Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամֆիբոլիտներ և այլն: Ծագումով և տարածականորեն այս հանքավայրի հետ կապված են ագաթի, մեղեսիկի, մանգանի հանքավայրերը: Բենթոնիտային կավերն օգտագործվում են ժող. տնտեսության տարբեր բնագավառներում (պողպատաձուլություն, նավթի, սննդի, քիմ. արդ. և այլն): Հանքանյութը մշակվում է Իջևանի բենթոնիտային կավերի կոմբինատում (1996-ից՝ «Բենթոնիտ» ընկերություն):

ՍԵՅՍՄԱՇՐՋԱՆԱՑՈՒՄ, պոտենցիալ երկրաշարժի վտանգավորության աստիճանով տեղամասերի շրջանների, մարզերի առանձնացում: Երկրաշարժամետ տարածքների սահմանազատումը և քարտեզագրումը հիմնվում են անցյալի ուժեղ ու ժամանակակից երկրաշարժերի գրանցման, վերնակենտրոնային մարզերի ուսումնասիրման և տարածաշրջանի երկրբ. ու տեկտոն. կառուցվածքների առանձնահատկությունների համատեղ վերլուծության արդյունքների վրա: Ս-ման քարտեզները, ըստ MSK-1964 սանդղակի, արտահայտում են սպասվող ցնցումների ուժգնությունը՝ գրունտների տատանման արագացմամբ, արագությամբ կամ դրանց համապատասխանող բալլայնությամբ, և դրվում են երկրաշարժակայուն շին. չափորոշիչների կազմման հիմքում: Այս ուսումնասիրություններն ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր: Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմեր»-ում (1994):

ՀՀ տարածքը գտնվում է Տավրոս-կովկասյան 8-10-բալլանոց սեյսմաակտիվ գոտում: ՀՀ-ում Ս-ման առաջին քարտեզները կազմվել են 1937-ին: 1994-ին կազմվել է ՀՀ տարածքի (մասշտաբ՝ 1:500000) Ս-ման քարտեզը (Է. Խաչիյան, Բ. Կարապետյան, Գ. Սիմոնյան և ուր.), որտեղ առանձնացվում են չափավոր (հս-արլ. և հվ-արլ. շրջաններ՝ 8 բալլ), միջին (կենտր․ և հվ-արլ. շրջաններ՝ 8-9 բալլ) և բարձր (հս. և հվ. 2 շրջան՝ 9 և ավելի բալլ) երկրաշարժայնության սեյսմածին գոտիներ: Քարտեզը դրվել է ՀՀ-ում գործող նոր երկրաշարժակայուն շին. չափորոշիչների կազմման հիմքում: Կազմվել են նաև Երևանի և հանրապետության խոշոր քաղաքների միկրոսեյսմաշրջանացման սխեմաներ: Սեյսմատեկտոնական քարտեզը տես էջ 77-ում:

«ՍԵՎԱՆ», հիդրոկարբոնատքլորիդային, նատրիում-մագնեզիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Գավառ ք-ի տարածքում (Գավառագետի ձախ ափին) և շրջակայքում: Առաջանում է բազալտային անդեզիտներով ծածկված պլիոցենի լճագետային նստվածքներում: Ելքերը կապված են հս-արմ., լայնակի և միջօրեականի ուղղությամբ տեկտոն. խախտումների հետ և Երկրի մակերևույթ են դուրս գալիս հորատանցքերով: Շահագործվում է 1955-ից: Հանքայնացումը 2,8 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1,8 գ/լ, շահագործման պաշարները՝ 1710 մ3/օր։

Քիմ. կազմը՝

Պարունակում է նաև Fe, I, Br, B, F, Zn միկրոտարրեր: Ջրաբուժ. հատկություններով նման է «Հանքավան», «Լիճք» և «Եսենտուկի» № 4 (ՌԴ) հանքային ջրերին: Օգտագործվում է ստամոքսաղիքային, միզուղիների հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքերում:

ՍԱՎԱՆԻ ՃԿՎԱԾՔ, նեոգեն-անթրոպոգենի տեկտոն. իջվածք ՀՀ արլ. մասում: Եզրավորված է Արեգունու, Սևանի, Արլ. Սևանի, Վարդենիսի, Գեղամա ու Փամբակի լեռնաշղթաներով: Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ. (երկար.՝ 120 կմ, լայն.՝ 30-70 կմ): Գրաբենային կառուցվածքը ձևավորվել է խզումնային տեկտոն. շարժումների, կամարածալքային բարձրացումների ու գոգածալքային իջեցումների հետևանքով: Առավել ճկված մասում առաջացել է Սևանա լիճը, որը Արտանիշ-Նորատուս ստորջրյա լայնական արգելապատով բաժանվում է Մեծ և Փոքր Սևանների: Ճկվածքով ձգվում է երկրաշարժաակտիվ խախտում, որը միանում է Բազում-Սևանի և Զանգեզուրի խորքային բեկվածքներին: Փոքր Սևանի ճկվածքը երիտասարդ (միջին-վերին անթրոպոգեն) գրաբեն է, որը ուղղաձիգ տեկտոն. շարժումների հետևանքով մի քանի անգամ ավելի արագ է ճկվել, քան Մեծ Սևանի ճկվածքը:

ՍԵՎԱՆ-ՀԱԳԱՐԻԻ ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ԳՈՏԻ, Սևանի օֆիոլիթային գոտի, ՀՀ արլ. մասում՝ Արցախի արմ-ում: Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ. (երկար.՝ մոտ 200 կմ, լայն.՝ 10-30 կմ): Ընդգրկում է Սևանի ու Արցախի լեռնաշղթաները և Հագարի գետի միջին ու ստորին ավազանները: Խորքային բեկվածքի վրա տեղադրված գրաբեն-գոգածալք է: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են յուրայի ու կավճի կավավազաքարային և կայծքարային հրաբխ. շերտախմբեր, հիմնային, գերհիմնային ու կրաքարային ապարներ: Ապարները ալպյան տեկտոն. կազմությամբ պարբերաբար ենթարկվել են ճզմման և ծալքավորման: Ժամանակակից ռելիեֆը հետմիոցենյան տեկտոն. ուղղաձիգ շարժումների հետևանք է:


ՍԵՎՔԱՐ-ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՄԱՆԳԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Տավուշի մարզում: Ջրաջերմային-նստվածքային միջին հարստության հանքավայր է՝ բաղկացած Սևքարի ու Սարիգյուղի տեղամասերից: Հայտնի է հնագույն ժամանակներից: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են վերին յուրայի և վերին կավճի հրաբխանստվածքային ու նստվածքային ապարներ: Հաճախ հանդիպում են նաև վերին