Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեզոզոյան (յուրա-ստորին կավիճ) ապարները տարածված են Ալավերդու, Տավուշի և Կապանի կամարածալքերի միջուկներում. ներկայացված են նստվածքային, հրաբխանստվածքային, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ: Իջևանում յուրայի նստվածքները պարունակում են ածուխներ: Տրիասը ժամանակի տեսակետից կապված է պալեոզոյան դարաշրջանի հետ, նրա նստվածքները պերմի վրա տեղադրված են ներդաշնակ, տարածված են Երևան-Օրդուբադ ենթագոտում և ներկայացված են կրաքարերով, որոշ տեղամասերում՝ ածխաբեր նստվածքներով:

Վերին կավճի նստվածքները տարածված են Ալավերդու, Կապանի, Բազում-Զանգեզուրի մերձարաքսյան գոտիներում. ներկայացված են կարբոնատային, հրաբխանստվածքային, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ: Վերին կավճի ժամանակ տեղի է ունեցել ամենամեծ ծովածավալումը, և ողջ Հայաստանի տարածքը ծածկվել է ծովով:

Կայնոզոյան գոյացումները տարածված են առավելապես ՀՀ կենտրոնական մասում (Բազում-Զանգեզուրի տեկտոնական գոտի): Պալեոգենի ապարները ներկայացված են բոլոր հարկերով և կազմված են հրաբխանստվածքային, կարբոնատային ու ֆլիշային նստվածքաշերտերով:

Նեոգենի գոյացումները ներկայացված են միոցեն ու պլիոցեն շերտագրական բաժիններով: Միոցենը վաղ, միջին, ուշ բաժիններով ներկայացված է հիմնականում ծովային, ծովալճային և ցամաքային մոլասային կազմավորություններով. տարածված են մերձերևանյան շրջանի առանձին հատվածներում՝ ավազաքարերի, մասամբ՝ կրաքարերի, կավերի (հաճախ՝ գիպսաբեր), հրաբխաբեկորային շերտախմբերի տեսքով: Պլիոցենի գոյացումներն առավել տարածված են Հրազդան և Ազատ գետերի միջագետքում, Վարդենիսի, Գեղամա, Զանգեզուրի, Ծաղկունյաց, Փամբակի, Շիրակի լեռնաշղթաներում: Ուշ պլիոցենում ուժգին տեկտոնական շարժումներն ուղեկցվել են ակտիվ հրաբխականությամբ: Այդ հասակի հրաբխային ապարները տարածված են Ջավախքի, Լոռու, Աշոցքի սարահարթերում և կազմում են Արագածի հրաբխային զանգվածի, Իշխանասարի, Գեղամա լեռնավահանի զգալի մասը, Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի սարավանդները: Պլիոցենից սկսած՝ ՀՀ տարածքը մտնում է երկրաբանական զարգացման ցամաքային փուլ, տեղի է ունենում ծովի վերջնական նահանջ: Ստորին և վերին պլիոցենի գոյացումները ներկայացված են լճային, ցամաքային և տարբեր կազմերի հրաբխաբեկորային ֆացիաներով:

Անթրոպոգենի պլեյստոցեն (ներառյալ ուշ պլիոցենը) - հոլոցեն ժամանակահատվածում ՀՀ տարածքը եղել է բուռն հրաբխային գործունեության մարզ, և ձևավորվել է նրա ժամանակակից ռելիեֆը: Հրաբխային արտավիժումները զբաղեցնում են ՀՀ տարածքի մոտ 1/3-ը: Հայաստանը ներժայթուք մագմայականության երկիր է: Նորագույն ժամանակաշրջանի առաջացումներ են նաև սառցադաշտային, գետային, գետալճային, հեղեղաբերուկ լանջերի ու դարավանդների փուխր կուտակումները:

Հայկական լեռնաշխարհի լեռնակազմական երևույթները տակավին շարունակվում են: Այդ են վկայում Նեմրութ և Թոնդրակ գործող հրաբուխները (վերջին ժայթքումները՝ 1441-42-ին):

ՀՀ տարածքը տեկտոնական առումով բաղկացած է դեպի հս., հս-արմ. ձգված մի քանի աղեղային տարահասակ ու տարակազմ տեկտոնական գոտիներից և միջլեռնային ու ներլեռնային իջվածքներից, օֆիոլիթային գոտիներից, որոնք իրարից սահմանազատված են տարբեր կարգերի բեկվածքներով և բարդացված են կամարածալքային, գոգածալքային ու տեկտոնական կառուցվածքներով: