կը մտածիր ինքն իրեն և որոշում կուտար ի վերջո մնալ տան մեջ, կերպով մի իր կյանքը քաշքշել և մեռնիլ ու երթալ։
Հաճի Մարկոս աղա մտածեց երթալ կառավարության և անցագրի դժվարություններ հարուցանել, բայց արդեն ամեն բան գրեթե վերջացած էր, և կառավարության առջև հարսը երբեք կապված չէր նկատվեր կեսայրին հետ։
Հարությունի համար իր հոր ըրած՝ Աղավնիի ճամփորդության դժվարություններ հանելու վերջին ճիգերը երևցան կեղտոտության ամենեն ցցուն տեսակը։
— Այդ սրտով դուն պիտի մնաս անկյունները և պատի տակերը քու ծերության օրերուդ և ոչ ոք չպիտի գտնես, որ քեզի օգնե,— ըսավ Հարություն համոզված շեշտով և զայրույթով մը։
— Ես բան մը չեմ ըներ, իրենց ըրածներուն փոխարեն կուզեմ ընել,— պատասխանեց Հաճի Մարկոս աղա։
— Դուն ինծի պարզորեն ըսե, թե ո՞վ ինչ է ըրած քեզի։
Իհարկե Հաճի Մարկոս չի կրցավ որևէ բան գտնել, որ մեկն ու մեկը իրեն թշնամություն ըրած էր։
— Ինչո՞ւ ինծի նամակ չեն գրեր, ինչո՞ւ մորդ մեռնելեն ետքը դրամ չեն ղրկեր,— հարցուց Հաճի Մարկոս Հարությունեն։
— Այդ բոլորը տեղի ունեցած են քու բոլոր ըրածներեդ վերջը, մարդիկ մարդ են և քար չեն, որ դիմանան, մարդիկ արժանապատվություն ունին, սիրտ ու զգացումներ ունին։
— Անոնք ունին, ես չունի՞մ,— հարցուց հայրը։
— Ո՛չ, դուն չունիս, եթե ունենաս, այդպես բաներ չես ըներ,— պատասխանեց Հարություն։
— Ի՞նչ կընեմ։
— Ալ ի՞նչ պիտի ընեիր— հարս ծեծել, հարսին նամուսին դպնալ, կնիկ ծեծել, պոռալ-կանչել, դրացիները թափել տունը։
Հաճի Մարկոս չի պատասխանեց, բայց այնքան սրտին առավ, որ նստավ և լացավ։
Այս լացն ալ վերջերս հնարած էր, կր կարծեր, որ կրնար այդպիսով ազդեցություն գործել։
Հարությունի տված պատասխաններուն վրա Հաճի Մարկոս