Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ մինչև 2,5 մ խոր.: Ցողունը կանգուն է, կոպիտ, անհարթ, թավոտ, ոչ սնամեջ, բարձր.՝ 2,5-4,0 մ: Տերևները խոշոր են, երկար կոթունով, ձվասրտաձև, սրածայր, ատամնաեզր, ներքևինները՝ հակադիր, մանր, հաջորդները՝ հերթադիր, ավելի խոշոր: Ծաղկաբույլը զամբյուղ է՝ միշտ դեպի արևն ուղղված (այստեղից՝ Ա. անվանումը), զամբյուղի եզրերին մեկ կամ մի քանի շարքով դասավորված են լեզվակավոր ծաղիկները, որոնք զրկված են սեռ. օրգաններից, չեն պտղաբերում, դեղնաոսկեգույն են, իսկ դեպի կենտրոն՝ խողովակաձև ծաղիկները, երկսեռ են և պտղաբերում են: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը սերմնապտուղ է, սպիտակ, սև, մոխրագույն, սև՝ սպիտակ շերտերով: Լինում է յուղատու (47-50 %), ուտելի և սիլոսային: Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործում են սննդի (պահածոյի, մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի և այլն) արդ-յան և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ: Ա-ի թափոնները (մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ) օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ ստանալու համար: Ա-ի քուսպը խտացրած լավորակ կեր է: Ա. ունի նաև բուժ․ նշանակություն, կասեցնում է կարծրախտի երևույթների զարգացումը, բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում լյարդի ճարպակալումը: Մեղրատու է:

ԱՐԾՊԱ (Serratula), սղոցակ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 70, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Ա. պսակակիր (Տ. coronata), Ա. ճարճրուկատերև (Տ. erucifolia), Ա. ճառագայթային (Տ. radiata), Ա. կաշեկերպ (Տ. coriacea), Ա. արծպանման (Տ. serratuloides) և այլն։ Տարածված է Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում, Արարատյան գոգավորությունում: Աճում է չոր, խճոտ, կավոտ լանջերին, փլվածքներում:

Ցողունը կանգուն է, թույլ ճյուղավորվող, խավոտ, բարձր.՝ 30-150 սմ: Տերևները հերթադիր են, փետրաձև հատված, հազվադեպ՝ ամբողջաեզր: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ վարդագույն, ծիրանագույն, հազվադեպ՝ սպիտակ: Ծաղկում է հունիսի սկզբին: Պտուղը փուփուլավոր սերմնապտուղ է: Ա-ի որոշ տեսակներից ստանում են դեղին և կանաչ ներկեր:

Պսակակիր Ա. հանդիպում է միայն Լոռու մարզում (Գարգառ գ-ի շրջակայքում):

ԱՐԾՎԱՊՏԵՐ (Pteridium), պտերազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ա. տավրիկյան (P. tauricum): Հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Շիկահողի արգելոցում): Առաջացնում է մինչև 2 մ բարձր․ բուսուտներ. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Կոճղարմատը հզոր է, սողացող, ճյուղավորվող: Տերևները կոթունավոր են, կաշեկերպ, կրկնակի, եռակի փետրաբաժան, ներքևից՝ շիկակարմրավուն, թավոտ: Սպորանգիումները գրեթե անընդմեջ դասավորված են տերևի եզրերին՝ տերևաթիթեղի հետոլորված մասում: Սպորներն առաջանում են հուլիսի երկրորդ կեսից: Դեղաբույս է. տերևների և կոճղարմատների պատրաստուկներն օգտագործում են որպես ճիճվամուղ միջոց:

ԱՐՃՃԱԽՈՏ (Plumbago), արդղիկ, շեթարաճ, արդուխա, արճճախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ: Հայտնի է մոտ 15, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ա. Եվրոպական (P. europaea)։ Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ստորին և միջին լեռն․ գոտիների քարքարոտ և ժայռոտ վայրերում:

Արմատային համակարգը հզոր է, ցողունի բարձր.՝ մինչև 1 մ: Տերևները մերկ են, գեղձաատամնաեզր: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ կարմիր, ծիրանագույն, մանուշակավարդագույն, վարդագույն, դեղին կամ սպիտակ: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը երկփեղկ է, ճայթող: Պարունակում է աղաղանյութեր, ալկալոիդներ:

ԱՐՄԱՎԱԹՈՒՓ (Myricaria), կարմրանազգիների ընտանիքի տերևաթափ թփերի և կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ա. աղվեսագի (M. alopecuroides); Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է գետափերին, չոր գետահովիտներում:

Ցողունը շագանակամոխրագույն է, բարձր.՝ 1,5-2 մ։ Տերևները մանր են, նստադիր, գծանշտարաձև, ամբողջաեզր, ընձյուղի երկայնքով խիտ դասավորված: Ծաղկաբույլը հասկ է, ծաղիկները՝ վարդագույն, կարմիր կամ սպիտակ: Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն: Պտուղը տուփիկ է: Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր (հիմնականում՝ կեղևում), վիտամին C (տերևներում): Բույսի կանաչ մասերի եփուկն օգտագործում են կանանց հիվանդությունների ժամանակ:

ԱՐՅՈՒՆԽՄԻԿ (Sanguisorba), արյունածուծ, արյունխոտ, կարմրագլխիկ, ջերմատակ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի կամ թփերի ցեղ: Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ա. դեղատու (Տ. officinalis): Տարածված է Գեղարքունիքի, Լոռու մարզերի միջին և վերին լեռն․ գոտիների ողողվող, անջրդի հովիտների մարգագետիններում ու բացատներում:

Կոճղարմատը հաստ է, փայտացող, կտրվածքում՝ գորշ դեղնավուն: Ցողունը գրեթե մերկ է, ուղիղ, կողավոր, սնամեջ, վերևի մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 20-100 սմ Արմատամերձ տերևները կոթունավոր են, կենտփետրաձև, ցողունայինները՝ նստադիր,