Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջման առաջին անմիջական հետևանքը հայ ժողովրդի համար եղել է Կովկասյան ռազմաճակատի քայքայումը։ Ընդունելով դեկրետներ հողի և հաշտության մասին, 1918-ի մարտին Գերմանիայի հետ ստորագրելով անջատ հաշտությունը (տես Բրեստի հաշտություն 1918)՝ Խորհրդ․ Ռուսաստանի կառավարությունը փաստորեն խթանել է Կովկասյան ռազմաճակատից ռուս․ զորքերի հեռացումը։ Ռազմաճակատում մնացել են հայկ․ զորամասերը, որոնք իրենց թվաքանակով և զինվածությամբ զիջել են թուրք․ բանակին։ Վրաց․ զորամասերը կենտրոնացվել են ռազմաճակատի վրաց-թուրք․ սահմանում։

Բրեստի հաշտությամբ Խորհրդ․ Ռուսաստանը Թուրքիային է զիջել պատերազմի ընթացքում գրաված Արմ․ Հայաստանի տարածքը, որի հետ նաև Կարսի և Արդահանի օկրուգները։ Բրեստի հաշտության այդ պայմանները ըստ էության հրաժարում էր 1917-ի դեկտ․ 29-ի խորհրդ․ կառավարության ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետից (տես Դեկրետ «Թուրքահայաստանի մասին»)։

1918-ի փետր․ թուրք․ զորքերը, խախտելով 1917-ի դեկտ․ կնքած Երզնկայի զինադադարը, հարձակման են անցել։ Թուրքերին դիմակայել է փաստորեն միայն գեն․ Թ․ Նազարբեկովի հրամանատարությամբ գործող Հայկական կորպուսը (մոտ 35 հզ․ զինվոր)։ Հակառակորդի գերազանցող ուժերը լուրջ դիմադրության չեն հանդիպել։ Շուտով թուրքերը գրավել են Երզնկան, Բաբերդը, Էրզրումը, Սարիղամիշը, Արդահանը և դուրս եկել Կարսի ու Բաթումի մատույցներ։

Ստեղծված պայմաններում Անդրկովկասյան սեյմը թուրք․ հրամանատարությանը առաջարկել է սկսել հաշտության բանակցություններ։ Բանակցությունները, որոնք ընթացել են մարտի 14-ից ապրիլի 14-ը Տրապիզոնում (տես Տրապիզոնի բանակցություններ 1918), անցել են անարդյունք և ընդհատվել։

Բանակցությունները վերսկսվել են 1918-ի մայիսին, Բաթումում։ Թուրք․ կողմը նորից մերժել է Անդրկովկասյան հանրապետության բոլոր առաջարկությունները։ Վերսկսելով հարձակումը՝ թուրք․ զորքերը մայիսի 16-ին գրավել են Ալեքսանդրապոլը, ապա շարժվել Երևան։ Անդրկովկասյան զորքերը պարտվել են, և սեյմը 1918-ի մայիսի 26-ին հայտարարել է իր կազմալուծման մասին։ Անդրկովկասյան դաշնակցային հանրապետությունը (ստեղծվել էր 1918-ի ապրիլի 22-ին) դադարել է գոյություն ունենալ։

Գրավելով Ալեքսանդրապոլը՝ թուրք․ զորքերի մի մասը շարժվել է դեպի Ղարաքիլիսա, իսկ մեկ ուրիշ խմբավորում մայիսի 21-ին սկսել է հարձակումը Սարդարապատի վրա՝ նպատակ ունենալով գրավել Երևանը։ Այդ վճռական պահին Երևանի և շրջակա գյուղերի բնակչությունը ստեղծել է ժող․ աշխարհազորի ջոկատներ, որոնք անմիջապես միացել են հայ ազգ․ զորամասերին։ Ի զեն էր կոչում բնակչությանը հայ եկեղեցին։ Դա իսկապես համաժող․ շարժում էր։

1918-ի մայիսի վերջին տեղի են ունեցել համառ մարտեր Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի մոտ (տես Բաշ Ապարանի ճակատամարտ 1918, Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918, Սարդարապատի ճակատամարտ 1918)։ Հայերը պարտության են մատնել թուրքերին Սարդարապատի և Բաշ Ապարանի մոտ, իսկ Ղարաքիլիսայի ճակատամարտում՝ կասեցրել թշնամու առաջխաղացումը։

1918-ի մայիսյան հերոսամարտերը բախտորոշ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի հետագա պատմության համար։ Ձեռք բերված հաղթանակի շնորհիվ Արլ․ Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկ․ պետականությունը։

1918-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը։ 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգ․ խորհուրդը (Թիֆլիս) ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր․ «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն ու միակ իշխանություն»։ Հունիսի սկզբին Հայոց ազգ․ խորհուրդը հրապարակել է հաղորդում այն մասին, որ․ «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի ժողովըրդավարական հանրապետություն»։ 1918-ի մայիսի 28-ը հայ ազգ․ պետականության վերականգնման, Հայաստանի առաջին հանրապետության ծննդյան օրն է։


Հայ քաղ․ հիմն․ կուս-ների միջև Թիֆլիսում կայացած բանակցություններում որոշվել է ձևավորել Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմին՝ Հայաստանի խորհրդարանը՝ ընդգրկելով նրա մեջ Թիֆլիսի և Երևանի Հայոց ազգ․ խորհուրդների անդամներին։ Ապա կազմավորվել է հանրապետության կառավարությունը։ Վարչապետ է նշանակվել ՀՀԴ կուս-յան գործիչ Հ․ Քաջազնունին։ Հանրապետության մայրաքաղաք է հռչակվել Երևանը․ մինչև Թիֆլիսից Հայաստանի խորհրդարանի և կառավարության անդամների ժամանումը իշխանությունը իրականացրել է Երևանի Հայոց ազգ․ խորհուրդը՝ Ա․ Մանուկյանի գլխավորությամբ։

Օգոստ․ 1-ին Երևանում բացվել է հանրապետության խորհրդարանի անդրանիկ նստաշրջանը, որը ընտրել է խորհրդարանի նախագահ, նրա տեղակալներին, հաստատել կառավարության կազմը։ Քաջազնունու կառավարության մեջ են մտել Ա․ Խատիսյանը (արտգործ․ նախարար), Ա․ Մանուկյանը (ներքին գործերի նախարար), Խ․ Կարճիկյանը (ֆինանսների նախարար), Գ․ Տեր-Պետրոսյանը (արդարադատության նախարար)՝ բոլորը ՀՀԴ կուս-յան անդամներ, և անկուսակցական զորավար Հ․ Հախվերդյանը (զինվորական նախարար)։

1919-ին կայացել են տեղական իշխանության նոր մարմինների՝ զեմստվոնե