Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վարչությունն է։ Մասնաճյուղեր ունի Լիբանանում, Սիրիայում և Կիպրոսում։

Նպատակն է Մերձ․ Արլ-ի հայ երիտասարդությանը դաստիարակել մայր հայրենիքի, Հայաստանյայց առաքելական եկեղեցու և քրիստ․ քույր եկեղեցիների նկատմամբ անշահախնդիր սիրո զգացումով, պահպանել ու զարգացնել հայկ․ արժեքները, հայ երիտասարդներին կրթել որպես գաղթաշխարհի պատվավոր և օրինապահ քաղաքացիներ, սատարել ՀԲԸՄ նպատակներին ու գործունեությանը։


ՀԵԸ աշխատանքում ընդգրկված են թատրոնը, երաժշտությունը, մշակույթի մյուս բնագավառները, սկաուտական, մարզ․ ու երիտասարդ․ շարժումները։ Սփյուռքում հանրածանոթ են «Վահրամ Փափազյան» (Բեյրութ) և «Ադամյան» (Հալեպ) թատերախմբերը։ Մարզ․ կյանքում ՀԵԸ անդամները զբաղվում են ֆուտբոլով, բասկետբոլով, վոլեյբոլով, թենիսով, սեղանի թենիսով, շախմատով ու հեծանվավազքով։ Տարբեր թիմեր ու անհատ մարզիկներ, հատկապես Սիրիայում և Լիբանանում, հասել են մեծ հաջողությունների։ ՀԵԸ մեծ դեր է խաղում սփյուռք_հայրենիք կապերի ամրապնդման գործում։ Նրա գործունեությունն արտացոլվում է ՀԲԸՄ-ի և ՀԵԸ-ի հրատարակած այլազան ամսագրերում և հանդեսներում։


«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ», ՀՀ պաշտպանության նախարարության շաբաթաթերթ։ Լույս է տեսնում 1993-ից, Երևանում (առաջին 9 համարը՝ «Զինվոր» անվամբ)։ Խմբագիրներ՝ Գ․Մինասյան, Վ․Իսրայելյան, Մ․Հրաչյան (1999-ից)։ Լուսաբանում է ազգ․ բանակի ստեղծման հիմնախնդիրները, բանակի առօրյան։ «Մատեան հիշատակաց» խորագիրը նվիրված է ազգ․ գոյամարտում զոհված հերոսների հիշատակին։ «Ծուռ նստենք, շիտակ խոսենք» խորագիրն անդրադառնում է բանակում առկա թերություններին և դրանք վերացնելու միջոցառումներին։ Թերթի «Վահագն» ներդիրի նպատակն է հայոց պատմության հերոս․ անցյալը ներկայացնելով՝ կայունացնել հայ զինվորի ոգու արիությունը, ամրապնդել կարգապահ, ուժեղ բանակ ունենալու անհրաժեշտության գիտակցությունը։ Թերթը տպագրում է նաև արվեստին ու գրակ-յանը վերաբերող նյութեր։


«ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔ», Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսնում 1969-ից, Վենետիկում (1947_60-ին՝ «Մխիթարյան ընտանիք», 1960_62-ին՝ «Ընտանիք», 1963-ից՝ դարձյալ «Մխիթարյան ընտանիք»)։ Խմբագիրներ՝ Վ․Հովհաննիսյան, Մ․Ճանաշյան։ Լուսաբանում է Մխիթարյան վարժարանների և սփյուռքահայ դպրոցների առօրյան՝ կարևոր տեղ հատկացնելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը։ Ունի գրակ․, գիտ․ և այլ բաժիններ։


ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԺԿ), լիբերալ կուսակցություն։ Հիմնադրել են հայ կադետները 1917-ի ապրիլի 11-ին, Թիֆլիսում։ 1917-ի սեպտ․ կայացել է ՀԺԿ I համագումարը, որն ընդունել է ծրագիր և կանոնադրություն, ստեղծել կենտր․ բյուրո։ Բյուրոյի նախագահ է ընտրվել Մ․Պապաջանյանը, փոխնախագահներ՝ Հ․Առաքելյանը, Ի․Ամիրյանը, Կ․Ստեփանյանը, քարտուղարներ՝ Ս․Մալխասյանցը և Լ․Դանիելյանը։ Պաշտոնաթերթերն էին «Ժողովրդի ձայնը» (1918_19, Թիֆլիս), «Ժողովուրդը» (1919_20, Երևան)։


ՀԺԿ իրեն հայտարարել է ապադասակարգային, ազգ․ կուս․։ Նրա առաջին ծրագրի սոց․ հարցերը փոխառնված էին ռուս․ կադետների ծրագրից՝ ավելացրած միայն ազգ․ հարցը, ըստ որի, Արլ․ Հայաստանի համար պահանջվում էր ազգ․ տարածքային ինքնավարություն, իսկ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայության համար՝ կուլտուր-ազգ․ ինքնավարություն։ Հայկական հարցը ՀԺԿ համարում էր միջազգ․ հարց, որի լուծումը թողնում էր արևմտահայերին՝ խոստանալով աջակցել նրանց։ ՀԺԿ II համագումարը (1919-ի սեպտ․) ընդունել է նոր ծրագիր, առաջ քաշել «միացյալ և ամբողջական» Հայաստանի ստեղծման խնդիրը։ Միացյալ և ամբողջական Հայաստանի մեջ պետք է մտնեին Արլ․ Հայաստանը, Արմ․ Հայաստանը (վեց նահանգներով), ինչպես նաև Կիլիկիան։ Միացյալ Հայաստանը պետք է լիներ ժողովրդավարական, խորհրդարանական հանրապետություն, պետ․ լեզուն՝ հայ-ը։ Հայաստանից դուրս ապրող հայության համար ՀԺԿ ուժի մեջ էր թողնում կուլտուր-ազգ․ ինքնավարության պահանջը։


ՀԺԿ ողջունել է 1917-ի Փետր․ բուրժուադեմոկրատ․ հեղափոխությունը Ռուսաստանում, պատրաստակամություն հայտնել աջակցել Ժամանակավոր կառավարությանը և հայտարարել, որ ազգ․, սոց․ բոլոր կարևորագույն խնդիրները պետք է թողնել Սահմանադիր ժողովի լուծմանը։ Հայաստանում, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի, Հս․ Կովկասի ու Միջին Ասիայի հայաբնակ վայրերում ՀԺԿ 1917_21-ին ստեղծել է ավելի քան 50 ճյուղ և ենթաճյուղ։ Հայաստանի Հանրապետության 1918-ի օգոստ․ 1-ին բացված խորհրդարանում ՀԺԿ ունեցել է 6 անդամ։ 1918-ի նոյեմբերին ՀԺԿ 4 անդամ մտան ՀՀ կոալիցիոն կառավարության մեջ, սակայն 1919-ի հունիսի 4-ին նրանք Հայաստանը միացյալ և անկախ հանրապետություն հռչակելու (1919-ի մայիսի 28) կապակցությամբ դուրս են եկել կառավարության կազմից։ ՀԺԿ չկարողացավ իր հետևից տանել ժող․ լայն զանգվածներին և հայ իրականության մեջ ազդեցիկ դիրք գրավել։

1921-ի Փետր․ հակախորհրդ․ ապստամբության պարտությունից հետո ՀԺԿ ղեկավարները հեռացել են Հայաստանից։ 1921-ի հոկտեմբերին սահմանա