Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղետի հետևանքները: Էկոհամակարգի բնական հավասարակշռության խախտումն անդառնալի է. բնական միջավայրը քայքայվում է, կորցնում իր օգտակար հատկանիշները, բնակության և տնտեսություն վարելու համար դառնում ոչ պիտանի և հայտարարվում է էկոլոգ. աղետի գոտի: Տարբերում են տեղային, տարածաշրջանային և խոշորամասշտաբ է.ճեր: Տեղային է.ճ. տեղի է ունենում փոքր տարածքներում, տարածաշրջանայինը՝ մեծ տարածքներում, որի դեպքում բնական միջավայրի տեղային ու տարածաշրջանային խախտումները կենտրոնից տարածվում են մինչև որոշակի տարածություն և մարում են: Խոշորամասշտաբ է.ճ. խոշորամասշտաբ էկոհամակարգի՝ կենսոլորտի կայունության խախտումն է, որը տեղի է ունենում շրջակա միջավայրի բնութագրերի (կենսածինների խոշորաչափ կոնցենտրացիաներ) արագ փոփոխություններով:

Պատմությանը հայտնի են 7 խոշոր է.ճ-եր.

1-ին է.ճ. տեղի է ունեցել 30-50 հզ. տարի առաջ և համարվում է «բնական պաշարների ճգնաժամ»: Ենթադրվում է, որ բանական մարդու արագ տարածումը երկրագնդի վրա հանգեցրել է նրանց պարզունակ գործունեության (արդյունագործություն, հավաքչություն և այլն) միատեղման, և զանգվածային որսորդության ու հրդեհների հետևանքով լուրջ վնաս է հասցվել անտառներին ու բուսականությանը:

2-րդ է.ճ. տեղի է ունեցել 10-30 հզ. տարի առաջ և կապված է խոշոր կենդանիների զանգվածային որսի հետ, որի հետևանքով խիստ նվազել են որսի պաշարները: Անհետացել է, այսպես կոչված մամոնտային ֆաունան, որը հայտնի է «կոնսումենտների ճգնաժամ» անվամբ: Դրան հաջորդել է առաջին գյուղատնտ. հեղաշրջումը, առաջ են եկել ոռոգելի երկրագործությունն ու անասնապահությունը:

3-րդ է.ճ. տեղի է ունեցել 2 հզ. տարի առաջ՝ կապված հողերի աղակալման ու դեգրադացման հետ, որի հետևանքով երկրի տարբեր մասերում տարածվել է սով:

4-րդ է.ճ. տեղի է ունեցել 350-500 տարի առաջ, կոչվել է «պրոդուցենտների ճգնաժամ», որը պայմանավորված էր արոտավայրեր ստեղծելու նպատակով անտառների զանգվածային հատումներով: Մինչև XIX դ. կեսը դրա հետևանքները չունեին խոշորամասշտաբ բնույթ, քանի որ շրջակա միջավայրում չի դիտվել կենսահարույց նյութերի կոնցենտրացիայի խոշորաչափ փոփոխություն: Դա նշանակում է, որ կենսոլորտը դիմակայել է անտառների կենսազանգվածի ոչնչացմանը և գյուղատնտ. հողերի հյուծմանը նպաստող կենսածին գործոններին: Բնական միջավայրի տեղային և տարածաշրջանային նույնիսկ բազմաթիվ խախտումների դեպքում կենսամիջավայրը կարգավորում է բնական հավասարակշռությունը և ապահովում կենսոլորտի խոշորամասշտաբ կայունությունը:

5-րդ է.ճ. տեղի է ունեցել 40-50 տարի առաջ, որը սպառնում էր արտադր. թափոններով կենսոլորտի խոշորամասշտաբ աղտոտմանը: Այդ ճգնաժամը կոչվել է «ռեդուցենտների» ճգնաժամ՝ նկատի ունենալով քայքայիչ միկրոօրգանիզմներով քարոլորտի մակերևութային շերտի աղտոտումը: Դրան համապատասխանում է գիտատեխ հեղաշրջումը:

6-րդ է.ճ. պայմանավորված է էներգապաշարների համեմատական անբավարարությամբ տեղի է ունեցել 30-40 տարի առաջ, և կոչվել է էներգետիկ ճգնաժամ: Դրա հաղթահարման համար հարկ եղավ փնտրել էներգիայի նոր այլընտրանքային աղբյուրներ և առավելագույնս խնայել էներգիան:

7-րդ է.ճ. սկսվել է 20-25 տարի առաջ և հայտնի է «էկոհամակարգի հուսալիություն» անվամբ, կապված է բնության էկոլոգիական հավասարակշռության խախտման հետ:

Այս ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է «էկոլոգ. պլանավորման հեղաշրջում», այսինքն՝ զարգացման այնպիսի եղանակի մշակում, որով ժամանակակից մարդը չի վնասի ապագա սերունդներին:

էԿՈՀԱՄԱԿԱՐԳ 1. ա) կենդանի օրգանիզմների ցանկացած համակեցություն և նրա բնակության միջավայրը՝ պատճառահետևանքային կապերով փոխպայմանավորված՝ ֆունկցիոնալ ամբողջության մեջ: Է. բնութագրվում է օրգանիզմների որոշակի տեսակային կազմով, թվաքանակով, կենսազանգվածով, յուրահատուկ շրջակա միջավայրով: Տարբերում են փոքր էր եր (օրինակ՝ փտող ծառի բուն և այլն), միջին է-եր (անտառ, լիճ, ճահիճ և այլն) և մեծ է-եր (մայրցամաք, օվկիանոս և այլն ): Խոշորաչափ է. է կենսոլորտը, բ) կենսաերկրահամակեցության հոմանիշ, երբ այն դիտարկվում է որպես աստիճանակարգային տարրական համալիր՝ բաղկացած կենսավայրից և կենսահամակեցությունից, իսկ է.՝ կենսոլորտի յուրահատուկ «բջիջ» (օրգանիզմի բջջային կառուցվածքի Նման), գ) ինֆորմացիոն ինքնազարգացող, կենսահարույց էկոլոգ. բաղադրիչների և նյութի ու էներգիայի ոչ կենսահարույց աղբյուրների ջերմադինամիկորեն բաց համախումբ, որոնց միասնությունն ու գործառն. կապը կենսոլորտի որոշակի հատվածի, ժամանակի ու տարածության մեջ ապահովում են նյութի, էներգիայի և ինֆորմացիայի ներքին օրինաչափ տեղափոխությունների գերազանցությունն արտաքին (այդ թվում նաև հարևան նույնական խմբերի միջև) փոփոխություններից և դրա հիման վրա՝ կենսահարույց և կենսածին բաղադրիչների կարգավորիչ ազդեցությամբ՝ ամբողջի տևական ինքնակարգավորումն ու զարգացումը:

2. Միասնություն, որը ներառում է կենասվայրի բոլոր օրգանիզմները՝ կենսահամակեցությունը, և փոխազդում ֆիզ. միջավայրի հետ՝ համակարգի ներսում ստեղծելով որոշակի սննդային կառուցվածք, տեսակային բազմազանություն և նյութերի շրջապտույտ (կենսածին ու ոչ կենսածին միջավայրերի փոխանակություն): Ոչ բոլոր «կյանք-միջավայր» համակցություններն են է.: Է. կյանքի և շրջապատող միջավայրի այն միավորումն է, որը բնորոշվում է որոշակի կայունությամբ, նյութերի ներքին շրջապտույտով և արտաքինի համեմատ ներքին նյութափոխանակության գերազանցությամբ: Ըստ որոշ հեղինակների՝ է. ընդգրկում է ցանկացած ծավալի և չափողականության տարածք՝ ջրի կաթիլից մինչև օվկիանոս և մոլորակի ամբողջ մակերեսը:

3. էկոլոգ. համակարգ, որի տարրերն են, մի կողմից, օրգանիզմները, նրանց խմբերը (առանձնյակ, տեսակ, պոպուլացիա, համակեցություն), մյուս կողմից՝ բնակության միջավայրը: Բնական լանդշաֆտի, կենսաերկրահամակեցության և բնական երկրահամակարգի միջև գոյություն ունեն