Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(820-829), Թեոփիլոսի (829-842), Միքայել III-ի (842-867) և Վասիլ I-ի (867-886) ժամանակաշրջանի պատմությունը։ Կարևոր տեղեկություններ է հաղորդում հայ-բյուզ․ հարաբերությունների, IX դ․ Բյուզանդիայում հայերի խաղացած դերի մասին։


ՀՈՎՍԵՓ ԴԻՆԻԲԵԿՅԱՆ (ծ․ և մ․թթ․ անհտ․), XVIII դարի 2-րդ կեսի դիվանագետ, ճանապարհորդ, ազատագրական շարժման մասնակից։ Հինգհարյուրապետի պաշտոնով ծառայել է Վրաստանի թագավորներ Հերակլ II-ի (1744-98) և Գիորգի XII-ի (1798-1801) արքունիքներում, պաշտոն․ ուղևորություններ կատարել Իրաք, Հնդկաստան, այլ երկրներ։ Հ․Դ-ի միջոցով Հերակլ II, Հայոց կաթողիկոսներ Հակոբ Ե Շամախեցին և Սիմեոն Ա Երևանցին նամակագր․ կապ են պահպանել հայ ազատագր․ շարժման գործիչ Շահամիր Շահամիրյանի հետ։ 1782-ին Հ․Դ․ Էջմիածին է բերել վերջինիս պատվերով 1778-ին Վենետիկում տպագրված «Աշխարհացոյց Հայաստանեայց»-ը, ապա Հնդկաստան՝ Շահամիրյանին հասցրել Հերակլ II-ի 1786-ի հրովարտակը՝ նրան իշխան․ կոչում շնորհելու մասին։

Գրկ․ Գրիգորյան Վ․Ռ․, Նոր տեղեկություններ Հովսեփ Դինիբեկյանի մասին, ՊԲՀ, 1979, №1։


ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆ (1726, Համադան, Իրան - 2․8․1809, Կալկաթա, Հնդկաստան), հայ ազատագրական շարժման գործիչ։ 1744-ին ընտանիքով տեղափոխվել է Կալկաթա, 1751-ին մեկնել Անգլիա։ 1755-ին ընդունվել է Վուլվիչի ռազմ․ ակադեմիան։ 1757-58-ին մասնակցել է Յոթնամյա պատերազմին։ Հայկ․ անկախ պետության վերականգնման համար Անգլիայի աջակցությունն ստանալու ակնկալությամբ՝ 1758-ին տեսակցել է Անգլիայի վարչապետ Ու․ Պիտտի հետ, սակայն համոզվել, որ Անգլիան շահագրգռված չէ իրականացնելու իր քաղ․ ծրագիրը։ 1759-ին եկել է Հայաստան, 1760-ին՝ եղել Էջմիածնում, համոզվել, որ հայ ժողովրդի ազատագրումը հնարավոր է Ռուսաստանի օգնությամբ։ Վերադարձել է Անգլիա, որտեղից Հ․Է․ 1761-ի աշնանը մեկնել է Պետերբուրգ, կանցլեր Մ․Ի․Վորոնցովին և փոխկանցլեր Ա․Մ․Գոլիցինին շարադրել Հայաստանն ազատագրելու և Ռուսաստանի հովանավորությամբ հայ-վրաց․ ֆեդերատիվ պետություն ստեղծելու իր քաղ․ ծրագիրը։ 1763-ի գարնանը իր ազգական Մովսես Բաղրամյանի և Աստրախանում նրանց միացած 30 հայ կամավորների հետ մեկնել է Վրաստան, որտեղ Հերակլ II թագավորի համաձայնությամբ սկսել է եվրոպ․ ռազմարվեստով վարժեցնել վրաց․ զորքը։ Կապեր է հաստատել տեղի հայերի, Ղարաբաղի մելիքների և Մշո Ս․Կարապետ վանքի առաջնորդ Հովնան Մշեցու հետ։ Վերջինս, ապստամբություն նախապատրաստելով Արմ․ Հայաստանում, Հերակլին խնդրել է Հ․Է-ին վրաց․ ջոկատով ուղարկել օգնության, սակայն Վրաց թագավորը խուսափել է Թուրքիայի հետ բախումից։ Հ․Է-ի հակաֆեոդ․ հայացքների պատճառով Հերակլը, վրաց ազնվականության ճնշմամբ, 1764-ին նրան արտաքսել է Վրաստանից։ Նրա ազատագր․ ծրագրի մասին տեղեկացած Երևանի պարսից խանի վրեժխնդրությունից խույս տալու համար՝ Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցին ևս մերժել է Հ․Է-ին։ Երկու տարի ապրելով Հս․ Կովկասի լեռնականների մոտ՝ Հ․Է․ Վրաստանը և Ղարաբաղը զերծ է պահել նրանց ասպատակություններից։ 1766-ին Ղարաբաղում տեսակցել է Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանի և մելիքների հետ, բայց չի կարողացել ապստամբություն կազմակերպել։ 1767-ին վերադարձել է Վրաստան, սակայն դարձյալ արտաքսվել է և անցել Հնդկաստան։ 1773-ին այնտեղ սերտ հարաբերություններ է հաստատել Շահամիր Շահամիրյանի հետ և մասնակցել Մադրասի խմբակի գործունեությանը։ Խմբակի անդամների և Հնդկաստանի հայ մեծահարուստների նյութ․ օժանդակությամբ փորձել է վերադառնալ Հայաստան, զորախմբեր ստեղծել և շարունակել պայքարը, սակայն այդ ծրագիրը խափանվել է։ 1777-83-ին գործել է Նոր Ջուղայում՝ ապարդյուն ջանալով իրագործել Հայաստան անցնելու իր ծրագիրը։ 1783-ից վերջնականապես հաստատվել է Հնդկաստանում։

1788-ին գրել է «Հովսեփ Էմին հայի կյանքն ու արկածները» (1792, անգլ․) ինքնակենսագր․ երկը։ Վառ և պատկերավոր լեզվով, հյութեղ ոճով շարադրված այդ երկը հայ ազատագր․ շարժումների պատմության անփոխարինելի աղբյուր է։ Այն միաժամանակ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում արլ․ և եվրոպ․ մի շարք երկրների և երկրամասերի (հատկապես Հայաստանի, Վրաստանի, Հս․ Կովկասի, Իրանի, Թուրքիայի) հաս-քաղ․ ու տնտ․ կյանքի, ժողովուրդների կենցաղի, բարքերի և սովորույթների մասին։ Ինքնակենսագրության մեջ և բազմաթիվ նամակներում Հ․Է․ շարադրել է եվրոպ․ լուսավոր․ գաղափարախոսության ազդեցությամբ ձևավորված իր առաջավոր հայացքները․ մարդիկ ծնվում են ազատ և