Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կոճղարմատը սողացող է, քաղցրահամ՝ թուխ թեփուկներով ծածկված: Տերևները խոշոր են (Երկար.՝ 10- 40 սմ), կաշեկերպ, փետրաբաժան, բաց կանաչավուն: Հուլիսին տերևների ստորին մակերեսին հիմնադրվում են դեղնանարնջագույն, հասունացման ժամանակ՝ դարչնագույն, նոր սո- րուսներ (սպորանգիումների կույտեր), որոնք դասավորվում են գլխավոր ջիղի երկու կողմերում: Դեղաբույս է. պարունակում է սապոնիններ, աղաղանյութ: Կոճղարմատի եփուկն օգտագործում են որպես լուծողական, լեղամուղ և ճիճվամուղ միջոց: Տևական օգտագործումը բարերար է ազդում շաքարախտի ժամանակ: Գեղազարդիչ է:

ԲԱԼԱԽ (Salicornia), մոմիկ, աղաբույս, թելուկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ: Հայտնի է 30 (այլ տվյալներով՝ 35), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Բ. եվրոպական կամ խոտանման (Տ. europaea, Տ. herbacea): Սահմանափակ տարածված է Արմավիրի, Արարատի մարզերում: Աճում է գերխոնավ, խիստ աղակալած հողերում, ցամաքուրդների մոտակայքում: Երբեմն առաջացնում է ոչ խոշոր բուսուտներ:

Ցողունը մսալի է, հոդավոր, բարձր.՝ 10-50 սմ, հակադիր ճյուղավորվող, մուգ կանաչ, աշնանը՝ կարմրավուն: Տերևներն աննկատելի են, հակադիր՝ կարճ տերևածոցերում պարփակված: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, անգույն: Ծաղկում է օգոստոսին: Սերմերը մանր են, կարթաձև, թավոտ: Պարունակում է թրթնջկաթթվային աղեր, մագնեզիումի քրոմիտ և մագնեզիումի յոդիտ: Ժող. բժշկության մեջ օգտագործվում է որպես միզամուղ: Բ. հողերի քլորիդային աղերի առկայությունն արտացոլող ցուցիչ է:

ԲԱԼԵՆԻ (Cerasus), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է 150, ՀՀ-ում վայրի վիճակում՝ 3(4)՝ Բ. մահալեբյան (C. mahaleb), Բ. մանրապտուղ (C. microcarpa), Բ. ալեհեր (C. incana): Հանդիպում է Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում: Աճում է ստորին և միջին լեռն․ գոտիներում, չոր քարքարոտ լանջերին, թփուտներում և այլն: ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակվում է Բ. սովորականը (C. vulgaris), որոշ վայրերում վայրիանում է: Բարձր. 2-10 մ է: Տերևները հերթադիր են, ամբողջական, էլիպսաձև, աղեղնասղոցաեզր, մուգ կանաչ: Ծաղկաբույլը հովանոցանման է կամ կարճ ողկուզանման, ծաղիկները՝ սպիտակ: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը բաց կամ մուգ կարմիր, մսալի, հյութալի, թթվաշ-քաղցր համով կորիզապտուղ է: Պարունակում է շաքարներ, սախարոզ, ինոզիտ, օրգ. թթուներ, քիչ քանակությամբ՝ աղաղանյութեր և ներկանյութեր, սերմերը՝ ճարպայուղ, ամիգդալին, եթերայուղ: Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, դոշաբ, հյութ, գինի և այլն), բժշկության մեջ՝ պտուղը, հյութը, օշարակը:

ԲԱԿԼԱ (Vicia faba), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Մշակվում են մոտ 150 տեսակներ և սորտեր, որոնք բաժանվում են 2 խմբի՝ կերային և պարենային (բանջարային), ՀՀ-ում՝ Լոռու, Արարատի, Սյունիքի մարզերում, սիլոսի համար՝ ամենուրեք: Արմատն առանցքային է, իլիկաձև, ցողունը՝ ճյուղավորվող, քառակող, մերկ, սնամեջ, կանգուն, բարձր.՝ 50- 150 սմ: Տերևները բարդ զույգփետրաձև են: Ծաղկաբույլը կարճ ողկույզ է, ծաղիկները՝ տերևանութային, խոշոր, սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է մայիսի սկզբին: Պտուղն ունդ է, սերմը՝ ձվաձև, գնդաձև, երիկամաձև, վարդագույն, կանաչ, մանուշակագույն, սև, երբեմն՝ գորշ: Պարենային է. օգտագործում են ապուրների, աղցանների մեջ, նաև պահածոյում: Բ. հարուստ է սպիտակուցներով, ածխաջրերով և վիտամիններով: Հնագույն մշակաբույս է:

ԲԱՂԵՂ (Hedera), արալիազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 15, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Բ. սովորական (H.helix): Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարգերի կաղնու-հաճարենու, բոխու խառնանտառներում, գետափերին, ծառերի վրա:

Փաթաթվող, օդային կլանող արմատներով բույս է: Ցողունի բարձր․ մինչև 20 մ է, փռվում է նաև հողի մակերևույթին, ստեղծում համատարած կանաչ բուսածածկոց: Տերևները բազմաձև են, հերթաղիր, կաշեկերպ: Ծաղկաբույլը գնդաձև ողկույզ է, ծաղիկները՝ մանր, կանաչադեղնավուն: Ծաղկում է աշնանը: Պտուղը հատապտղանման է, կլոր, կապտասև, սերմերը՝ ձվաձև, եռակող: Պարունակում է գլիկոզիդներ, ճարպայուղ:

ԲԱՄԲԱԿԵՆԻ (Gossypium), փիփերթազգիների (մոլոշազգիներ, տուղտազգիներ) ընտանիքի բազմամյա (մշակության մեջ՝ հիմնականում միամյա) բույսերի ցեղ: Հայտնի է 35 տեսակ, որից 5-ը՝ մշակովի:

Արմատն առանցքային է, ցողունը՝ կանգուն, ճյուղավորվող, բարձր.՝ 70-140 (և ավելի) սմ: Տերևը բլթակավոր է (3-7), տարբեր չափերի, կանաչ՝ հաճախ անտոցիանով ներկված: Ծաղիկը երկսեռ է, խոշոր, դեղին, բաց դեղին, վարդագույն: Պտուղը 3-5-բնանի, բաց կամ մուգ կանաչ, երբեմն՝ կարմիր, հարթ կամ մանր փոսիկներով