Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ԺԱՄԱՆԱԿ», հասարակական-քաղաքական և գրական օրաթերթ։ Հրատարակվում է Կ. Պոլսում, 1908-ից (ընդհատումով 1914-22-ին)։ Տնօրեններ և խմբագիրներ Մ. Գոչունյան, Պ. Քեչյան, է. Միմքեշյան, Գ. Խուդավերդյան, Վ. Սայաճյան, Ա. Պողոսյան, Ս. Գոչունյան, Ենովք Արմեն, Արա Գոչ, Բ. Թուղլաճյան։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո՝ Կ. Պոլսի ամենաազդեցիկ օրաթերթը։ Ուշադրության կենտրոնում են եղել Հայկ. հարցն ու Հայ դատը։ Հրապարակել է բազմաթիվ հոդվածներ հայկական հարցի դիվանագիտական պատմության, ֆիդայական շարժման, հայ քաղաքական կուսակցությունների դիրքի և մարտավարության վերաբերյալ։ «ժ.» պահանջել է պատասխանատվության ենթարկել 1909-ի Ադանայի կոտորածի կազմակերպիչներին, եվրոպ. մամուլից արտատպել է այդ բարբարոսությունը մերկացնող հոդվածներ։

Ազգ. ինքնորոշման հարցում ունեցել է չափավոր դիրք, կողմնակից էր Օսմանյան կայսրության կազմում Հայաստանի ինքնավարությանը։ Չի հարել հայ քաղաքական կուսակցություններից որևէ մեկի քաղաքական գործելակերպին։ XX դ. սկզբին քննադատել է թուրք. կուսակցությունների ներքին քաղաքականությունը։ Առաջին աշխարհամարտը սկսվելուց հինգ ամիս առաջ տպագրած հոդվածով հայտնել է, որ Թուրքիան և Գերմանիան համաձայնության են եկել հայերին տեղահանելու և Միջագետք ուղարկելու վերաբերյալ։

Գրականություն

Ագատյան Թ.,«ժամանակ» քառասնամյա հիշատակարան, ԿՊ., 1948։

Ս. Խառատյան

ԺԵԼՏՅԱԿՈՎ Անատոլի Դմիտրիևիչ (1925-1989), ռուս պատմաբան, թուրքագետ։ պատմական գիտական դ-ր։ հիմնական աշխատությունները վերաբերում են Թուրքիայի նոր շրջանի մշակութային և հաս-քաղաքական կյանքի պատմությանը։ Լուսաբանել է թուրք. լծի տակ հեծող ժողովուրդների, այդ թվում հայերի դերը Օսմանյան կայսրության հաս-քաղաքական մտքի զարգացման մեջ։ Նշել է արևմտահայ մամուլի մեծ նշանակությունը՝ իբրև օսմ. հասարակության կյանքի բոլոր ոլորտների պատմության սկզբնաղբյուր։

Երկեր Антифранцуэское восстание в Марате в 1920г., "Ученые записки ЛГУ", No304, Серия восгоковедч. наук. в. 14, 1962; История Просвещения в Турции (конец XVIII-начало XX в.), М., 1965; Печать в общественнополитической и культурной жизни Турции (1729-1908 гг.), М., 1972

Ա. Ստեփանյան

ԺԻՐԱՅՐ (Պոյաճյան Հարություն-Մարտիրոս) (1856, Հաճըն -1894, Յոզղատ), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Մեծն Մուրադի եղբայրը։

Նախն. կրթությունն ստացել է ծննդավայրի Վարդանյան դպրոցում, 1872-74-ին սովորել Կ. Պոլսում։ Վերադառ նալով արևմտյան Հայաստան՝ զբաղվել է ուսուցչությամբ, կիրառել ուսուցման նոր եղանակներ, ներմուծել զինվորական մարզանք։ ժ. քարոզել է ժողովուրդների բարեկամության գաղափարը՝ նշելով, որ Օսմանյան կայսրությունում ճնշված վիճակում են ոչ միայն հայերը, այլև թուրքերը. քրդերը և մյուս ժողովուրդները, կապ է հաստատել թուրք և քուրդ գործիչների հետ, Սինճան գյուղում թուրք, կալվածատիրոջ դեմ հանել հայ և թուրք գյուղացիներին։ Ստեղծել է ֆիդայիների խումբ՝ ժողովրդի շահերը պաշտպանելու և հեղափոխ. շարժում ծավալելու նպատակով։ 1892-ին Փոքր Ասիայի 82 բնակավայրերում փակցվել են Աբդուլ Համիդ ll-ի բռնակալական վարչակարգը տապալելու կոչով թռուցիկներ, որոնք խմբագրել էին Ժ. և Հովհաննես Պահլավունին։ Դա թուրք, իշխանությունների կողմից նոր հալածանքների առիթ է ծառայել, ձերբակալվել են 850 կասկածելի հայեր, որոնցից 56-ը դատապարտվել են (17-ը մահվան, 12-ը՝ ցմահ. 24-ը՝ 10 տարվա բանտարկության)։ Անմեղ մարդկանց փրկելու նպատակով Ժ. հանձնվել է իշխանություններին, որոնք նրան կախաղան են բարձրացրել։

Հ. Պողոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ», հասարակական-քաղաքական և գրական թերթ։ Հայ ժող. կուսակցության (ՀԺԿ) Երևանի կոմիտեի պաշտոնաթերթ։ Լույս է տեսել Երևանում, 1918-20-ին, սկզբում՝ իբրև եռօրյա, 1918-ի հոկտ. 16-ից՝ երկօրյա, 1914-ի նոյեմբ. 1-ից՝ օրաթերթ։ Խմբագիրներ՝ Ե. Հարությունյան, Հ. Ստեփանյան. Կ. Գյուլնազարյան։ Լուսաբանել է ՀԺԿ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ներքին և արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ, հրապարակել կուսակց. ծրագրային փաստաթղթերը, համագումարների նյութերը, տեղեկություններ շրջանային բջիջների գործունեության վերաբերյալ։ Հրապարակել է նաև ՀՀ կառավարական որոշումներն ու փաստաթղթերը, խորհրդարանի նիստերի սղագրական հաշվետվությունները, տեղերից թղթակցություններ Հայաստանի ներքին իրավիճակի մասին։ Անդրադարձել է Անդրկովկասի երեք հանրապետությունների փոխհարաբերություններին, Ռուսաստանում, Թուրքիայում, Եվրոպայի և Մերձ. Արլ-ի տարբեր երկրներում տեղի ունեցող քաղաքական ու ռազմական անցուդարձերին, Փարիզում անցկացվող հաշտության բանակցություններին։ Պարբերաբար հրատարակել է արձակ և չափածո գեղարվեստական գործեր։ Դադարել է լույս տեսնել խորհրդային իշխանության հաստատումից հետո։

Ա Սանջյան (Լիբանան)

ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԱՏՅԱՆԻ ԲԱՆԱՁԵՎ 1984 հայերի ցեղասպանության մասին։ Ատյանը ստեղծվել է 1976-ին, Հռոմում՝ ժողովուրդների ինքնագիտակցության բարձրացմանը աջակցելու, համաշխարհային հասարակայնության կողմից քաղաքական որոշակի խնդիրների ընկալմանը նպաստելու, ժողովուրդներին հանուն իրենց իրավունքների պայքարի ոգեշնչելու նպատակով։ Ատյանը տարբեր երկրների ներկայացուցիչներից բաղկացած հասարակական դատարան է (հայտնի գիտնականներ, իրավաբաններ, լրագրողներ, քաղաքական և հասարակական գործիչներ) և ընդունած որոշումներն ունեն հանձնարարականի բնույթ։