Էջ:Հաճի Մարկոս աղա 40.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քահանային և ժամկոչին հետ միասին գացին գերեզմանոցը օրհնեք կատարելու համար։ Այդտեղ Հաճի Մարկոսի սիրտը փլավ և սկսավ բարձր ձայնով և իրական և խոր թախիծով մը արտասվել, կարծես թարմ դիակը եղած ըլլար իր առջև․

— Հիմա գիտցա, որ մեռեր ես, հիմա խելքիս կը պառկի, որ աշխարհքին վրա ամենեն թանկագին քարն եմ կորսնցուցեր, վա՜յ, վո՜ւյ, վա՜յ, վո՜ւյ․․․

Բարեկամները ուզեցին մխիթարել, բայց Հաճի Մարկոս աղա մխիթարության ոչ մեկ կետ չէր գտներ իր շուրջը։

— Տղաքս գացին, ալ նամակ չեն գրեր, դրամ չեն խրկեր, մեկ տղաս ամիսն անգամ մը հետս կը խոսա, քու տեղ, ես պիտի մեռնեի, Աննի՛կս, մե՜կ հատիկ Աննիկս։

ներկաներն անգամ զգացվեցան ծերունի մարդու արցունքներեն, որ բուռերով կը թափվեր իր կնոջ թարմ հողակույտին վրա։

— Հարստությունս ամբողջ գնաց, մնացեր եմ տղոցս կարոտին, անոնց ձեռքը պետք է նայիմ, որ ինծի քանի մը փարա տան, ե՛ս պիտի մեռնեի, դուն ինչո՞ւ մեռար, երկու ոսկի չունիմ, որ Աննիկիս վրա քար մը քաշել տամ։

Բայց քառսունքի արարողության եկող իր բարեկամները շարունակեցին մխիթարական տափակ և ծամծմված խոսքեր ըսել և տուն տանիլ զինքը։ Քահանան ալ ընկերացավ և աղոթք մըն ալ տան մեջ կարդալե անմիջապես ետք «մնաք խաղաղությամբ» քաշեց, որովհետև հասկցավ, որ տան մեջ ճաշի պատրաստություններ չէին տեսնված, ինչպես ամեն տեղ սովորություն կար ընելու։

Այդ գիշեր Հարություն երբեք տուն չեկավ։ Հաճի Մարկոս մեկ քանի մոտիկ հյուրեր ունեցավ, որոնք շուտով ձգեցին և գացին, թողելով Հաճի աղան բոլորովին մինակ։

Այդ գիշերվան մինակությունը— կնոջ մահվան առաջին քառսունքի գիշերը— պատճառ եղավ, որ Մարկոս աղա ինքն իր մասին քիչ մը մտածե։ Ամենեն լքված էր, հետզհետե քարացած համոզում կը գոյացներ, որ դրամապես ալ չպիտի օգնեին և ինք պետք էր իր գլխուն ճարը նայեր։

Իր բոլոր դժբախտությանց պատճառը կը գտներ իր հարսը,