Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղղաձիգ հորանների միջոցով, առաջին անգամ 1 հանքախորշի փորվածքի երկարությունը կազմել է 6250 մ: Լուծվել են ստորգետնյա շին-յան բարդ խնդիրներ՝ մեծ գազակուտակման և բարձր ջերմաստիճանների պայմաններում փակուղային երկար փորվածքների օդափոխումը, ջրի անսպասելի արտանետումների պայմաններում խոր հորաններից ջրհանումը: Մշակվել, պատրաստվել և ներդրվել են թունելների հավաքովի բլոկային երեսարկման մոտ 4 ՄՊա լեռն․ ճնշման համար նախատեսված կոնստրուկցիաներ, առաջին անգամ կիրառվել են հանքահորի փողերի երեսարկի բետոնապատման կախովի փեղկային կաղապարամածը, բեռների ինքնահետգլորքը հորանային մակերևույթի վրա, բարձր ճնշման օդափոխիչներ, բազմաստիճան ջրապոմպեր և այլն:

Ռ-Ա-Ս-ի շահագործմամբ ապահովվել է ոչ միայն Սևանա լճի մակարդակի կայունացումը, այլև աստիճան. բարձրացումը:

ՈՌՈԳՈՒՄ, իռիգացիա, անբավարար խոնավությամբ հողերի ջրային պաշարների արհեստ․ լրացում: Նպաստում է հողում բույսերի աճմանն ու զարգացմանն անհրաժեշտ ջրային, օդային, ջերմային և սննդային ռեժիմների ստեղծմանը: ՀՀ-ում և ԼՂՀ-ում Ո. հողաբարելավման հիմն․ եղանակներից է և ներառում է տեխ., ագրոտեխ. ու կազմակերպչ. տնտ. միջոցառումների համալիր, որի հիմքում դրված են հողերի ջրման ջրատեխ. գործադրաձևերը: Տարբերում են խոնավացման, պարարտացման, աղազերծման ու ջերմային, իսկ ըստ ջրման հաճախականության՝ նաև կանոնավոր և պարբեր. Ո-ման տիպեր:

Խոնավացման Ո-մամբ (կիրառվում է չորային շրջաններում) հողում ստեղծվում ու պահպանվում են անհրաժեշտ ջրային և օդային ռեժիմներ, պարարտացման Ո-մամբ ջրի հետ ներմուծվում են պարարտանյութեր, աղազերծման Ո. կիրառվում է հողերից վնասակար աղեր հեռացնելու, իսկ ջերմային Ո. (տաք ջրով)՝ վեգետացիայի շրջանը երկարացնելու համար: Ո. կիրառվում է նաև վնասատուների դեմ պայքարելու նպատակով: Կանոնավոր Ո-ման դեպքում դաշտերը ջրում են ըստ ռեժիմի, իսկ պարբերական Ո-ման դեպքում՝ 1 անգամ (օրինակ՝ գետերի հորդացման ժամանակ՝ լիմանային Ո.):

Ո. իրագործվում է հատուկ համակարգերով, որոնք բաղկացած են Ո-ման աղբյուրից (գետ, ջրամբար, լիճ, ջրանցք և այլն), ջրառու կառույցներից, ուղևորող (գլխ., միջտնտեսային, ներտնտեսային և տեղամասային ջրանցքներ), կարգավորող (ժամանակավոր ոռոգիչներ, ջրատարներ, ակոսներ, մարգեր, իսկ անձրևացման դեպքում՝ խողովակներ, անձրևացման մեքենաներ կամ սարքավորումներ), ջրհավաք-ջրհեռատար, կառավարող, ավտոմատ, էլեկտրական ու հեռախոսային ցանցերից, ջրատեխ. կառույցներից (ջրաչափեր, ջրթափեր և այլն) և ճանապարհներից: Ո-ման ժամանակակից համակարգերում կիրառվում են նաև համակարգիչներ, հեռուստատեսային կառավարման և ավտոմատացման սարքեր և այլն:

Ո-մամբ հնարավոր է արմատապես բարելավել չորային գոտիների հողերը և ներառել գյուղատնտ. արտադրության մեջ: Սակայն առանց բնական պայմանների ճշգրիտ հաշվառմամբ կատարվող Ո. կարող է առաջացնել հողի ջրային էրոզիա և աղակալում (տես Հողի էրոզիա և Հողի աղակալում):

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակից սկսած՝ Հայկ. լեռնաշխարհում հողերը ոռոգելու համար կառուցվել են բազմաթիվ ջրանցքներ (Մենուայի, Դալմայի և այլն) և ջրատեխ. այլ կառույցներ:

XX դ. սկզբին Հայաստանում ոռոգվում էր շուրջ 100 հզ. հա հողատարածք, որը մինչև 1980-ական թթ. վերջը աճեց 3 անգամ՝ մի շարք համալիրների՝ Շիրակի, Արզնի-Շամիրամի, Թալինի, Արտաշատի և այլ մայր ջրանցքների ու ջրատեխնիկական կառույցների գործարկմամբ:

ՀՀ-ում ոռոգման աշխատանքներն ընթանում են 1999-2001-ին մշակված «ՀՀ Ջրային պաշարների համապարփակ կառավարման ծրագրի» համապատասխան, որտեղ ուրվագծվել են ջրերի առաջարկը և պահանջարկը, Ո-ման կազմակերպումը դարձել է տնտ. գործունեության ինքնուրույն բնագավառ, այն իրականացնում են հատուկ ստեղծված «Հայոռոգում» միավորման կազմում շուրջ 1 տասնյակ ՓԲԸ-ներ և 15 Ջրօգտագործողների միություններ: 2004-ին ոռոգվող տարածությունների ընդհանուր մակերեսը ՀՀ-ում կազմել է մոտ 300 հզ. հա, ԼՂՀ-ում՝ 75 հզ. հա:

Տես նաև Երկրագործություն:

ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ, վայրի կենդանիների, թռչունների և ձկների ձեռքբերումը կամ ոչնչացումը՝ որսորդության, ձկնորսության կանոնների և կենդ․ աշխարհի պահպանման օրենսդրության այլ պահանջների խախտմամբ:

Ո. է համարվում ապօրինի որսը՝ առանց համապատասխան թույլտվության, արգելված վայրերում ու ժամանակ, արգելված միջոցներով (եղանակներով, գործիքներով) որսորդությունը և ձկնորսությունը, Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը, վայրի կենդանիների թույլատրված չափից ավելի որսը, ինչպես նաև օգտակար թռչունների ձվերի, փետուրների հավաքումը, թռչնաբների, որջերի ու բների քանդումը և այլն: ՀՀ-ում Ո-յան համար օրենքով նախատեսված է քրեական կամ վարչ. պատիժ:

Հին և միջնադարյան Հայաստանում Ո-յան մասին հիշատակել են Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, Սեբեոսը, իսկ Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, Հովհանես Գ Օձնեցու «Կանոնագիրք հայոց»-ում Ո-յան պատժելիության մասին կան ամբողջ. նորմատիվներ:

ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ, վայրի կենդանիների ու թռչունների որս, որը մարդու տնտ. գործունեության հնագույն ձևերից է: Սկզբնապես Ո. (նաև որսի սպառումը) կրել է կոլեկտիվ բնույթ և սովորաբար զուգակցվել է հավաքչության, ձկնորսության, ավելի ուշ՝ երկրագործության ու անասնապահության հետ: Ո-յան հնագույն զենքեր են ծառայել քարը, քարե, փայտե, ոսկրե կացինը, տեգը, նիզակը, պարսատիկը, ցանցը, թակարդը, իսկ մետաղամշակությունից հետո՝ մետաղե