Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րի, հայ և օտարազգի գիտնականների մասին, որոնք հետազոտել են Հայկական հարցի և ցեղասպանության պատմությունը և այլն։ Այս ամենը լրացնում են այն ակնարկային հոդվածները, որոնք նվիրված են հայ և միջազգային պատմագրության մեջ Հայկական հարցի լուսաբանմանը, Մեծ եղեռնի արտացոլմանը հայ և համաշխարհային գրականության ու արվեստի մեջ։

Հիմնախնդրի նման համակողմանի լուսաբանումը կատարվել և ընթերցողին է ներկայացվում առաջին անգամ։ Հանրագիտարանում տեղ գտած հոդվածների մի զգալի մասը ունի հայերեն և օտար լեզուներով մանրամասն մատենագիտություն, որը կարևոր է հատկապես Հայկական հարցը ուսումնասիրող մասնագետի համար։

Որպես հեղինակ հանդես են եկել հանրապետության առաջատար մասնագետները, ինչպես նաև սփյուռքահայ և օտարազգի գիտնական-հայագետներ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Արգենտինայից և այլն։

Հանրագիտարանը պարունակում է շուրջ 900 հոդված, 25 քարտեզ, ավելի քան 400 գունավոր և սև-սպիտակ լուսանկարներ, որոնց մի մասը վավերագրական նշանակություն ունի։ Հանրագիտարանի ներկա հայերեն հրատարակությունը 1991-ին հրատարակված ռուսերեն հատորի սոսկ կրկնությունը չէ։ Հաշվի են առնվել այն դիտողութունները, առաջարկությունները և ճշգրտումները, որոնք արվել են ռուսերեն հրատարակության վերաբերյալ։ Կան լրացումներ, թարմացվել են որոշ տեղեկություններ։

Հանրագիտարանում հոդվածները տեղաբաշխված են այբբենական կարգով։ Ընթերցողի համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ գտնելու խնդիրը դյուրացնելու համար կիրառված է հղումների կարգը (հղումները շարված են շղատառ). Գրքի վերջում տրված են առարկայական ցուցիչ, անձնանունների և տեղանունների ցանկեր, քարտեզների ցուցակ, ինչպես նաև տեքստում և մատենագիտության մեջ ընդունված հիմնական համառոտագրություններն ու հապավումները։

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ