Էջ:Հաճի Մարկոս աղա 29.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անկարելի եղավ Աղավնին համոզել։ Աղանիի մայրը, ցավակցելով Աննա խաթունի վիճակին՝ հարեց.

— Հիմիկվան հարսները այսպես են, Աննա խաթուն, առտու-գիշեր կը համոզեմ, որ գա՝ չի գար, չեմ գիտեր, թե ի՞նչ պիտի ընեմ, որո՞ւ երթամ, որո՞ւն դերդս լամ, չեմ գիտեր։

— Չէ՛, Վարդուշ խաթուն, չէ՛, հանցանքը հիմակվան հարսներունը չէ, հանցանքը իմ հրեշ մարդունն է։ Ես իմ քաշածներս գիտեմ, կը հասկընամ հարսնուկիս ըսածները։ Դուն նորեն շարունակե համոզել, թերևս օր մը սիրտը կակուղնա։

Աննա խաթուն դուրս ելավ գլխիկոր և բոլորովին սիրտը կոտրած։ Դուրս ելած ատեն զգաց, որ իր մեջ բան մը կատարվեցավ, բան մը, որ աղետավոր հետևանք մը պիտի ունենա իրեն համար։ Ճանապարհին ծունկերը սկսան կթոտիլ, սիրտին մեջ այնպիսի տաք բան մը իջավ, որ ամբողջ մարմինը պատեց աննկարագրելի երկյուղով մը։

Տունդարձին այլևս անկարող էր պատմել իր տեսակցության արդյունքր։ Հաճի Մարկոս աղա ալ, անբնականորեն, այս անգամ զգաց, որ իր կինը հոգեկան մեծ տագնապի մը մեջ է։

— Արթի՛ն, մորդ անկողինը փռե, որ պառկի։

Հարություն արագ մը անկողինը փռեց, և Աննա խաթուն դողով մը մտավ անկողին։

Հաճի Մարկոս աղա ձայն չի հանեց, նստավ անոր անկողնին մոտ և երբեմն-երբեմն թաց լաթ դրավ անոր այրող ճակատին վրա և քթին տակ անհամար հայհոյանքներ ըրավ հարսին ալ, իր զավակներուն ալ, զարմանալի իրողություն՝ հայհոյեց նաև իր գարշելի բնավորության։

«Այս բնավորությունս աղեկ չէ, վերջը-վերջը ինձ անկյունները պիտի նետե, ես գիտեմ»,— կը մրթմրթար քթին տակ և թաց լաթը կը փոխեր, որ վայրկյանի մը մեջ կը չորնար հիվանդին տաքության աննորմալ աստիճանեն։


ԺԳ

Պողիկ հասավ Ամերիկա և առաջին գիշերն իսկ մանրամասն և չի հուսացված անկեղծությամբ պատմեց այն, ինչ