Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բարոյական արժեքների վերականգնումը, ազգ․ վերածննդի և ինքնահաստատման ընդհանուր խնդիրների ընկալումը ևն կազմել են ԽՍՀՄ-ում տեղի ունեցող հրապարակայնության հաստատման, հասարակության ժողովրդավարացման գործընթացի բովանդակությունը։ Այդ գործընթացի յուրատեսակ խթան է հանդիսացել Ղարաբաղյան շարժումը։


Հավատ ընծայելով ԽՍՀՄ ղեկավարության հռչակած «վերակառուցմանը»՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչությունը որոշել է նորից բարձրացնել մարզը ՀԽՍՀ կազմի մեջ մտցնելու հարցը։ 1988-ի փետր․ 20-ին արցախահայերի պահանջը ձևակերպվել է ԼՂԻՄ մարզխորհրդի որոշման մեջ, որը Հայաստանում առաջ է բերել համերաշխության և օժանդակության հզոր ալիք։ Երևանում և մյուս քաղաքներում կայացած բազմամարդ հանրահավաքների մասնակիցների թիվը հասել է հարյուր հազարների։ Ձեռնարկություններում սկսվել են գործադուլներ, սակայն հանրապետության ղեկավարությունը և մամուլը պատշաճորեն չեն արձագանքել դեպքերին։ Հայ կոմկուսի վերնախավը ինքնամեկուսացել է ժողովրդից։ Հիմնականում լռություն է պահպանել նաև միութենական մամուլը։ 1988-ի փետր․ 21-ին՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոն, քննարկելով ստեղծված դրությունը, ԼՂԻՄ-ում և ՀԽՍՀ-ում ծավալված շարժումը որակել է որպես «ազգայնամոլների» և «ծայրահեղականների» սադրանք։ Այդ գնահատականն առաջացրել է հայ ժողովրդի արդարացի վրդովմունքը։

1988-ի փետր․ 27_29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվել է հայ բնակչության ջարդ, որից հետո ԼՂԻՄ-ում և ՀԽՍՀ-ում նոր թափով վերսկսվել են բազմամարդ հանրահավաքները և ցույցերը։ Ժողովուրդը պահանջել է քաղ․ գնահատական տալ կատարվածին, պատժել ոճրագործության կազմակերպիչներին, լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Շարժմանը կազմակերպված բնույթ տալու համար Երևանում և Ստեփանակերտում ստեղծվել են «Ղարաբաղ», «Կռունկ» կոմիտեները։ Շրջաններում, բազմաթիվ ձեռնարկություններում և բուհերում առաջացել են դրանց օժանդակող խմբեր։


Համոզվելով, որ կենտրոնը մտադիր չէ արդարացիորեն լուծել խնդիրը, Հայաստանի բնակչությունը պահանջել է իշխանություններից գումարել ԳԽ նստաշրջան և քննարկել ԼՂԻՄ մարզխորհրդի դիմումը։ ՀԽՍՀ ԳԽ նստաշրջանը 1988-ի հունիսի 15-ին, հաս․ կարծիքի ճնշման տակ, համաձայնություն է հայտնել Լեռնային Ղարաբաղը ՀԽՍՀ կազմի մեջ ընդունելուն։ Հուլիսի 18-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահությունը Հայաստանի ԳԽ որոշումը որակել է հակասահմանադրական։

Դրանից հետո շարժման մասնակիցներն առաջ են քաշել ոչ միայն Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու, այլև լայն ժողովրդավար․ վերափոխումների, հայրենիքի և սփյուռքի հայերի ուժերի համախմբման, հանրապետությունում բնապահպանման ոլորտում ստեղծված վիճակի կարգավորման պահանջներ։ Ստանալով լայն զանգվածների աջակցությունը՝

1988-ի վերջին և 1989-ին հանրապետության ԳԽ մասնակի ընտրությունների ժամանակ ԳԽ պատգամավորներ են ընտըրվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ

Լ․ Տեր-Պետրոսյանը, Ռ․ Ղազարյանը և ուր․։

1988_89-ին Ադրբեջանի իշխանությունները իրագործել են հայ բնակչության զանգվածային արտաքսումը Գյանջայից, Խանլարից, Շամխորից, Դաշքեսանից, Բաքվից և Ադրբեջանի հայաբնակ այլ վայրերից։ Միաժամանակ ՀԽՍՀ-ից սկսվել է ադրբ․ բնակչության արտագաղթը։


ՀԽՍՀ վիճակը կտրուկ վատթարացել է 1988-ի դեկտ․ 7-ին հանրապետության հս-ում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո (տես Սպիտակի երկրաշարժ)։ Այդ աղետի զոհ են դարձել 25 հզ․ մարդ (պաշտոնական տվյալներով), շուրջ 530 հզ․ մարդ մնացել անօթևան, լրիվ ավերվել են Սպիտակ և Գյումրի, խիստ տուժել Վանաձոր, Ստեփանավան քաղաքները և ավելի քան հարյուր գյուղ։ Ավերվել կամ մեծ վնաս են կրել ավելի քան 170 արդ․ ձեռնարկություններ, շարքից դուրս եկել էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման, կապի, տրանսպորտի համակարգերը։ Հսկայական վնաս է կրել գյուղատնտեսությունը, հատկապես անասնապահությունը։


Համաշխ․ հանրությունը օգնության ձեռք է մեկնել ավերված հանրապետությանը։ Տարբեր երկրներից Հայաստան են եկել փրկարարների ջոկատներ, բերվել դեղորայք, բժշկ․ սարքավորումներ, հագուստեղեն, մթերք ևն։ Ծավալվել է միջոցների հանգանակություն աղետի գոտու բնակչության համար, ստեղծվել «SOS-Հայաստան», «Ազնավուրը՝ Հայաստանին» և այլ հիմնադրամներ։ Հայ առաքելական եկեղեցին ամբողջ աշխարհի իր հոտին կոչ է արել օգնել հայրենիքին։

Սակայն աղետը չի կասեցրել Ղարաբաղյան շարժումը։ 1988-ի վերջին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեծ մասի ձերբակալությունն առաջացրել է ժողովրդի ցասումը։ Ի պաշտպանություն Ղարաբաղի արդար գործի, Ղարաբաղյան շարժման ղեկավարների, հանդես են եկել ռուս մտավորականության անվանի ներկայացուցիչներ՝ ակադ․ Անդրեյ Սախարովը, բանաստեղծ Միխայիլ Դուդինը, հրապարակախոս Անդրեյ Նույկինը և ուր․։ 1989-ի ապրիլին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն ազատվել են բանտարկությունից։ Շուտով «Ղարաբաղ» կոմիտեն ստեղծել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարը կայացել է 1989-ի նոյեմբ․։

1989-ի հունվ․ միութենական կառավարության որոշմամբ ԼՂԻՄ-ում մտցվել է կառավարման հատուկ ձև՝ Հատուկ կառավարման կոմիտե, լուծարվել են մարզի կուս․ և խորհրդ․ մարմինները։ Կոմիտեն մի շարք միջոցառումներ է իրագործել ՀԽՍՀ և ԼՂԻՄ-ի միջև տնտ․ և մշակութ․ կապերի հաստատման ուղղությամբ, ինչը Ադրբեջանի ղեկավարությունը գնահատել է որպես հանրապետության ինքնիշխան իրավունքների սահմանափակում։ Հատուկ կառավարման կոմիտեն լուծարվել է, և ստեղծվել, այսպես կոչված, Հանրապետական կազմ․ կոմիտե, որը