Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է: Գ-ի հեռավոր ստորոտին է Զանգակատուն գ.:

ԳՈԳԻ, Վայքի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3120 մ)՝ ՀՀ Վայոց ձորի մարզի և Նախիջևանի սահմանագլխին: Կազմված է նեոգենի հրաբխածին ապարներից: Կան սողանքներ, սողանքային լիճ, վյուրմի սառցապատման հետքեր: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:

ԳՈՂԹԱՆ, լեռնագագաթ Զանգեզուրի լեռնաշղթայի հվ-ում՝ ՀՀ Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին: Բարձր. 3143 մ է : Կազմված է գրանիտոիդներից, գաբրոներից, գաբրոդիորիտներից: Լանջերը զառիթափ են՝ ծածկված մերձալպյան բուսականությամբ:

ԳՈՄԱՅՐ, լեռնագագաթ Սյունիքի բարձրավանդակում՝ ՀՀ Սյունիքի մարզում: Բարձր. 3308 մ է: Կազմված է հրաբխ. ապարներից: Լանշաֆտը լեռնամարգագետնային է, կան քարակարկառներ։

ԳՈՐԻՍԻ ՍԱՐԱՎԱՆԴ, ՀՀ Սյունիքի մարզում՝ Իշխանասար լեռնազանգվածի հվ-արլ-ում: Բարձր. 1300-2000 մ է։ Ընդհանուր թեքությունը՝ հվ-արլ. և արլ.: Կազմված է հրաբխածին-բեկորային ապարներից (Գորիսի շերտախումբ): Բնորոշ են ռելիեֆի էրոզային, տեղատարումային ձևերը (բրգաձև ժայռեր, քարանձավներ և այլն), էրոզային կտրվածքի խորությունը որոշ տեղերում 200-300 մ է: Մակերևույթը մասնատված է Գորիս, Ձորաշեն, Խնձորեսկ, Սպիտակջուր, Տեղ, Խոզնավար, Խնածախ գետերի խոր հովիտներով: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 500-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է: Մշակում են հացահատիկային բույսեր, բազմամյա խոտաբույսեր, խաղող, զբաղվում պտղաբուծությամբ:

ԳՈՒԳԱՐԱՑ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի արտաքին շարի լեռնաշղթաներից՝ Դեբեդի և Աղստևի միջագետքում՝ ՀՀ Լոռու մարզում: Սկսվում է Հալաբի լեռնաշղթայից, տարածվում հս.՝ մինչև Պապաքարի լեռնաշղթա: Երկար. 80 կմ է, միջին բարձր.՝ 2000 մ, առավելագույնը՝ 2244 մ (Չաթին): Կազմված է ստորին յուրայի հրաբխածին և հրաբխանստվածք. ապարներից: Գ. լ. հովհարաձև տարածված լեռնահամակարգ է՝ խիստ մասնատվածությամբ, էրոզային հովիտների խիտ ցանցով: Հս-արլ. լանջերն աստիճանաբար իջնում են դեպի Կուրի հովիտ, հվ-ը զառիթափ՝ դեպի Վերին Աղստևի ճկվածքախզումնային գոգհովիտ:

Գ. լ-ից ճյուղավորվում են Սևորդյաց, Իջևանի, Ոսկեպար, Մթնասար լեռնաճյուղերը: Կան շինանյութերի, երկաթի հանքավայրեր, ոսկու, պղնձի, սնդիկի, մոլիբդենի երևակումներ: Կլիման բարեխառն է, ամառը՝ համեմատաբար տաք, ձմեռը՝ հաստատուն ձնածածկույթով, տարեկան տեղումները՝ 500-800 մմ: Գ.լ-ից սկիզբ են առնում Մարց, Շնող, Հաղարծին, Սառնաջուր, Ոսկեպար, Կողբ և այլ գետեր:

Գերակշռում են լեռնաանտառային (հաճարենի, կաղնի, հացենի, բոխի, մասրենի) և լեռնամարգագետնային լանդշաֆտները:

ԳՈՒԹԱՆԱՍԱՐ, հանգած հրաբուխ Գեղամա լեռնավահանի արմ. մասում: Բարձր. 2299 մ է (հարաբեր. բարձր.՝ մոտ 400 մ): Կոնաձև լեռնազանգված է՝ խառնարանով՝ կազմված պլիոցենի լավաներից ու խարամներից: Կան պեռլիտի ու պեմզայի պաշարներ: Լանջերին՝ լեռնատափաստանային, բարձրադիր գոտում լեռնամարգագետնային բուսածածկույթ է:

ԴԱՀՆԱԿԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Գեղամա լեռնավահանի հվ-արմ. լեռնաճյուղերից: Ջրբաժան է Վեդի և Շաղափ գետերի միջև: Երկար. մոտ 12 կմ է, առավելագույն բարձր.՝ 2536 մ (Դահնակ լ.): Առանցքային մասը կազմված է պալեոզոյի նստվածք, և կավճի ու էոցենի հրաբխանստվածք. ապարներից: Զառիթափ լանջերով լերկացած լեռներ են՝ մասնատված սելավաբեր ձորակներով: Կան մոտ 700 մ բարձր. քարափներ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է (չորասեր բուսականության գերակշռությամբ), բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային: Դ. լ-ի հս-արլ. լանջերը ներառված են Խոսրովի անտառ արգելոցի մեջ (տես Արգելոց հոդվածում):

ԴԵՐՋԱՆԻ ԴԱՇՏ, Մամախաթունի դաշտ, Հայկ. լեռնաշխարհում՝ Արմ. Եփրատի վերին հոսանքի ավազանում՝ Էրզրումի և Երզնկայի դաշտերի միջև: Երկար. մոտ 90 կմ է, լայն.՝ 30-40 կմ, բարձր.՝ մինչև 1500-1700 մ: Կազմված է միոցենի ծովալճային գիպսաաղատար կավերից, ավազաքարերից, Եփրատի հովտում՝ գետային նստվածքներից: Կան ջերմուկներ, ածխաբեր շերտեր, աղահանքեր, նավթի երևակումներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 400-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է:

ԵՂՆԱԽԱՂՒ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀՀ հս-արմ-ում՝ ՀՀ, Վրաստանի և Թուրքիայի սահմանագլխին: Ջրբաժան է Արփի, Ծովակ, Խոզապին, Խանչալի լճերի միջև: Երկար. ավելի քան 60 կմ է, առավելագույն բարձր.՝ 3042 մ (Մեծ Եղնախաղ): Կազմված է նեոգենի հրաբխ. ապարներից: Կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր, քարացրոններ: Լանջերը մեղմաթեք են՝ տեղ-տեղ կտրտված աստիճանակերպ հովիտներով: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 500-600 մմ: Հարուստ է աղբյուրներով: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային:

ԵՂՎԱՐԴԻ ՍԱՐԱՎԱՆԴ, Արայի լեռից հվ.՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև՝ ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերում: Մակերևույթը բլրաալիքավոր