Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնցից պինդ մասնիկներ՝ 54,4 հզ. տ, գազային ու հեղուկ մասնիկներ՝ 190,6 հզ. տ: Գազային արտանետումներում մեծ տոկոս են կազմել ծծմբի երկօքսիդը (58%), ազոտի օքսիդները (15%) և ածխածնի մոնօքսիդը (14%):

Ներկայումս արդյունաբերական ձեռնարկությունները գործում են իրենց հզորությունների 10-30%-ի չափով, որի հետևանքով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը կտրուկ նվազել է և կազմում է տարեկան 15-20 հզ. տ:

Զգալի բացասական ազդեցություն է գործում լեռնահանքային արդյունաբերությունը. այդ նպատակով տրամադրված հողերի ընդհանուր տարածքը կազմում է 9,7 հզ. հա, խախտված հողերինը՝ 8,275 հզ. հա, թափոնապահեստներին հատկացված հողերինը՝ 1,425 հզ. հա:

Այս ճյուղի բացասական ազդեցությունը լանդշաֆտի և կենսաբազմազանության վրա դրսևորվում է հիմնականում.

- դատարկ ապարի ու թափոնների կուտակումով և շրջապատում տարածումով,

- բաց հանքերի շահագործման հետևանքով բնական լանդշաֆտների ու էկոհամակարգերի խախտումով, որը հանգեցնում է լանդշաֆտի դեգրադացման,

- ստորգետնյա ջրերի ջրաբանական ռեժիմի, ֆիզիկական և քիմիական բաղադրությունների փոփոխություններով:

Ներկայումս շահագործվող ավելի քան 130 խոշոր ու միջին հզորության հանքերի գերակշիռ մասը բաց է: Կուտակված արդյունաբերական թափոնների ծավալը կազմում է մի քանի հարյուր միլիոն մ³:

Աղտոտված են նաև օդային ու ջրային ավազանները: Կան ջրավազաններ (օրինակ՝ Դեբեդ և Ողջի գետերի), որոնց ջրային բուսական ու կենդանական աշխարհները խիստ աղքատացել են գետը թափվող արդյունաբերական ջրերից:

Իրենց բացասական ազդեցությամբ աչքի են ընկնում արդյունաբերության հատկապես մետաղաձուլական և քիմիական ճյուղերը: Չնայած վերջին շրջանում դրանց ծավալները զգալիորեն նվազել են, սակայն երկրի լանդշաֆտներին ու կենսաբազմազանությանը հասցրած վնասը զգալի է:

Հանրապետության գունավոր մետաղաձուլության արտադրական թափոնների ծավալը ջրային ավազաններում հասնում է մինչև 200 մլն մ³, իսկ թունավոր թափոնները 1980-ականների վերջին կազմել են շուրջ 18 հզ. տ: Դրանց պարունակությունը, մասնավորապես Ալավերդու տեխնածին գոտում, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է շուրջ 20-40 անգամ: Իսկ «Նաիրիտ» ԳԱՄ-ի ուժեղ աղտոտման գոտում բույսերի տերևների վրա նկատվել են քլորոզ, մեռուկացում, աճի և զարգացման դանդաղում, ծաղկավիժում ևն: Ֆտորը, որն արտանետվում է ալյումինի գործարաններից, հատկապես ազդում է ծիրանենու վրա. պտուղները չեն հասունանում, պնդանում են, չորանում ու դառնահամանում են:

Կենսաբազմազանության վրա զգալի բացասական ազդեցություն է թողնում ցեմենտի արտադրությունը: Հրազդան և Արարատ քաղաքներն ու դրանց մերձակա տարածքները չափազանց աղտոտված են ցեմենտի փոշով, որն ազդում է հատկապես ագրոկենսաբազմագանության ու անտառային կենսահամակարգի վրա: Բնական լանդշաֆտների վրա գնալով աճում է նաև ծավալվող շինարարության բացասական ազդեցությունը:

Բնական միջավայրի վրա ազդող հզոր գործոն է էներգետիկան, որի արդյունաբերական արտանետումներում մեծ է ջէկերի բաժինը:

ՀԱԷԿ-ը հատկապես վտանգավոր է շահագործման տեխնոլոգիական ռեժիմի հնարավոր շեղումների առումով և թափոնների առավել վտանգավորությամբ (վերջիններս կուտակվում ու պահպանվում են տեղում՝ հատուկ ռեժիմով): Անցյալի էներգետիկական խնդիրներով պայմանավորված՝ 1950-ականներին 19 մ-ով իջեցվել է Սևանա լճի մակարդակը, որի հետևանքով խախտվել է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռությունը: