Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀՀ տարածքում առանձնացված են հետևյալ կառուցվածքաձևաբանական ծալքավոր գոտիները. 1. Ալավերդի-Կապանի վաղ ալպյան (կիմերեյան) գոտի, ընդգրկում է Վիրահայոց, Ալավերդու և Տավուշի միաթեք կամարածալքային կառույցներն ու Կապանի հատվածը, 2. Բազում-Ձանգեզուրի միջին ալպյան ինտենսիվ-ծալքավորման գոտի, ընդգրկում է Սևան-Ամասիայի օֆիոլիթային գոտին, 3. Մերձարաքսյան միջին և վերին մեղմ ծալքավոր գոտի, ներառում է Երևան-Վեդու գոգածալքային և Ուրծ-Վայքի կամարածալքային կառույցները, 4. Ուշ ալպյան միջլեռնային իջվածքների գոտի, միավորում է Միջինարաքսյան, Նախիջևանի, Շիրակի իջվածքները: Այս հասակին է վերագրվում նաև Սևանի իջվածքը: Բազմիցս կրկնված տեկտոնական շարժումներն ուղեկցվել են երկրակեղևի առանձին տեղամասերի ճկմամբ, ծովածավալմամբ, հզոր նստվածքակուտակմամբ, ծալքալեռնագոյացմամբ, հողմահարման շարժնթացներով և այլն:


ՀՀ տարածքում հատկապես լայն տարածում ունեն երիտասարդ պլիոցենանթրոպոգենի մեծ և փոքր հրաբուխների գործունեության հետևանքով արտավիժված ու արտանետված դոլերիտային, բազալտային, բագալտանդեզիտռիոլիտային և այլ կազմերի լավային հոսքերը, ծածկոցները, հրաբխային կոները, տուֆերը, իգնիմբրիտներն ու բեկորային առաջացումները:


Դրանք իրենց ծագումնաբանական, կառուցվածքաձևաբանական առանձնահատկություններով ձևավորում են Ջավախքի, Եղնախաղի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Քանաքեռ-Եղվարդի հրաբխային շրջանները:


Հայկական լեռնաշխարհը դասվում է աշխարհի ակտիվ երկրաշարժամետ շրջանների շարքը: Հայաստանի տարածքի երկրաշարժերի մասին առաջին վկայագրերից է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որտեղ հիշատակված է մ.թ.ա. 550-ին Արարատ լեռան շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը:


Ստեփանոս Օրբելյանը 735-ի Վայոց ձորի 9 բալլ ուժգնության երկրաշարժի մասին գրում է. «... Այնուհետև հանկարծակի վրա հասավ տիրոջ պատուհասը: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային ձայներ՝ վայ ձոր, վայ ձոր: Տասը հազար մարդ ողջ-ողջ թաղվեցին գետնի տակ: Մարդիկ կատարվածի պատճառով գավառը կոչեցին Վայոց ձոր»:


1319-ի երկրաշարժից քարուքանդ են եղել բազմաթիվ բնակավայրեր, ամրոցներ ու եկեղեցիներ, հիմնովին ավերվել է Անի մայրաքաղաքը:


Մինչև 1440-ը ժամանակ առ ժամանակ գործել են Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնք առ այսօր ծխում Են: Խառնարաններից լսվում են դղրդոցներ, ժայթքում են ջրային գոլորշիներ, ծուխ, ծծմբային գազ, սակայն լավային արտավիժումներ չկան:


Իր ուժգնությամբ և մասշտաբներով ամենաաղետալին 1988-ի Սպիտակի երկրաշարժն էր, որն ընդգրկված է աշխարհի ուժեղ Երկրաշարժերի ցուցակում:


Հնագույն և նորագույն հրաբխականությունը և Երկրաբանական մի շարք շարժընթացների զարգացումները նպաստավոր պայմաններ են ստեղծել բազմաթիվ օգտակար հանածոների գոյացման համար:


Մագման մնացել է երկրակեղևի տարբեր խորություններում, սառել է և առաջացրել բյուրեղային զանգվածներ: Սառեցման ընթացքում անջատվել են գանագան քիմիական տարրերով հագեցած լուծույթներ, որոնք, լցվելով երկրակեղևի ճեղքերն ու խոռոչները, սառել են և գոյացրել Երակներ, անգամ՝ ամբողջ զանգվածները: Այդ եղանակով են առաջացել նաև պղնձի, մոլիբդենի, երկաթի, ոսկու, բազմամետաղային հանքավայրերը: