Էջ:Հաճի Մարկոս աղա 47.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հա՛, մոռցա ըսելու, որ հարսս ալ մախսուս բարև գրել տված էր և հատուկեն ձեռքերս կը համբուրեր,— ավելցուցած էր Հաճի Մարկոս աղա. մի գուցե դիմացինը կասկածեր , որ հարսը տակավին կը շարունակեր քեն պահել իրմե։

— Կերևի քթին հովը իջեր է, Հաճի աղա։

— Որո՞ւ։

— Հարսիդ։

— Հա՛, քթին հովը շատ է իջեր, կը կարծեր, որ ես իրեն գերին պիտի ըլլայի այստեղ, հիմա խելոքցեր է, լավ է։

Դուրսերը այսպես խոսելով՝ Հաճի Մարկոս աղա հետզհետե Ամերիկա երթալու միտք մը սկսավ փայփայել։

Երբ մեկը բանի մը մասին շատ կը մտածե և շատ կը կրկնե՝ կամաց-կամաց այդ միտքը կսկսի իրեն բնական թվիլ։

Այսպես ալ եղավ Հաճի Մարկոս աղայի հետ, այնքան ուրիշներու Ամերիկա երթալու մասին խոսեցավ, որ ինքն ալ հավատաց, որ պիտի երթա։

Չէ՞ որ մի օր իր տղաքը Ամերիկայեն կը պաղատեին, որ իրենց մոտ երթար։

Սակայն այս երազներր երկար կյանք չունեցան, որովհետև Հաճի Մարկոս աղան շուտով ինկավ անկողին։

Հիվանդությունը այս ծերունի և չար մարդուն համար դարձավ երկար, գրեթե անվերջանալի հոգեվարք մը։ Ոչ ոք չուներ, որ գար մոտը և թաս մը ջուր տար խմելու, ինկած տան մեկ անկյունը, աղտոտության մեջ կորսված, ավելի և ավելի ծանրանալով իր հիվանդության մեջ։

Բժիշկները մասնավոր հիվանդություն մը չգտան Հաճի աղայի մեջ, անոնք հայտարարեցին, որ ծերության նշաններ էին և թե առաջ եկած էր շատ մտմտուքե։

Հաճի աղան կը հազար, չոր և կոտրատող հազ մը, որ դուրս կը քաշեր իր թոքերը։ Խնամքի պակասը զինք ավելի թուլացուց, քանի գնաց կմախքացավ, բայց ոչ ոք մտածեց մեղքնալ վրան, մտնել տունը և գեթ կողը դարձնելու համար ձեռք մը երկարելու։

— Թո՛ղ սատկի,— կըսեին իր շատ մոտիկներն անգամ,— շանը մեկն է, ատոր վախճանը այդպես ալ պիտի ըլլար։

Հաճի աղան գիշեր և ցերեկ իր կինը կը փնտրեր, կուլար