Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճակատ՝ պսակված տարբեր չափերի, միմյանց շաղկապված ճակտոններով։ Ծավալները սիմետրիկ են, կենտրոնից դեպի եզրերը նվազող եռանկյունի դասավորությամբ (տարբեր ծավալների մեկ միասնական ճակատով նման լուծումը վանական այլ համալիրների համեմատությամբ քաղաքային տիպ է և զարգացում է գտել Եվրոպայում)։ Հ․վ-ի համալիրի մասն են կազմում հվ-ում տեղադրված միմյանց կից ուղղանկյուն հատակագծով երեք կառույցները (հավանաբար նշխարատուն կամ գրապահոց են եղել)՝ ուշագրավ իրենց արտակարգ շքեղ դեկորատիվ հարդարանքով։ Հ․վ-ում կան փոխհատվող կամարների կառուցվածքային տարբեր համակարգերով իրականացված ծածկերի հնագույն օրինակներ։ Հ․վ․, որ Բագրատունիների ժամանակաշրջանում ունեցած դերով, շին․ և ճարտ․ նշանակությամբ հայ ճարտ-յան կարևորագույն իրագործումներից է, այժմ կիսավեր է։

Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 1․, Ե․, 1942։ Մանուչարյան Ա․Ա․, Քննություն Հայաստանի IV-XI դարերի շինարարական վկայագրերի, Ե․, 1977։ Thierry J․M․, Le couvent armռnien d՚Horomos, Louvain-Paris, 1980․

ՀՈՎԱԶ, ինձ, ընձառյուծ (Panthere pardus), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն։ Մարմնի երկար․ մինչև 170սմ է, կենդանի զանգվածը՝ 32-40 կգ։ Ականջները՝ կարճ և կլոր։ Մորթին՝ խիտ, դեղին կամ դեղնակարմրավուն, սև խալերով։ ՀՀ-ում տարածված է անդրկովկասյան Հ․, որը հանդիպում է Մեղրուց Արարատ ընկած գոտու անտառներում։ Ունի լավ լսողություն և տեսողություն։ Հղիությունը՝ 90-105 օր, ունենում է 1-4 ձագ։ Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով։ Գրանցված է միջազգ․ և ՀՀ Կարմիր գրքերում։


ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Գագիկ Մանուելի (ծ․ 15․6․1912, Թեհրան), կենսաքիմիկոս։ Պրոֆ․ (1950), Փարիզի բժշկ․ և Բորդոյի պատմ․ գիտությունների ակադեմիաների թղթ․ անդամ։ Ավարտել է Բրյուսելի համալսարանը (1936)։ 1938-ից աշխատել է Թեհրանի համալսարանում, 1979-84-ին՝ Փարիզում։ Աշխատանքները վերաբերում են բժշկ․ կենսաքիմիայի, հատկապես ստերինների, փոխանակության ուսումնասիրությանը։ Զբաղվել է նաև հնագիտության հարցերով։ Հրավիրվել է Երևան և դասախոսություններ կարդացել ԵՊՀ-ում։ Կենսաքիմիկոսների միջազգ․ ընկերության անդամ, Իրանի կենսաքիմ․ միության, ինչպես նաև “Acta Biochimica Jranica” գիտ․ պարբ-ի հիմնադիրը, ֆրանս․ և անգլ․ կենսաքիմիկոսների միության անդամ։ Հ-ի նախաձեռնությամբ Թեհրանում հրատարակվել է «Հուր» ամսագիրը (հայ․ և պարսկ․)։ Թեհրանի և Իրանի հս․ շրջանների հայերի կողմից երկու անգամ ընտրվել է Իրանի Մեջլիսի պատգամավոր։ Պարգևատրվել է ֆրանս․ «Պալմ ակադեմիկ» գիտ․ շքանշանով։


ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հակոբ (Հրայր) Սահակի (ծ․ 13․5․1953, Հալեպ), բժիշկ, սրտավիրաբույժ։ Ավարտել է Հալեպի բժշկ․ համալսարանը (1977)։ 1977-84-ին վերապատրաստվել է Նյու Յորքի Բեկմանի համալսարանում, 1984-88-ին՝ Օրեգոնի Ս․ Վինսենտ հոսպիտալում (սիրտթոքային վիրաբուժության գծով), 1988-1989-ին՝ Ֆիլադելֆիայի մանկ․ հոսպիտալում։ 1990-ին մասնակցել է «Բիոտրոնիկ EDP-30» անոթազարկային գեներատորի ստեղծմանը։ 1992-93-ին աշխատել է Երևանի Ա․ Միքայելյանի անվ․ վիրաբուժության կենտրոնում։ 1993-ին Նորք-Մարաշ բժշկ․ կենտրոնում Հ-ի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ բացվել է մանկ․ սրտավիրաբուժության, 1996-ից նաև մեծերի սրտային վիրաբուժության բաժին։ Կենտրոններն սպասարկում են նաև ԱՊՀ և մոտակա արտասահմ․ երկրների հիվանդներին։ Հ․ վիրահատում է հիմնականում բնածին և ձեռքբերովի արատներով, ինչպես նաև սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապողներին։

ՀՀ ԳԱԱ պատվավոր դ-ր (1999)։ Երեվանի պատվավոր քաղաքացի (1997)։ Արտասահմ․ մի շարք բժշկ․ ընկերությունների և ասոցիացիաների անդամ։ Արժանացել է Օրեգոնի բժշկ․ համալսարանի շնչառ․ վիրաբուժության 1-ին մրց-ի։

Հ-ի ղեկավարությամբ ՀՀ-ում մեծ թվով բժիշկներ վերապատրաստվել են սրտային վիրաբուժության գծով։


ՀՈՎԱԿԻՄՅԱՆ-ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, արական երկրորդական կրթական հաստատություն։ Հիմնվել է Բեյրութում, 1947-ին։ Կոչվել է ՀԲԸՄ մանչերու բարձրագույն վարժարան։ 1951-ին Մ․Մանուկյանի նվիրատվությամբ վարժարանի համար կառուցվել է նոր շենք, և այն վերանվանվել ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան երկրորդ․ վարժարան (նվիրատուի և նրա հորեղբոր անունով)։ Տնօրեններ՝ Ա․Թոփճյան (1947-87), Ժ․Դանիելյան (1987-ից)։ Առաջնորդվում է լիբանանյան պետ․ դպրոց․ ծրագրով՝ տեղ հատկացնելով նաև հայագիտ․ առարկաներին։ Ավանդվել է հայ․ (աշխարհաբար, գրաբար), մատենագրություն, արդի հայ գրակ․, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, կրոն, արաբ․, անգլ․, բնական գիտ-ներ, մաթեմատիկա, ընդհանուր պատմություն, գրակ․, երաժշտություն, գծագրություն ևն։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին ՀԲԸՄ Հ-Մ․ վ-ի և Դարուհի Հակոբյան վարժարանի (շենքերի քանդման պատճառով) աշխատանքներն աստիճանաբար միավորվել են՝ վերածվելով երկսեռ երկրորդական վարժարանի և կոչվել «Դարուհի-Հովակիմյան երկրորդական վարժարան»։ Տնօրեն՝ Ժ․ Դանիելյան (1993-ից)։ Ուս․ տևողությունը 7 տարի է։ Ավարտական դասարանները բաժանված են առևտրական և բակալո