մտահոգություն հայտնեց թուրքերի գազանությունների կապակցությամբ, իսկ պետական դեպարտամենտը ապարդյուն փորձում էր հասնել այն բանին, որպեսզի ամերիկյան հյուպատոսության ներկայացուցիչը ուղեկցի տեղում հետաքննություն անցկացնող հանձնաժողովին։ Այնուհետև ԱՄՆ առաջարկեց նոր հյուպատոսարաններ բացել էրզրումում ու Խարբերդում, որոնք և բացվեցին 1898-ին և 1901-ին՝ հակառակ օսմ. կառավարության և Աբդուլ Համիդ ll-ի դիմադրությանը։ 1894-96-ի հայկական կոտորածների ժամանակ ԱՄՆ-ի կոնգրեսը հավանություն տվեց մի քանի բանաձևերի, որոնք եվրոպական տերություններին կոչ էին անում պաշտպանել հայերին՝ իրենց ստանձնած պայմանագրային պարտավորությունների համաձայն։ ԱՄՆ-ի պրեզիդենտ Գ. Քլիվլենդը պնդում էր, որպեսզի Բեռլինի դաշնագիրը ստորագրած պետությունները լուծեն հայկական հարցը։ Չնայած ԱՄՆ-ում իշխող ուժեղ հակաթուրք. տրամադրություններին, հատկապես 1894- 96-ի հայկական կոտորածներից հետո, հաջորդ ամերիկյան վարչակազմերը շարունակում էին հավատարիմ մնալ Մոնրոյի ուսմունքին։ 1909-ին ամերիկյան մամուլը տպագրեց մի շարք հաշվետվություններ Կիլիկիայում հայերի ջարդերի մասին։
1915- 23-ին, ամերիկացիները, որպես չեզոք երկրի ներկայացուցիչներ, դարձան Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանության վկաներ, նրանց համար ակնհայտ էր այդ հանցագործության կազմակերպված բնույթը։ Ամերիկյան միսիոներների և պաշտոնատար անձանց վկայությունները, հաշվետվությունները շուտով հայտնի դարձան արտասահմանում և վրդովեցին հանրային խիղճը։ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հ. Մորգենթաուից պահանջվում էր պաշտոն, չեզոքություն պահպանել, սակայն նա ջանքեր էր գործադրում Կ. Պոլսի դիվանագիտական կորպուսին դրդելու միջամտել ի պաշտպանություն հայերի։ Նա փորձում էր երիտթուրք. պարագլուխներ էնվերին ու Թալեաթին համոզել, որ նրանց հակահայկ. քայլերը գրգռում են ամերիկյան հանրային կարծիքը, ինչը բացասաբար կազդի թուրք-ամերիկ. հարաբերությունների վրա։ Մորգենթաուն ջանում էր ներազդել նաև Կ. Պոլսի գերմ. դեսպանի վրա։ 1915-ի հուլիսի 10-ին ամերիկյան դեսպանը զեկուցում էր պետական դեպարտամենտին, որ հայերի հալածանքները «աննախադեպ չափեր» են ընդունել, իսկ մի քանի օր անց հայտնում էր, որ «հայ ազգի ոչնչացման» ծրագիրը իրականացվում է ամենայն հետևողականությամբ։ Նա նույնիսկ առաջարկում էր ֆինանսավորել կես միլիոն հայերի վերաբնակեցումը ԱՄՆ, բայց պետական դեպարտամենտը պատասխանել էր, որ դա գործնական չէ։ Սակայն ոչ Մորգենթաուն, ոչ էլ պետական դեպարտամենտը չառաջարկեցին ռազմ, միջամտություն՝ հայկական կոտորածները դադարեցնելու համար։
Անկարող լինելով կասեցնել հայերի տեղահանություններն ու կոտորածները՝ ամերիկացիները փորձում էին օգնության ձեռք պարզել եղեռնից փրկվածներին։ Ազդեցիկ մարդասերներն ու միսիոներները Քլիվլենդ Դոշի և Ջեյմս Բարտոնի գլխավորությամբ կազմեցին Հայ օգնության կոմիտե, որը ավելի ուշ վերակազմավորվեց Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի (Ամերկոմ). այդ կազմակերպությունը նշանակալի օգնություն ցույց տվեց հայերին, հատկապես պատերազմից հետո։
ԱՄՆ-ի Գերմանիայի դեմ պատերազմի մեջ մտնելուց (1917-ի ապրիլ) հետո թուրք, կառավարությունը դիվանագիտական հարաբերությունները խզեց ԱՄՆ-ի հետ, բայց ամերիկյան շատ միսիոներներ, վտանգելով իրենց կյանքը, մնացին Թուրքիայում և շարունակեցին իրնեց աշխատանքը։ ԱՄՆ-ի կառավարությունը որոշեց պատերազմ չհայտարարել Թուրքիային, որը ինչ-որ չափով նպաստավոր եղավ հայերին օգնելու համար, բայց հետագայում քաղաքական լուրջ խոչընդոտ դարձավ Մերձ. Արլ-ի հետպատերազմյան կարգավորմանը ԱՄՆի մասնակցելուն։
Երբ պարտված Օսմանյան կայսրությունը ստորագրեց 1918-ի Մուդրոսի զինադադարը, ամերիկյան շատ նշանավոր գործիչներ պաշտպանեցին հայերի պահանջը, որպեսզի ԱՄՆ ու եվրոպական դաշնակիցները օկուպացնեն արևմտյան Հայաստանը, կանխեն այդ վայրերը մահմեդական գաղթականներով բնակեցնելու թուրք, փորձերը՝ մինչև հաշտության կոնֆերանսը կորոշեր Հայաստանի ապագան։ ԱՄՆ-ի կոնգրեսը ընդունեց նաև բանաձև, որը կոչ էր անում ստեղծել միացյալ հայկական պետություն (Կիլիկիայից մինչև Հայաստանի արևելյան նահանգները)։ Պատերազմից հետո ԱՄՆ-ը հաճախ էր խորհուրդ տալիս եվրոպական դաշնակիցներին, թե ինչ պետք է անել Հայաստանի համար, սակայն ինքը, մարդասիրական օգնությունից զատ, պատասխանատվության որևէ բաժին չէր ստանձնում։ 1919-20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսում պրեզիդենտ Վ. Վիլսոնը քանիցս կարեկցել է հայերին և ցանկություն հայտնել, որպեսզի ամերիկյան կոնգրեսը ստանձնի Հայաստանի խնամակալությունը կամ մանդատը՝ Ազգերի լիգայի հովանու ներքո։ Սակայն Հայաստանի մանդատի հնարավորությունները գնալով նվազել են, քանի որ Թուրքիայի հետպատերազմյան կարգավորման հարցը ձգձգվել է, իսկ եվրոպական տերությունները կատաղի վեճեր են բացել ռազմ, ավարի բաժանման շուրջը (տես Հայաստանի մանդատ 1920). Հետևելով Մոնրոյի ուսմունքին՝ ԱՄՆ-ի սենատը մերժել է Գերմանիայի հետ կնքված Վերսալյան պայմանագիրը, որի հետ նաև՝ Ազգերի լիգային վերաբերող պայմանագիրն ու մանդատների համակարգը։
Անդրկովկասում վերսկսված հայերի կոտորածների և այդ շրջաններից անգլ. զորքերի հետ քաշվելու լուրը ԱՄՆ-ի պետական դեպարտամենտին ու հայամետ շատ կազմակերպությունների դրդեց (1919-ի անշնանը) փորձել համոզել Մեծ Բրիտանիային հետաձգել իր զորքերի դուրս բերումը այնտեղից։ Միաժամանակ Վ. Վիլսոնը Կ. Պոլսի նոր կառավարությանը նախազգուշացրեց, որպեսզի նա կանխի հետագա դժվարությունները հայերի նկատմամբ, այլապես պրեզիդենտը սպառնում էր հետ վերցնել թուրք, գերիշխանությունը Անատոլիայի թուրք, մասերի վրա պահպանելու իր պարտավորությունը։ Սակայն ԱՄՆ-ը սպառնալիքից այն կողմ չանցավ։ 1919-ի սեպտ. սենատում քննարկվեց մի օրինագիծ, որը պրեզիդենտին լիազորում էր Հայաստան ուղարկել զինված ուժեր՝ մինչև