Էջ:Հաճի Մարկոս աղա 41.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ տանեն բաժնված էր, ամենուն առջև տունը խայտառակության առարկա դարձուցեր ու փչացուցեր էր։

Հաճի Մարկոս աղայի կյանքը դառն ու մռայլ կանցներ այսպես, գրեթե տառապանքի մեջ, տառապանքի մը, որ տակավին չէր համապատասխաներ այն տառապանքին և դժբախտության, որ ինքը պատճառած էր ուրիշներու։


ԺԶ

Որքան որ Հարություն ջանաց ծածուկ պահել Աղավնիի ճամփորդության համար եկած դրամի խնդիրը, բայց չի հաջողեցավ, որովհետև անցագիր առնելու համար ստիպված էր երթալ թաղի մեկ քանի պաշտոնյաներու, ստորագրել տալ անոնց Աղավնիի ծննդյան թուղթերը։ Աղավնիի Ամերիկա մեկնելու լուրը կայծակի արագությամբ տարածվեցավ քաղաքին մեջ, Հաճի Մարկոս աղայի համար հարված մըն էր լուրը։ Տղաքը ո՛չ նամակ կը գրեին իրեն և ո՛չ ալ դրամ կը ղրկեին, իր ստացած 5 ոսկին ալ ողորմության պես հասած էր իրեն առանց որևէ նամակի և իր կնոջ մահվան առթիվ առանց մխիթարական անհրաժեշտ խոսքերու։

Այդ գիշեր մտածեց ինքն իր համար խանութ մը բանալ և առևտրով զբաղվիլ, բայց ե՞րբ Հաճի Մարկոս աղա փոքրիկ ծրագիրներով և այդ ծրագիրներու համեստ գործադրությամբը գոհ մնացած էր։

Անիկա սկսավ խոշոր խանութի մը ծրագիրը երևակայել և երբ առավոտ եղավ և սկսավ գիշերվան մտածումներուն վրա նայիլ ցորեկի անողոք իրականությամբը՝ գտավ, որ իր ծրագիրները շատ խոշոր էին և պետք եղած դրամագլուխը չուներ հաջողությամբ պսակելու համար զայն։

Հաճի Մարկոս աղա եթե դրամագլուխ ալ ունենար՝ չէր կրնար խոշոր գործ ընել, որովհետև երբեք չէր ըրած։ Անիկա կը կարծեր, որ ամեն խանութ, ամեն առևտրական գործ ինքն իրեն կը դառնար, միայն դրամագլուխն էր հարկավոր։

Ապա և ուրիշ հսկա արգելք մը կուգար և մռայլ ուրվականի մը նման կը ցցվեր իր առջև— իր հպարտությունը։

«Բոլորը պիտի հաչեն, որ Հաճի Մարկոս աղան վերջը-վերջը քթին հովը իջեցուց և ելավ ու տառապայի տակ մտավ»,—