Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նական ձև։ Սակայն, ագրարային ռեֆորմի ձգձգումը, գործազրկությունը և Բեն Բելլայի կողմից սոցիալիստական լոզունգներն ամրապնդող իրական միջոցառումների ժամանակին չիրագործելը զանգվածների մեջ դժգոհություն առաջացրին։ 1965-ի հունիսի 19-ին բանակն իշխանությունից հեռացրեց Բեն Բելլային։ Իշխանությունն անցավ Հեղափոխական խորհրդի ձեռքը՝ պաշտպանության մինիստր գնդապետ Հուարի Բումեդիենի գլխավորությամբ։ Նա կազմեց նոր կառավարություն, որը երկրի զարգացումը տանում է սոցիալիստական ուղիով։ 1963-ին ՍՍՀՄ–ի և Ա–ի միջև կնքվեց տնտեսական և տեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում էր 90 մլն. ռուբլու երկարաժամկետ վարկ՝ Ա–ի ժողովրդական տնտեսության զարգացման համար։ 1964-ի մայիսին կնքված համաձայնագրով ՍՍՀՄ–ը տեխնիկական աջակցություն ցույց տվեց Աննաբայի մետաղագործական գործարանի շինարարությանը՝ տրամադրելով ևս 115 մլն. ռուբլու երկարաժամկետ վարկ։ Սովետական Միությունը Ա–ին օժանդակություն է ցույց տալիս ավելի քան 80 օբյեկտների, այդ թվում մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման գործում։ 1965-ի դեկտեմբերին և 1967-ի հունիս–հուլիսին պաշտոնական այցով Սովետական Միությունում եղավ Ա–ի կառավարության նախագահ Հ. Բումեդիենը, իսկ 1969-ի մարտի վերջերին ապրիլի սկգբներին և 1971-ի հոկտեմբերին, համապատասխանաբար, Ալժիր այցելեցին ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նախագահ Ն. Վ. Պոդգոռնին և ՍՍՀՄ Մինիստրների սովետի նախագահ Ա. Ն. Կոսիգինը։ Այդ փոխայցելությունները նպաստեցին երկու երկրների տնտեսական և քաղաքական համագործակցության ամրապնդմանը։

VI.Քաղաքական կուսակցությունները, արհմիութենական և հասարակական կազմակերպությունները

Ազգային ազատագրության ճակատ կուսակցություն՝ ԱԱՃԿ, կազմավորվել է 1964-ին, ԱԱՃ–ի հիման վրա, որը ստեղծվել էր որպես ազգային անկախության համար ժողովրդի զինված պայքարը ղեկավարող քաղաքական կազմակերպություն։ ԱԱՃԿ համագումարը (1964-ի ապրիլ) սահմանեց, որ իր կուսակցությունը պետք է բաղկացած լինի գերազանցապես գյուղացիներից և բանվորներից։ ԱԱՃԿ 1962-ից Ա–ի կառավարող կուսակցությունն է։

Ալժիրի սոցիալիստական ավանգարդի կուսակցություն՝ ԱՍԱԿ, այս անվամբ հայտնի է 1968-ից։ Կուսակցություն ստեղծելու մասին հայտարարության մեջ ասված է, որ ԱՍԱԿ ալժիրցի աշխատավորների մարքսիստական–լենինյան կուսակցությունն է։

Ալժիրցի աշխատավորների համընդհանուր միություն (ԱԱՀՄ), հիմնադրվել է 1956-ին։ Մտնում է Համաաֆրիկյան արհմիութենական միավորման մեջ։

ԱԱՃ–ի երիտասարդական կազմակերպություն, ստեղծվել է 1963-ին։ Ալժիրցի ուսանողների ազգային միություն, հիմնադրվել է 1955-ին։ Ալժիրցի կանանց ազգային միություն, ստեղծվել է 1963-ին։

Ալժիրում գործում են նաև խաղաղության կողմնակիցների, Աֆրո–ասիական համերաշխության կոմիտեներ, գրողների, լրագրողների միություններ ևն։

VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ

Ընդհանուր բնութագիրը։ Ա. ագրարային երկիր է՝ զարգացող արդյունաբերությամբ (հատկապես՝ լեռնարդյունահանող)։ Աֆրիկայում Ա. առաջին տեղն է գրավում գազի հանույթով, խաղողի և գինու արտադրությամբ, երկրորդ տեղը՝ նավթի արդյունահանմամբ, ցորենի, գարու և ձիթապտղի յուղի արտադրությամբ, երրորդ տեղը՝ ցիտրուսայինների բերքով։ Ա–ի տնտեսության կառուցվածքը ձևավորվել է ֆրանսիական մոնոպոլիստական կապիտալի երկարատև ներգործությամբ։ Անկախություն նվաճելուց հետո Ա–ի կառավարությունը ձեռնամուխ եղավ 7-ամյա պատերազմի (1954–62) հետևանքների վերացմանը և ազգային տնտեսության ստեղծմանը։ Բռնագրավվել են օտարերկրացիների հողերը, ազգայնացվել են արդյունաբերական ու առևտրական մի շարք ձեռնարկություններ և տրանսպորտը։ Ստեղծվել են ինքնակառավարվող տնտեսություններ և պետական ձեռնարկություններ (տնտեսության հանրային սեկտոր)։ Ընդունվել է գյուղատնտեսության ինդուստրացման ու արդիականացման, հետամնաց շրջանների զարգացման ծրագիր, մշակվել է ազգային առաջին 7-ամյա (1967–73) պլանը։

Գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսական հողերը, ներառյալ անտառային հանդակները, կազմում են 44,2 մլն. հա (տերիտորիայի 19%-ը), որից 7–10 մլն. հա՝ մշակովի (հիմնականում՝ Հյուսիսային Ա–ում)։ Եվրոպացի գաղութաբնակների հողերում ինքնակառավարման կոմիտեների գլխավորությամբ ստեղծվեցին կոլեկտիվ տնտեսություններ։

Երկրագործությունը տալիս է Ա–ի գյուղատնտեսական ամբողջ արտադրանքի մոտ 3/4-ը։ Ցանքատարածությունների 85%-ը հատկացված է հացահատիկային կուլտուրաներին (ցորեն, գարի, վարսակ, եգիպտացորեն, սորգո, բրինձ)։ Կարևոր նշանակություն ունեն այգեգործությունն ու գինեգործությունը։ Զգալի դեր է խաղում նաև ցիտրուսների (հատկապես նարնջի) արտադրությունը (341 հզ. տ, 1966)։ Հին է ձիթենու մշակությունը, հատկապես Քաբիլիայում (140 հզ. տ ձիթապտուղ, 1966)։ Սահարայի օազիսներում աճեցնում են փյունիկյան արմավենի (110 հզ. տ արմավ, 1966), ծովափնյա մեծ քաղաքների մոտ՝ վաղահաս բանջարեղեն։ Տեխնիկական կուլտուրաներից մշակվում է ծխախոտ։

Անասնապահությունն ունի էքստենսիվ բնույթ։ Ներքին շրջաններում, հատկապես Սահարայում, այն հաճախ քոչվորների և կիսաքոչվորների գոյության հիմնական և նույնիսկ միակ աղբյուրն է։ Անտառներն ու թփուտները (3 մլն. հա) հիմնականում պահպանվել են Թել–Ատլասի լեոներում։ Տնտեսական մեծ նշանակություն ունի խցանակաղնին (տարեկան մթերում են 300–600 հզ. ց խցանի հումք՝ 3-րդ տեղը աշխարհում), կիսաանապատային շրջաններում՝ փետրախոտը (մոտ 4 մլն. հա տարածություն, տարեկան հավաքում են 90–100 հզ. տ՝ 1-ին տեղը աշխարհում), որից պատրաստում են լավագույն տեսակի թուղթ, ցելյուլոզ, հյուսկեն իրեր։

Արդյունաբերությունը։ Ղեկավարող դերը արդյունաբերության մեջ պատկանում է պետական սեկտորին։ Լեռնարդյունահանող արդյունաբերությունը և էներգետիկան տալիս են Ա–ի արդյունաբերական համախառն արտադըրանքի 1/3-ից ավելին։ Առաջատարը նավթագազային արդյունահանությունն է։ Նավթի պաշարները հաշվվում են մոտ 1 մլրդ. տ, գազինը՝ մոտ 3000 մլրդ. մ³։ 1968-ին արդյունահանվել է 42,5 մլն. տ նավթ։ Գլխավոր հանքավայրերն են՝ Հասսի–Մեսաուդ, Գասսի–Թուիլ, Գուրդ–Էլ–Բագել, Զարզաիթին, Էջելե, Թին–Ֆուե։ Հում նավթի 80%-ից ավելին արդյունահանվում է ֆրանսիական երկու և ալժիրյան մեկ խառն ընկերությունների կողմից։ Նավթամուղներով նավթը փոխադրվում է միջերկրածովյան նավահանգիստները և արտահանվում (70%-ը՝ Ֆրանսիա)։ Գլխավոր հանքավայրը Հասսի՚Ռմելն է (տալիս է գազի ամբողջ հանույթի 9/10-ը)։ Մեթանը գազամուղներով փոխադրվում է ծովափ, մեծ մասը հեղուկացվում Արզևի գործարանում և արտահանվում հիմնականում Անգլիա ու Ֆրանսիա։ Հանքային արդյունաբերությունը կենտրոնացած է Հյուսիսային Ա–ում։ Առաջին տեղը գրավում է երկաթի հանքաքարի հանույթը (1570 հզ. տ, ըստ մետաղի պարունակության, 1968), որը հիմնականում արտահանվում է։ Խոշորագույն հանքավայրն է Ուենզան։ Կարևոր է կապար–ցինկի հանույթը (Ուեդ–Զունդեր)։ Էլ–Կուիֆի հան–