Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1890-1900-ական թթ. Հայաստանի ազգ-քաղաքական կացությունը մթագնվում է։ վարչական ու իրավական սահմանափակումներից սուլթան Աբդուլ Համիդը անցնում է բացահայտ հարձակման։

1894-96-ին թուրք. սատրապները ջարդեր են կազմակերպում Հայաստանի գրեթե բոլոր գավառներում՝ Սասանում, Էրզրումում, Տրապիզոնում, Մարաշում, Սեբաստիայում, Երզնկայում, Վանում. Բաղեշում, Խարբերդում և այլուր, որոնց զոհ են դառնում ավելի քան 300 հգ. հայեր։ Նոր շրջան է թևակոխում ազգ-ազատագրական շարժումը։ Ձևավորվում են ազգ-հեղ. կուսակցություններ, որոնք Թուրքիայի տիրապետությունից արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը հռչակում են որպես ազգային ծրագիր։ Հայոց լեռնաշխարհում հայտնվում է ֆիդային ժող. վրիժառուն, որը անձնազոհության ու հերոսության սխրանքի անկրկնելի դըրվագներ է հյուսում մարդկության բարոյականության պատմության մեջ։ Այս իրադարձությունները որոշակի ուղղություն են տալիս ազգային գազափարաբանությանը. մամուլը և գրակ-ը հագենում են թուրք, բռնությունների մերկացման, հայոց դիմադրական շարժման վավերագրական ու գեղարվեստական պատկերներով, գրակ. մեջ (Լ. Շանթ. Ե. Օտյան, Ա. Ահարոնյան) հայտնվում է հայ հեղափոխականի կերպարը, ֆիդային մի ուրույն երանգ է մտցնում հայ երգի և բանաստեղծության մեջ (Ա. Իսահակյան, Սիամանթո), պոեզիայում հնչում են ռոմանտիկական իղձերի փլուզման և ազգային վշտի արձագանքները (Հ. Թումանյան, Հ. Հովհաննիսյան)։

Արևմտահայ իրականության թեման լայն տեղ է գրավում Վրթանես Փ ա փ ա զ յ ա ն ի (1864-1920) վաղ շրջանի ստեղծագործություններում։ «Պատկերներ թուրքահայերի կյանքից» (1904), «Նամակներ թուրքաց Հայաստանից» (1889) պատմվածքների ու ակնարկների շարքում նա արտացոլում է արևմտահայ իրականության ու ազգային կացության հիվանդագին ջղաձգումներն ու բարոյական անկման աղետները («Ենիչերի», «ճգնավոր Եղո»), թուրք, բռնակալների սանձար ձակությունն ու ավազակային ինքնիշխանությունը («Շահնա», «Արդար դատաստան». «Հաջի աղան»)։

Հայ ազատագրական գաղափարի արտահայտություն է Պերճ Պռոշյանի (1837-1907) «Սկիզբն երկանց» (1892) վեպը։ Առաջադրելով զինված ինքնապաշտպանության ծրագիրը գրողը տալիս է արևմտահայերի տրոհման ու փոշիացման իրողությունը Խիզան գավառի Պեյթում գյուղի ավերման ցնցող պատկերով, Ուրվականի կերպարանք առած թափառական Մուրադի՝ նահապետական տոհմիկ ազնվականության վերջին մոհիկանի կերպարի մեջ խորհրդանշելով մի ամբողջ ժողովրդի կործանումը։

Հայոց եղեռնապատումի սարսուռներով է թաթախված Ավետիս Ահարոնյանի (1866-1948) գեղարվեստական աշխարհը։ Ահարոնյանն իր «Պուտ մը կաթ», «Փշուր մը խաց», «Բաշոն». «Բախտի խաղեր», «Խավարես լուսին», «Դարավոր կաղնին», «Մայրեր» պատկերներում, «Սև օրեր», «Ռաշիդը», «Մրրկի սաբրը», «Կյանքի դասը», «Կույրերը» վիպակներում ներկայացնում է ոչ այնքան թուրք բարբարոսությունների առարկայական գործողությունը, որքան նրանց զոհերի տառապանքն ու ցավը, կորստի մորմոքը, կործանման սարսափի աղեկտուր ճիչը։ Ահարոնյանի պատկերները համաշխարհային գրականություն են բերում միանգամայն անկըրկնելի աշխարհ՝ հայկական իրականությունը, հայոց ճակատագիրը քաղաքակրթության ու բարբարոսության բախման ողբերգական հանգույցում և որպես այդպիսին բացառիկ արժեք են ներկայացնում չարիքի ֆենոմենի, Էթնիկ, գենի մարդաբանական կենսահոգեբ. իմացության տեսակետից։

Ազգ. վշտի, ողբի, հառաչի արձագանքների ոլորտում գրակ. է թափանցում նաև վրեժի թեման։ Վ. Փափագյանի, Ա. Ահարոնյանի, Ռ. Զարդար- յանի և այլոց պատմվածքներում հերոսները անձ. կորստի ու վիրավորված ինքնասիրության և արժանապատվության սրբազան երդումով նահատակության են գնում՝ պատժի ու դատաստանի ենթարկելու թուրք ոճրագործին։

Սուլթան Աբդուլ Համիդի հակահայկական քաղաքականությունը այլևս երկմտության որևէ պատրանք չէր թողնում։ Հայ մտավորականության համար միանգամայն որոշակի է ներկայանում, թե ոչնչացնելու բնազդով արթնացած թուրք, բռնապետությունում ուր է տանում ազգի ճակատագիրը։ Գավառական աշխարհը դառնում է ազգային մտավորականության մտահոգության առարկան, որովհետև հենց այստեղ է ժողովուրդը, և այստեղ են կատարվում ազգային մաքառման գործողությունները։ Ձևավորվում է նոր ուղղություն «գավառի գրականություն» հասկացությամբ։ Թլկատինցու (1860-1915) , Ռուբեն Զարդարյանի (1874-1915), Արտաշես Հարությունյանի (1873-1915) և այլ գրողների գեղարվեստական պատկերներում հայտնաբերվում է մի նոր աշխարհ՝ հինավուրց ու ավանդական, սակայն վերահաս չարիքներից տրոհվող, փոշիացող, անհետացող մի իրականություն, ուր բռնությամբ հափշտակված հայրենի եզերքը օտարվում է, կորցնում իր բնօրրանը, որ գոյության ապաստան էր, ուր չկա անձի ու գույքի ապահովություն, օրենք ու իրավունք, ու լկտի կամայականությունների ու ծաղրուծանակի համատարած մթնոլորտում քայքայվում են բարոյական արժեքները, և ավանդակեցության դարավոր սկըզբունքները տեղի են տալիս լքումի, հեռացման ու ապաշխարանքի համաճարակին։

Հայրենի Ակնից եկող չարագուշակ լուրերի «զարհուրանքով» ձևավորվեցին Սիամանթոյի (Ատոմ Յարճանյան, բանաստեղծական մտապատկերները։ Մղձավանջային տեսիլներում հառնում է հոշոտված ծննդավայրը և զարհուրելի ճիչը փոխակերպում բանաստեղծության՝

«Կոտորած, կոտորած, կոտորած…
Եվ բարբարոսներն ավարով ն. արյունով կը դաոնան…»։