտի վերադառնար տուն։