Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

90 %։ Հնդկահավաբուծությունն առավել տարածված է ԱՄՆ-ում, Կանադայում ևն։ ՀՀ-ում Հ․ բուծում են գյուղացիական տնտեսություններում։

Գրկ․ Կարապետյան Ս․Կ․, Թռչնաբուծություն, Ե․, 1969։

ՀՆԴԿԱՍՏԱՆ, Հնդկաստանի Հանրապետություն, պետություն Հարավային Ասիայում։ Տարած․ 3287,59 հզ․ կմ 2, բն․ 1 մլրդ (1999)։ Մայրաքաղաքը՝ Դելի (10 մլն)։

Դիվանագիտ․ հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։

Հայ-հնդկ․ առնչությունների մասին տեղեկություններ կան Քսենոփոնի (մ․թ․ա․ V-IV դդ․), Զենոբ Գլակի (մ․թ․ IV դ․), Մովսես Խորենացու (V դ․), Պրոկոպիոս Կեսարացու (VI դ․) երկերում։ Հ-ում առաջին հայ համայնքները կազմավորվել են XVI դ․, բնակիչները հիմնականում վաճառականներ էին, պետ․ և զինվորական ծառայողներ։ Համայնքները ստվարացել են XVII-XVIII դդ․ (շուրջ 20-25 հզ․ մարդ), երբ բազմաթիվ պարսկահայեր բնակություն են հաստատել Հ-ի շուրջ 20 քաղաքներում և առևտրակայաններում (Ագրա, Կալկաթա, Չինսուրահ, Սեիդաբադ, Սուրաթ, Բոմբեյ, Մադրաս, Մալաբար, Հայդարաբադ, Գվալիոր, Դաքա, Լահոր, Կոչին ևն)։ Փոքրաթիվ, բայց ազդեցիկ համայնքներ են ունեցել Դելի, Հուգլի, Նորովար, Քաշմիր քաղաքները։ Համայնքները կազմակերպչորեն ազգ-եկեղեցական էին և ենթարկվում էին Ամենայն հայոց կաթողիկոսությանը։ Առաջինը մադրասահայերն են կազմել համայնքային կանոնադրություն՝ «Տետրակ, որ կոչի նշավակ․․․» (1783), ըստ որի համայնքի բարձրագույն մարմինը Ընդհանուր ժողովն էր (գումարվում էր ամեն տարի), գործադիր մարմինը՝ 3 կառավարիչները։ Հնդկահայերը հիմնականում վաճառականներ, արհեստավորներ (ոսկերիչներ, դերձակներ, ասեղնագործներ, դարբիններ, զինագործներ), մանր գործավորներ էին․ կային նաև պետ․ պաշտոնյաներ, մտավորականներ։ Հ-ի կյանքում առավել նշանակալի դեր են ունեցել խոշոր վաճառականները, որոնք իրականացրել են առևտուրը Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վենետիկի հետ։ Հ․ թափանցած հոլանդ․, անգլ․, ֆրանս․ առևտր․ ընկերությունները առավելագույնս օգտվել են հայ վաճառականների ծառայություններից․ 1686-ին Արևելա-հնդկ․ ընկերության հետ կնքած պայմանագրով հայ վաճառականներն անգլ․ ազդեցության ոլորտում գտնվող բոլոր երկրներում ստացել են ազատ առևտուր անելու, սեփականություն ձեռք բերելու, պաշտոններ վարելու, ֆակտորիաներում բնակվելու իրավունք։ Այդ պայմանագրով միաժամանակ ամրապնդվել է հայ վաճառականների դիրքը, սակայն հետագայում նրանք աստիճանաբար կորցրել են իրենց ինքնուրույնությունը և դուրս մղվել անգլիացի մրցակիցների կողմից։

Հնդկահայերը մասնակցել են Հ-ի ազատագր․ պայքարին։ Հնդկ․ իշխանությունների հովանավորած և արտոնած հայ վաճառականները հնդիկներին օգնել են ֆինանս․ միջոցներ տրամադրելով, զինագործները զենք պատրաստելով, զինվորականները մտել են հնդկ․ բանակ և կռվել գաղութարարների դեմ։ 1662-ին Մալաբարի հայերը հնդիկների կողքին կռվել են պորտուգ․ նվաճողների դեմ։ Հաղթանակից հետո հնդկ․ իշխանությունները Մալաբարի կառավարիչ են նշանակել հայազգի Մարկոսին։ 1760-64-ին Բենգալիայում անգլիացիների դեմ կռվող հնդկ․ զորքի հրամանատարն էր Գորգին խանը (Հարությունյան Գրիգոր)։ Կռիվներում քաջությամբ աչքի են ընկել հայ սպաներ Մարգար Քալանթարը, Հարություն Մարգարը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Սուքիաս Ավետիքը և ուր․։ Հայերը մասնակցել են նաև XIX դ․ 1-ին կեսին ծագած հակաբրիտ․ գրեթե բոլոր ապստամբություններին։ Հնդկ․ տարեգրություններում դրվատանքով են հիշվում սպաներ Հակոբ Պետրոսյանը, Հովհաննես Մկրտիչը, որոնք գլխավորել են հայ-հնդկ․ զինված ջոկատներ։ Հնդկահայերին զբաղեցրել է նաև հայրենիքի՝ Հայաստանի ազատագրության խնդիրը։ Այդ նպատակով էլ 1770-ական թթ․ Մադրասում հիմնվել է Մադրասի խմբակը։ Խմբակի ակնառու դեմքեր Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը մեծ դեր են կատարել հայ ժողովրդի ազատագր․ գաղափարախոսության ձևավորման գործում։ 1772-ին Մադրասի հայկ․ տպարանում լույս է տեսել Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» գիրքը, 1773-ին՝ «Որոգայթ փառացը», որն ապագա հանրապետ․ Հայաստանի պետ․ կազմակերպության ծրագիր էր։ 1806-ին Մադրասի Ազգային ժողովը հարց է հարուցել Հայաստանի ազատագրության համար դիմել Ռուսաստանի օգնությանը։

Հնդկահայերն ազգայինը պահելու համար հիմնել են եկեղեցիներ, ընկերություններ, հայ ազատագր․ պայքարի հաջողության նախադրյալ են համարել ազգ․ մշակույթի զարգացումը։ Ցայսօր գործում են հայկ․ եկեղեցիներ Կալկաթայում (Ս․Նազարեթ, Ս․Գրիգոր Լուսավորիչ, Ս․Երրորդության մատուռ), Բոմբեյում (Ս․Պետրոս առաքյալ), Մադրասում (Ս․Աստվածածին)։ 1771-ին Խոջա Չաքիկենցի ծախքով Էջմիածնում հիմնվել է Հայաստանի առաջին տպարանը, Էդվարդ Ռափայելի և Սամվել Մուրատի միջոցներով Եվրոպայում՝ Մուրատ-Ռափայելյան վարժարանը, Խոջա Յոհանջյան-Գերաքյանի միջոցներով Նոր Նախիջևանում հիմնադրվել է դպրոց, որին իր ունեցվածքից տոկոսներ է կտակել Մասեհ Բաբաջանը։ XVIII դ․ վերջին - XIX դ․ դպրոցներ կային հնդկահայ գրեթե