Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

10 հազար կմ2։

Խորհրդ. Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները զարգանում էին խիստ բարդ, հիմնականում դրանք պայմանավորվում էին խորհրդային Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերություններով և հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայում սկսեց ծավալվել քեմալական շարժումը. Ռուսաստանը ձգտում էր կտրել Հայաստանը Անտանտից, միաժամանակ աջակցում էր քեմալական Թուրքիային՝ նրան դիտելով իբր հակաիմպեր. գործոն Մերձ. Արլ-ում։ Ընդ որում լրիվ անտեսվում էր քեմալական Թուրքիայի զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

1919-ին Էրզրումի և Ավագի իրենց կոնգրեսներում քեմալականներն ընդունեցին որոշումներ, որոնց համաձայն Հայաստանին ոչ մի թիզ հող չպետք է զիջվեր։ Հետագայում այդ որոշումները դրվեցին թուրք, պառլամենտի ընդունած «Ազգային ուխտի» հիմքում։ 1920-ի հուլիս-օգոստ. Մոսկվայում հրավիրված առաջին ռուսթուրք. կոնֆերանսում խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց «Ազգային ուխտի» պահանջները։ Այդ էր պատճառը, որ այդ նույն ժամանակ Մոսկվայում խորհրդային կառավարության բանակցությունները Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ (տես Շանթի առաքելություն) ոչ մի արդյունք չտվեցին։ Դրանով է բացատրվում նաև այն. որ 1920-ի օգոստ. 10-ին (Թիֆլիսում) խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կընքված համաձայնագրում խոսվում է միայն արևելյան Հայաստանում ստեղծված պետականությունը ճանաչելու և տարածքային հարցերը կարգավորելու մասին, իսկ արևմտյան Հայաստանի տարածքների ճակատագիրը ընդհանրապես չի քննվել (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖԱՀ միջև 1920-ի օգոստոսի 10)։

1920-ի հոկտ. 28-ին խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունները Երեվանում ստորագրեցին խաղաղության պայմանագրի նախագիծ, համաձայն որի, ճանաչվում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, Թուրքիան իր զորքերը հետ էր քաշում մինչև 1914- ի սահմանները. Զանգեզուրը և Նախիջևանը մնում էին Հայաստանին։ Ընդունվում էր խորհրդային Ռուասաստանի միջնորդությունը արևմտյան Հայաստանի հարցի լուծման գործում։ «Հայաստանի Հանրապետությունը, ասվում էր պայմանագրի նախագծում, ելնելով Թուրքահայաստանում վիճելի տարածքների հարցը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության հետ բարեկամաբար լուծելու մտադրությունից, պատրաստ է ընդունել ՌԽՖՍՀ կառավարության բարեկամական միջնորդությունը այդ խնդիրների լուծման մեջ»։ խորհրդային կառավարության աջակցությանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնում էր, եթե կատարվեին հետևյալ պայմանները, թուրք զորքերը հետ քաշվեին մինչև նախկին ռուս-թուրքական սահմանը. Թուրքիան հրաժարվեր Բրեստ-Լիտովսկի և Բաթումի պայմանագրերից, Թուրքիան անվերապահ ճանաչեր Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Պայմանագիրը ուժի մեջ մտնելու համար պետք է ստանար խորհրդային Ռուսաստանի և խորհրդային Ադրբեջանի կառավարությունների հավանությունը։ 1920-ի հոկտ. 4-ին Բաքվում տեղի ունեցավ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի ԿԿ քաղբյուրոյի համատեղ նիստը, մասնակցում էր նաև Ի. Ստալինը, որը մերժեց պայմանագրի նախագիծը։ Եվ քանի որ նիստին մասնակցում էր Ստալինը՝ ՌԿ(բ)Կ ԿԿ անդամը, պայմանագրի նախագծի մերժումը համարվեց վերջնական և քննարկման չդրվեց Մոսկվայում։

1920-ի աշնանը Հայաստանի պարտությունը թուրք-հայկական պատերազմում արմատապես փոխեց խորհրդային Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Պատերազմում պարտված, փակուղում հայտնված Հայաստանի Հանրապետությանը խորհրդային Ռուսատանի կառավարությունը հարկադրեց 1920-ի դեկտ. 2-ին Երևանում կնքել համաձայ նագիր, ըստ որի, իշխանությունը որոշ պայմաններով անցնում էր բոլշևիկներին, Հայաստանում հաստատվում էին խորհրդային կարգեր (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖԱՀ միջև 1920-ի դեկտեմբերի 2)։ Սակայն իշխանությունը վերցնելուց հետո բոլշևիկները չկատարեցին համաձայնագրով նախատեսված պայմանները։ Համաձայնագրում հայկական հարցը չէր էլ արծարծվում։

1921-ի փետր. 26-ից մարտի 16-ը Մոսկվայում տեղի ունեցավ ռուսթուրք. երկրորդ կոնֆերանսը (տես Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսներ), որը կոչված էր կարգավորելու Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների հարաբերությունները։ Թուրքիայի պահանջով Հայաստանի պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել այդ կոնֆերանսին, որը պետք է քննարկեր հայ ժողովրդի համար խիստ կենսական հարցեր։ Կոնֆերանսի ավարտից հետո, 1921-ի մարտի 16ին, Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր (տես Մոսկվայի պայմանագիր 1921), որով Թուրքիային էին տրվում ոչ միայն արևմտյան Հայաստանի տարածքները, այլև Կարսի մարզը, Սուրմալուի գավառը. Հայաստանից վերցվում և տրվում էին Ադրբ. ԽՍՀ-ին Նախիջևանի գավառը. Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը։ 1921-ի մարտի 16-ի պայմանագրով խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան փաստորեն վերաբաժանեցին Հայաստանի տարածքները։ խորհրդային Ռուսաստանը այդ պայմանագրով պարտավորվում էր «Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց ("Документы внешней политики СССР”, т. 3, с. 602)։

Այսպիսով, առանց խորհրդային Հայաստանի մասնակցության, ըստ էության, հայ ժողովրդի թիկունքում, լուծվեցին