Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շաբաթաթերթը (1963-ից)՝ ԱԱՃ կուսակցության օրգանը, «Ռևոլյուսիոն Աֆրիկեն» («Révolution Africaine», 1963-ից) ֆրանսերեն շաբաթաթերթը՝ ԱԱՃ կուսակցության օրգանը, «Էլ Ջեյշ» («El Djeich», 1963-ից) ֆրանսերեն ամսագիրը (լույս է տեսնում նաև արաբերեն)՝ Ա–ի Ազգային ժողովրդական բանակի քաղվարչության օրգանը, «Ռևոլյուսիոն է տրավայ» («Révolution et Travail») ֆրանսերեն երկշաբաթաթերթը՝ ԱԱՀՄ օրգանը, «Ալժերի–Ակտյուալիտե» («Algérie-Actualité») ֆրանսերեն կիրակնօրյա թերթը։

ԱԺԴՀ պաշտոնական ինֆորմացիոն գործակալությունը՝ «Ալժիրի պրես–սերվիսը», ստեղծվել է 1962-ին։ Ռադիոհաղորդումները (ռադիոկենտրոններն են Ալժիրը և Կոնստանտինան) տրվում են 3 ծրագրով՝ արաբերեն, քաբիլերեն և ֆրանսերեն, հեռուստատեսայինը (Ալժիրի հեռուստակենտրոն)՝ մեկ ծրագրով, արաբերեն և ֆրանսերեն։

XII. Գրականությունը

Ա–ի գրականությունը արաբերեն, քաբիլերեն և ֆրանսերեն է։ Միջնադարյան բանաստեղծներից նշանավոր է Իբն Խանին։ XIX դ. մայրենի լեզվով հայրենասիրություն են քարոզել Աբդ Էլ–Կադիրը (1808-83), Սի Մոխանդը (1840–1906) և այլ բանաստեղծներ։ XX դ. արաբալեզու ճանաչված դեմքերից են լուսավորիչներ Աբու ալ–Յակդանը, Բաշիր Բրահիմին, քնարերգուներ՝ Մուհամմեդ ալ–Աիդը, Մուհամմեդ ալ–Լաքքանին, Ահմեդ Քաթիբը և ուրիշներ։ 1962-ից Ա–ի ֆրանսալեզու գրականության մեջ իշխող է դարձել ազգային–ազատագրական շարժման թեմատիկան (Նորդին Թիդաֆիի, Ժան Սենակի, Մեսսաուր Բուլանուարի ստեղծագործություններում)։ Անրի Ալլ'եդը բանտում գրել է համաշխարհային հռչակ վայելող «Հարցաքննություն տանջանքի միջոցով» (1958) գիրքը, որտեղ մերկացրել է ֆրանսիական գաղութարարներին։ 1963-ի հոկտեմբերի 28-ին կազմակերպվել է Ա–ի գրողների միությունը։ 1964-ի մայիսից հրատարակվում է «Նովամբր» («Novembre») գրական հանդեսը։

XIII.Ճարտարապետությունը և կերպարվեստը

Ճարտարապետությունը։ Ա–ի ծովափնյա շրջաններում պահպանվել են փյունիկյան, հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջանների քաղաքների (Գիպպոն, Շերշել, Կարտենա, Թիմգադ, Ջեմիլա, Կոնստանտինա են) մնացորդներ, տաճարների, թատրոնների, հաղթակամարների, բաղնիքների, բնակելի տների, բազիլիկների, ջրանցույցների, ամրոցների ավերակներ։

Միջին դարերում Ա–ի նեղ փողոցներով քաղաքները շրջապատված էին պարիսպներով, ունեին միջնաբերդեր, բազմաթիվ մզկիթներ, բաղնիքներ, շուկաներ, պալատներ։ X դ. կառուցվել է Ալժիր քաղաքը, XII–XIII դդ.՝ Թլեմսենը (պահպանվել են Հյուսիսային Աֆրիկային բնորոշ պայտաձև կամարներով մզկիթներ, քառակուսի հատակագծով աշտարակինարեթներ)։ XVI–XVIII դարերից Ալժիր և Կոնստանտինա քաղաքներում պահպանվել են թուրքական փոխարքաների հարուստ պալատներն ու վիլլաները, որոնք ներկայումս վերածվել են գրադարանների, թանգարանների ևն։ Քաղաքի հին տները հիմնականում 2–3 հարկանի են՝ հարթ տանիքներով և Փակ բակերով։ Գյուղերում տները կավաշեն են, մեծ մասամբ՝ հարթ տանիքներով։ 1930-ական թթ. Ալժիր, Օրան, Բեջաիա (Բուժի) և այլ քաղաքներում կառուցվում են բազմահարկ բնակելի, վարչական տներ, առանձնատներ ևն, հիմնականում՝ ֆրանսիական ճարտարապետների նախագծերով։

Կերպարվեստը։ Ա–ի տերիտորիայում պահպանվել են նեոլիթի շրջանի բարձրարվեստ ժայռապատկերներ, հունա–հռոմեական քանդակներ, դիցաբանական և կենցաղային թեմաներով խճանկարներ։ Կիրառական արվեստի ժողովրդական վարպետները հնուց զբաղվել են մետաղի գեղարվեստական մշակումով, ոսկերչությամբ, գորգագործությամբ, ասեղնագործությամբ, խեցեգործությամբ։ XIX դ. և XX դ․ սկզբին Ա–ում ստեղծագործել են ֆրանսիական կերպարվեստագետները։ 1920–30-ական թթ. հանդես են եկել տեղական նկարիչներ Մուհամմեդ և Օմար Ռասիմ եղբայրները, Թեմամ Ռանեմը։ Ժողովրդի կյանքը, ազատագրական պայքարը պատկերող ռեալիստական ուղղության գեղանկարիչներից ու գրաֆիկներից են Հ. Բենանբուրը, Բ. Ելլեսը, Մ. Բուզիդը, Մ. Իսսիահենը, Ի. Սամսոմը, նկարչուհի–դեկորատիվիստ Բայիան, քանդակագործ Մ. Ադդանը։ Ալժիր քաղաքում գործում է ճարտարապետության և գեղե–