Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հ. լ-ում, ըստ բարձրության, իրար են հաջորդում մերձարևադարձային, անապատային, կիսաանապատային, տափաստանային, անտառային, մերձալպյան, ալպյան և ձնամերձ լանդշաֆտային գոտիները: Ռելիեֆի բարդություններն առաջացրել են վերընթաց գոտիականության շեղումներ: Այսպես՝ եզրային ծալքաբեկորավոր լեռների արտաքին լանջերին առկա է բնական գոտիների բնականոն հերթափոխը, իսկ միջնաշխարհում այն հաճախ խախտվում է առավել չոր, ցամաք, կլիմայի հետևանքով: Բարձրադիր լեռներում բնակլիմ. պայմաններն ամենուր նման են. ինչպես եզրային լեռն, համակարգերում, այնպես էլ միջնաշխարհում ենթալպյան, ալպյան և ձնամերձ գոտիները գրեթե չեն տարբերվում իրարից:

Մերձարևադարձային գոտին զբաղեցնում են Արևելապոնտ. և Մեսխեթի լեռների նախալեռները՝ մինչև 500-700 մ բարձր-ները: Այստեղ մշտադալար բուսատեսակներ են, մշակում են ցիտրուսային բույսեր, թեյ, ձիթենի և այլն: 500-700 մ-ից վեր մինչև 1200 մ լայնատերև անտառն է (հաճարենի, կաղնի, բոխի, շագանակենի և այլն ), այն փոխարինվում է մշտադալար թփուտներով, իսկ ավելի բարձր (մինչև 2000 մ)՝ խառը և փշատերև (եղևնի, սոճի) անտառով, որին հաջորդում է ենթալպյան նոսրանտառը:

Փոքր Կովկասի նախալեռներում (մինչև 500-800 մ) տարածվում է չոր տափաստանների գոտին, որտեղ հիմն, բուսատեսակներն են փետրախոտը, տիպչակը, կծմախոտը, օշինդրը և այլն: Այստեղ բնական լանդշաֆտը մարդու կողմից վերափոխվել է. զգալի տեղ են զբաղեցնում մշակովի հողատարածքները:

Անտառային գոտին Փոքր Կովկասի հս. լեռներում տարածվում է 800- 2100 մ, հվ-ում՝ 1100-2500 մ բարձրներում, որը հետևանք է ջրաջերմային պայմանների տարբերության: Հս. դիրքադրության լեռներում անտառը համատարած է, իսկ հվ-ում հաճախ ընդմիջվում է լեռն, տափաստաններով: Հիմնականում աճում են հաճարենի, կաղնի, բոխի, հացենի, թխկի և պտղատու (ընկուզենի, տանձենի և այլն) ծառատեսակներ, գոտու վերին սահմանում հանդիպում են կեչի, արոսենի և այլն: Անտառային գոտին աստիճանաբար սեղմվում է. կարիք ունի պաշտպանության:

Հայկ. Տավրոսի, Փոքր Կովկասի, Կորդվաց լեռների լանդշաֆտային գոտիները նման են՝ չոր լեռնատափաստանային են, լեռնաանտառային, լեռնամարգագետնային, Կորդվաց լեռներում՝ նաև ձնամերձ: Ավելի անտառածածկ են լեռների հվ. լանջերը: Լայնատերև անտառը հարուստ է պտղատու ծառատեսակներով, լեռների ստորոտներում անտառին նախորդում է լեռն, չորասեր բուսականությունը, իսկ 2400-2500 մ-ից բարձր գաճաճ ծառատեսակներ են:

Միջնաշխարհում իրար հաջորդում են անապատային, կիսաանապատային, տափաստանային (տեղ-տեղ՝ անտառային կղզյակներով), մերձալպյան, ալպյան և ձնամերձ գոտիները: Անապատ-կիսաանապատային գոտին սկսվում է ամենացածրադիր մասերից (որտեղ կան նաև եղեգնուտներ) և տարածվում մինչև 1000- 1500 մ բարձր-ները՝ ընդգրկելով Արարատյան, Նախիջևանի, Ուրմիայի, մասամբ՝ Խարբերդի ու Մալաթիայի գոգավորություններն ու նախալեռները: Գոտում խոնավության պակասորդ կա (խոնավացման գործակիցը՝ 0,2-0,3). մթն. տեղումները 200-300 մմ Են Հիմն, բուսատեսակներն են օշինդրը, օշանը, հազարատերևուկը, աղածաղիկը, կապարը, գազը, ոզնաթուփը, ուրցը, նշենին և այլն, կան նաև եթերայուղատուներ և դեղաբույսեր: Այս գոտու զգալի մասը վերածվել է մշակովի հողատարածքների, սակայն առանց ոռոգման բերքը սաստիկ նվազ է:

Տափաստանային գոտին (չոր տափաստանային և լեռնատափաստանային ենթագոտիներով) միջնաշխարհում առավել տարածվածն է: Չոր տափաստանային ենթագոտին փետրախոտային բուսականությամբ տարածվում է Կարսի սարահարթում ու Շիրակի դաշտում մինչև 1500- 1600 մ, Նախիջևանի և Ուրմիայի գոգավորություններում՝ մինչև 1800 մ բարձր֊ները: Լեռնատափաստանային ենթագոտին փետրախոտատարախոտային բուսականությամբ ընդգրկում է հիմնականում հրաբխ. սարահարթերը (Կարսի, Աշոցքի, Լոռու, Կարնո, Ախալքալաքի, Ալաշկերտի և այլն ) և լեռնազանգվածների համեմատաբար թույլ կտրտված լանջերը: Տարածվում է 1500-1800 մ-ից մինչև 2200-2500 մ բարձր-ները: Տափաստանային գոտում բավարար խոնավության պայմաններում առանձին կղզյակներով հանդիպում են անտառներ (Մնձուրի, Դերսիմի, Մեծրաց լեռներում, Ճորոխ, Գայլ, Ազատ, ՎԵդի, Արփա գետերի հովիտներում):