Էջ:Հաճի Մարկոս աղա 30.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ անցած֊դարձած էր իրենց տան դժոխքի մեջ Մեսրոպի Ամերիկա մեկնելեն ետքը։

Մեսրոպ առաջին անգամ ըլլալով տեղեկացավ իր զավկին մահը, որ կայծակի մը ազդեցությունը ըրավ իր վրա և սկսավ մանուկի մը պես բարձրաձայն լալ և աղաղակել։

— Վա՜յ, յավրուս, վա՜յ, իմ ծունկերս կոտրեին, ես Ամերիկա չի գայի։ Աշխարհին խերը անիծեմ ասկից հետո, ես կաշխատեի, կը տառապեի, կը չարչարվեի, որ տղաս մեծնա և մարդ դառնա, հիմա տղաս չիկա, վա՜յ, գառնո՛ւկս, վա՜յ, հողին տակ ես եղեր, չեմ գիտցեր, և ես քու սիրույդ ուժ եմ ստացեր և կը գործեմ։

Պողիկ ինքն ալ զգաց հոր մորմոքը իր զավակին հանդեպ և անիկա ալ լացավ։ Պողիկ, որ այն ատեն, փոքրիկ սիրուն մեռելը թաղած ատեն այդպիսի զգացումներ չէր ունեցած։

Ապա կամաց-կամաց, առաջին գիշերվան ընթացքին զգաց ամբողջ դառն իրականությունը— իր հայրը, իր հարազատ հայրը վատ աչքերով նայի իր կնոջ, գիշերանց զայն ստիպե շնանալ՝ Մեսրոպ քիչ մնաց իր խելքը բռներ, բայց Պողիկ շատ պաղարյունությամբ կրցավ խաղաղեցնել Մեսրոպը, հաստատ հավաստիացումներ տալով Աղավնիի բարոյականին, անձնական պարկեշտության և անժխտելի հավատարմության մասին։

Ապա Պողիկի համար իբրև բոլորովին նորություն Մեսրոպ հաղորդեց Աղավնիեն եկած նամակներու պարունակությունը։

Պողիկ ճանապարհին բավական դեգերելով՝ Աղավնիի գրած նամակները իրմե շուտ էին հասեր։ Պողիկ խնդրեց նամակները Մեսրոպեն և ուշի-ուշով կարդաց զանոնք և տեղեկացավ, որ Աղավնին արդեն տունեն փախեր և գացեր մերանցը տունը ապաստաներ է։

— Երևի ուրիշ կերպ ալ չէր կրնար ընել, որովհետև այդ հրեշին քով միս-մինակ կենալ անկարելի է։

— Արթինը ի՞նչ կընե, չի՞ կրնա հարս մը պաշտպանել,— հարց տվավ Մեսրոպ։

— Ան ալ շատ աշխատեցավ, բայց ի՞նչ կրնա ընել․ ես, որ այսքան կռիվներ հանեցի, ի՞նչ կրցի ընել,— պատասխանեց