Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջավորությունները վերածվել են խռիկների, որոնց միջոցով կատարվում է գազափոխանակությունը: Մեծ մասը ցամաքաբնակ է: Ակտիվ են գիշերը, ցերեկը թաքնվում են խոնավ հողի վերին շերտերում, քարերի տակ, կրծողների բներում, մրջնանոցներում: Ավելի պարզագույն տեսակներն ապրում են ջրում: Բուսակեր են. նպաստում են հողառաջացմանը, որոշ տեսակներ վնաս են հասցնում ջերմոցային և մշակովի բույսերին: Հին Հայաստանում «նեպուկ» անվամբ հարկ է եղել, ըստ որի՝ երկրագործը պետք է ոչնչացներ սահմանված քանակությամբ միջատ:

ՆԵՐԻՆԳԻ ԿՈՒՐԱՄՈՒԿ (Nannospalax nehringi), կուրամկների ընտանիքի կրծող կենդանի: Մարմնի երկար․ մինչև 260 մմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 450 գ: ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Ամասիայի և Աշոցքի սարահարթերում, Լոռու մարզի հվ., Արագածոտնի մարզի արմ. և հս-արմ. շրջաններում, ունի մոտ 3000 կմ տարածման մակերես: Բնի խոր. մինչև 135 սմ է, ընդհանուր երկար.՝ մինչև 245 մ, ունի բարդ կառուցվածք և 10-ից ավելի խուցեր: Գործունյա է կլոր տարին, գրեթե ողջ օրվա ընթացքում, շոգ և ցուրտ եղանակին՝ առավոտյան և երեկոյան: Սնվում է բույսերի ստորգետնյա մասերով, երբեմն բնում պահեստավորում է մինչև 4 կգ կեր: Բազմանում է տարին 1 անգամ, ունենում մինչև 6 ձագ: Բարենպաստ պայմաններում խտությունը հասնում է մինչև 25 անհատ/հա: Վնաս է հասցնում բազմամյա մշակովի խոտաբույսերի դաշտերին: Համաճարակաբան․ նշանակություն չունի:

ՆԵՐԿԱՐԱՐՆԵՐ (Coraciidae), ալկիոնանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 16, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ներկարարը (Coracias garulus). բնադրող-չվող է, տարածված: Մարմնի երկար. 30-32 սմ է, թևերի բացվածքը՝ 66-73 սմ, կենդանի զանգվածը՝ 180-200 գ: Հասունի փետրածածկը վառ կապույտ է, մեջքը՝ շիկակարմիր-դարչնագույն, թափահարող փետուրները՝ սև, դաստակաթևի վերին հատվածը՝ մուգ կապույտ, թևատակի ծածկողները տեսանելի կանաչավուն-կապույտ են: Երիտասարդի փետրածածկն ավելի բաց ու խամրած է, մեջքը, այտերը, ծոծրակը, կուրծքը դարչնավուն են: Թռիչքն ուղիղ գծով է՝ թևերի խորը թափահարումներով: Հաճախ տեսանելի է՝ սյուներին, չարերին և ծառերին նստած: Խուսափում է անտառներից, սակայն կարող է հայտնվել լքված այգիներում: Բնակվում է հիմնականում կիսաանապատային և լեռնատափաստանային գոտում: Սնվում է խոշոր միջատներով, մանր սողուններով, կրծողներով ու թռչուններով, նաև խաղողով և այլ պտուղներով: Գարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի 2-րդ տասնօրյակից: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից: Բնադրում է փչակներում, պատի ճեղքերում, ավազոտ կամ կավոտ զառիթափերի փորվածքներում, առանձին դեպքերում՝ քարակույտերում և բետոնե խոշոր սալերի տակ (80 սմ խոր.): Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 1-ին կեսից հունիսի սկիզբը: Դնում է 35 մմ տրամագծով, սպիտակ 3-6 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 18-19 օր: Ձագերը բնից դուրս են գալիս 26-28-րդ օրը՝ տիրապետելով կայուն թռիչքին: Չուի ամենաուշ ժամկետը՝ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակին: Փետրավորման ուշագրավ երանգների պատճառով հաճախ որսագողերի զոհ են դառնում:

ՆԻՄՖԱԼԻԴՆԵՐ (Nymphalidae), ցերեկային թիթեռների ընտանիք: Հայտնի է մոտ 2 հզ., ՀՀ-ում՝ 60 տեսակ: Թևերի բացվածքը՝ 25-180 մմ է, վերևից՝ գունագեղ նկարով, ներքևից նկարը թաքնված է, որը հնարավորություն է տալիս թիթեռներ նստած դիրքում աննկատ մնալ: Առջևի ոտքերը զարգացած չեն. ձևափոխվել են և ընդունել խոզանակի տեսք: Թրթուրների կուտիկուլան ճյուղավորվող կամ ելուստներով է: Թիթեռները լավ թռչում են. հայտնի են որպես չվող տեսակ: Կրտսեր սերնդի թրթուրները հաճախ ապրում են խմբերով՝ սարդոստայնանման բներում: Սնվում են խոտաբույսերի, հազվադեպ՝ ծառատեսակների վրա: Մեծամասնությունը միակեր է (եղինջի, մանուշակի Ն. և այլն): Հարսնյակները հաճախ մետաղ․ փայլուն բծերով են, կախված են գլխիվայր: Որպես կանոն՝ ձմեռում են թիթեռները կամ երիտասարդ թրթուրները: Լայնորեն տարածված են Ն. սևադեղնավուն (Nymphalos xantomelus), ցերեկային սիրամարգակն (Inachisio), անկյունաձև էգեյա (Polygonia egea), սադափաթիթեռ (Arginnis pandora), կարմիր ադմիրալ (Vanessa atalanta), երնջնակի թիթեռ (Vanessa cardui), դիդիմա (Melitaea didima) և այլ տեսակներ: Որոշ հետազոտողներ վերջին տարիներին Ն-ի ընտանիքին են միավորել թիթեռների մի քանի այլ խոշոր ընտանիքներ (այդ թվում՝ թավշաթիթեռները):

ՆՐԲԱԳԵՂԻԿՆԵՐ (Prunellidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 12, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ ալպիական նրբագեղիկ, խայտաբղետ նրբագեղիկ, անտառային նրբագեղիկ։ Դժվար նկատելի թռչուններ են՝ փետրածածկի ցայտուն գույների բացակայության պատճառով: Չափազանց զգույշ են. ցածր թռիչքներ կատարելով՝ սողոսկում են բփուտների, խոտաբույսերի մեջ և թաքնվում: Հիմնականում լռակյաց են. երգը ցածր տոնայնության է: Բնադրում են գետնին, ծառերի վրա, թփուտներում, ժայռաճեղքերում և այլն:

ՆՐԲԱԳԵՂ ՕՁԱՉՔ ՄՈՂԵՍ (Ophisops elegans), վայելչակազմ օձագլուխ մողես, իսկական մողեսների ընտանիքի օձաչք մողեսների ցեղի մողես: ՀՀ-ում տարածված է Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և